Ժամանակի վկան

«Հայի թոռից» ու «կանաչ մարդկանցից» մինչև արդի հայ-իսպանական կապեր․ Արարատ Ղուկասյան․ «Ժամանակի վկան»

 Բասկերի հայկական ծագման, հայ-բասկական և հայ-իսպանական պատմական առնչությունների, էթնիկ և մշակութային նմանությունների ու ընդհանրությունների, Իսպանիայում համեմատաբար երիտասարդ հայկական համայնքի, «Արարատ» մշակութային միության, «Հայրենիք» թերթի, կիրակնօրյա հայկական դպրոցի, համայնքային հասարակական-քաղաքական  գործունեության և այլ հետաքրքիր իրողությունների ու նախաձեռնությունների մասին զրուցել եմ Իսպանիայի «Արարատ» հայկական միության նախագահ, հասարակական գործիչ, պատմաբան, հրապարակախոս, բանաստեղծ Արարատ Ղուկասյանի հետ։

Հայ-բասկական պատմական առնչությունները դարերի պատմություն ունեն։ Իրենց հայկական ծագման մասին վկայում են հենց իրենք՝ բասկերը, վկայակոչելով փաստական տվյալները և տեղանվանական ընդհանրությունները։

Բասկերենի և հայերենի միջև կան բազմաթիվ իմաստային, հնչյունական ու այլ քերականական նմանություններ։

Իսպանիայում հայերի բնակության մասին տեղեկություններ կան դեռևս 16-րդ դարից: Մի քանի հայ վաճառական ընտանիքներ հաստատվել էին երկրի հարավային Կադիս քաղաքում։ Պատմաբանի հետաքրքրությամբ Արարատ Ղուկասյանն այս տարիների ընթացքում անընդհատ ուսումնասիրել է իսպանական, բասկական աղբյուրները՝ որպեսզի ավելի խորությամբ բացահայտի Հայկական լեռնաշխարհի և Պիրենեյան թերակղզու միջև պատմական առնչությունները։

Իսպանիայի թագավորական ակադեմիայի անդամ, բասկագետ, լեզվաբան, թարգմանիչ,  բանասեր Վահան Սարգսյանը կենդանության օրոք հսկայական աշխատանք կատարեց բասկագիտության ոլորտում։ ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնը ղեկավարելու տարիներին Վահան Սարգսյանը բավականին խորությամբ զարգացնում էր բասկագիտության ոլորտը։

Իսպանիայում դասական կամ ավանդական իմաստով հայկական համայնք գոյություն չունի, այսինքն՝ հայոց ցեղասպանությունից հետո այնտեղ հայեր գրեթե չեն հաստատվել։ Դեռևս 1980-ականներին Միջին Արևելքից և Իրանի Իսլամական Հանրապետությունից շատ քիչ թվով հայ ընտանիքներ հաստատվել են Իսպանիայում։ Առայժմ համայնքային հիմնական կառույցները կայացման փուլում են, չկա նաև հայագիտական ուսումնասիրությունների կենտրոն։

Իսպանիայի «Արարատ» հայկական միությունը հիմնադրվել է 2004 թվականի սեպտեմբերի 1-ին։ Բացի մշակութային բուռն գործունեությունից կազմակերպությունը իրականացրել է բազմաթիվ հայանպաստ քաղաքական-հասարակական  ծրագրեր, հիմնել ներհամայնքային կյանքի հաստատություններ։

Վալենսիայի կիրակնօրյա հայկական դպրոցը հիմնադրվել և գործում է Միսլատա քաղաքում 2004 թվականից։ Դպրոցում ուսուցումն արևելահայերենով է։

Որպես Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակության մաս՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Իսպանիայում պաշտոնապես առաքելություն է իրականացնում 2009 թվականից։ Հոգևոր հովվի նստավայրը Մադրիդում է:

Մայր Հայաստանի հետ կապը հատկապես սերտ էր Սփյուռքի նախարարության գործելու շրջանում։ «Արարատ» հայկական միությունը շարունակում է ջանքերը երկկողմանի միջմշակութային կապերը զարգացնելու ուղղությամբ։

2008 թվականի հոկտեմբերի 26-ից Վալենսիայում արևելահայերեն և իսպաներեն հրատարակվում է «Հայրենիք» շաբաթաթերթը։

Արարատ Ղուկասյանը հիշատակեց նաև Իսպանիայում հայտնի հայերին, որոնք բարձր են պահում հայի անունն ամենուր։

Ղուկասյան ընտանիքը ծագումով Արցախի Գարդման աշխարհի Լղարակ, ապա Բադա անվանված գյուղից է։ Առաջին անգամ 1620 թվականով թվագրվող տեղեկությամբ Լղարակը հիշատակված է որպես գրչօջախ։ 1969 թ․ Ղուկասյանները տեղափոխվեցին Խորհրդային Հայաստան՝ Հրազդան քաղաք։ Եղբայրներից երկուսը՝ Ռոբերտը և Արթուրը, եղել են Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներ։ Ցավոք, 90-ականներին Գարդմանքի հայկական բնակավայրերը հայաթափվեցին՝ այդ թվում և Բադա գյուղը։

Հաղորդման սկզբում և վերջում հնչած հատվածները Արարատ Ղուկասյանի «Փնտրտուքների ճանապարհին» բանաստեղծական ժողովածուից էին՝ հեղինակի ընթերցմամբ։

Back to top button