Վերնատուն

Վերականգնողները համակարգված լուծումներ են պահանջում․ «Վերնատուն»

Ազգային պատկերասրահի նկարիչ վերականգնող Արտաշես Աբրահամյանը և «Պատմամշակութային արգելոց- թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ- ի լաբարատորիայի վարիչ Տիգրան Զաքյանը խոսում են վերականգնողի դերի և գործառույթների, ցուցանմուշների վերականգնման ու պահպանման գործընթացների և պետական հոգածության կարևորության մասին։

Վերականգնողը երկրորդ կյանք է տալիս պատմամշակութային նյութական ժառանգությանը և համալիր մոտեցում է պահանջում, որով զբաղվում են թանգարանները։ Վերականգնող նկարիչները, խոսելով ցուցանմուշների հետ իրենց աշխատանքի մասին, նշում են, որ առարկաները մշտական խնամքի ու պահպանության կարիք ունեն, որոշ առարկաներ առանձնահատուկ վերաբերմունք են պահանջում, երկարատև և համբերատար աշխատանք՝ ֆոնդապահոցից մինչև վերականգնում, իսկ վերականգնված նմուշը ֆոնդապահոցում արդեն այլ մոտեցումներ է պահանջում։

Ոլորտը պատասխանատու և պետական հոգածություն է պահանջում՝ մասնագետների վերապատրաստման, պայմանների բարելավման ու աշխատավարձերի վերանայման հետ կապված, որպեսզի արհեստավարժ վերականգնողները այլ աշխատանք չփնտրեն։ Հայաստանում, ի տարբերություն այլ երկրների, վերականգնողի մասնագիտական դպրոցներ չկան։

Վերականգնողները մասնագիտանում և արհեստավարժ են դառնում տարիների ընթացքում՝ աշխատելով և հմտանալով հենց թանգարանների ներսում։ Ոլորտին համակարգային մոտեցումներ է պետք՝ ասում են նկարիչները։ Առաջարկում են ատեստացիոն հանձնաժողովներ ստեղծել, նախաձեռնել են հիմնել «Վերականգնողի ասոցիացիա», որը կպաշտպանի իրենց իրավունքները։

Back to top button