Մտքի ուժը

Հայ գիտնականներն ուսումնասիրում են վահանաձև գեղձի թերֆունկցիայի ու Ալցհայմերի հիվանդության միջև կապը. «Մտքի ուժը»

Կարող է արդյո՞ք վահանաձև գեղձի թերֆունկցիայի ու Ալցհայմերի հիվանդության միջև կապ լինի։ Հարցի պատասխանը փնտրում են Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները։

«Ալցհայմերի հիվանդությունն ուղեղի խանգարում է, որը դանդաղորեն ոչնչացնում է հիշողության և մտածողության հմտությունները և, ի վերջո, ամենապարզ առաջադրանքները կատարելու ունակությունը։

Հիվանդությունը կոչվում է այն հայտնաբերողի՝ գերմանացի Ալցհայմերի անունով։ Առաջին ախտանշաններից է հիշողության կորուստը: Սկզբում վնասվում է կարճատև հիշողությունը. հիվանդը չի հիշում՝ երեկ ինչ է արել։ Թուլամտության դեպքերի 60-70%-ի պատճառը Ալցհայմերի հիվանդությունն է։ Ամենահաճախ հանդիպող վաղ ախտանիշը վերջին իրադարձությունները հիշելու դժվարացումն է՝ կարճաժամկետ հիշողության աստիճանաբար զարգացող քայքայումը։ 

Հիվանդության առաջընթացին զուգահեռ կարող են դիտվել խոսքի խանգարումներ, տեղանքում կողմնորոշվելու դժվարություններ (հաճախ են կորչում), տրամադրության տատանումներ, մոտիվացիայի կորուստ, սեփական խնամքով զբաղվելու անկարողություն և վարքային փոփոխություններ։

Կորցնելով նախկին «ես»-ի մասին պատկերացումները՝ այս մարդիկ հաճախ են մեկուսանում ընտանիքից և հասարակությունից։ Աստիճանաբար տուժում են տարբեր օրգանների ֆունկցիաները, որն էլ հանգեցնում է մահվան։ Չնայած պրոգրեսիային՝ արագությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր է, բայց եթե ախտորոշվել է Ալցհայմերի հիվանդություն, կյանքի սպասվող միջին տևողությունը 3-9 տարի է։

Վահանաձև գեղձը ներզատական (էնդոկրին) օրգան է, որը տեղակայված է պարանոցի վրա, կոկորդի հիմքի մոտ։ Այս գեղձն արտադրում է հորմոններ, որոնք կարգավորում են օրգանիզմի նյութափոխանակության տարբեր կարևորագույն օղակները։ Մասնավորապես, վահանաձև գեղձն իր հորմոնների միջոցով մասնակցում է սրտանոթային համակարգի գործունեությանը, մարմնի ջերմաստիճանի և զանգվածի կարգավորմանը։ Երկու հիվանդությունների միջև կապի որոնումը պատահական չէ․ ֆիզիոլոգիայի ինստիտուտի զգայաշարժ ինտեգրացիայի լաբորատորիայի գիաշխատող  Լիլիթ Դարբինյանը պատմում է.    

«Հայտնի է, որ վահանաձև գեղձի թերֆունկցիան նաև հիշողության վրա է ազդում։ Ալցհայմերի հիվանդությունը նույնպես զարգանում է հիշողության աստիճանական կորստով։ Փորձում ենք դրանց կապը գտնել»։  

Գիտական այս խմբում տարբեր դեղամիջոցներ են փորձելու՝ առանձին -առանձին, նաև համակցված՝ հասկանալու համար, թե ինչ ազդեցություն կունենան վերջինները տվյալ հիվանդության վրա։ Փորձարկումները կանեն առնետների վրա։ Դա ապահովում է Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը։ Հենց առնետների վրա էլ կհետազոտեն միկրոանոթային հունի փոփոխությոնները գլխուղեղում և այն, թե դեղամիջոցներն ինչպիսի ազդեցություն կունենան։

Ուսումնասիրություն կկատարեն նաև ուղեղի կարևորագույն կենտրոններից մեկից՝ հիպոֆիզից։ Այն մարդու հորմոնային համակարգի կենտրոնական օղակներից մեկն է։ Չնայած իր փոքր չափսին, մակուղեղն արտադրում է բազմաթիվ հորմոններ, որոնց մի մասն ուղղակիորեն ազդում է օրգանիզմի վրա, իսկ մյուսները հսկում են ներզատական այլ գեղձերի կողմից հորմոնների արտադրությունը։ Այստեղ նաև թիրոիդ խթանող հորմոններն են սինթեզվում։ Գիտնականները չափումներ ու մորֆոլոգիական հաշվումներ կկատարեն՝ տեսնելով, թե ինչպես է փոխվում գլխուղեղի անոթների տրամագիծը։ Հետազոտությունը կատարելու են գիտության կոմտեի տրամադրած դրամաշնորհի միջոցով։

10 մլն դրամով սարք-սարքավորումներ ձեռք կբերեն, գործուղման կմեկնեն, աշխատավարձ կստանան ու հետազոտություն կանեն՝ մոտ երկու տարի։ Գիտնականների այսպես ասենք աշխատանքային հիմնական գործքիները կշեռքները, մանրադիտակ, վարքային, էլեկտրաֆիզիոլոգիական սարքերն են։ Կոմիտեի տրամադրած գումարի մի մասը կուղղեն նյութերի ձեռքբերմանը։ Ընդհանրապես երիտասարդ գիտնականների ֆինանսական միջոցները սուղ են, գրանցած հաջողությունները՝ անչափելի շատ։

Հայ գիտնականների հոդվածները ոչ միայն միջազգային հեղինակավոր ամսագրեերում են տպագրվում, այլ նաև հեղինակավոր գիտնականենրի կողմից պարբերաբար հղումների են արժանանում՝ ասում է Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի նեյրոէնդոկրին  փոխհարաբերությունների լաբորատորիայի ավագ գիտաշխատող Կարեն Սիմոնյանը։   

Եթե կա նվիրում ու սեր գիտության նկատմամբ, ապա գիտական հետազոտություններն արվում են՝ անկախ ֆինանսավորման չափից, արձանագրում են գիտնականները։

Back to top button