Մոռացված ֆիլմերի ստվերները

Խաչված ճակատագրեր՝ «Խաչմերուկ» ֆիլմում.«Մոռացված ֆիլմերի ստվերները»

Անցյալ դարի 70-ականների առաջին կեսին կինոռեժիսոր Կարեն Գևորգյանը «Հայֆիլմում» նկարահանում էր իր առաջին լիամետրաժ «Խաչմերուկ» ֆիլմը։ Ֆիլմի առաջին դիտմանը հաջորդեց բուռն բանավեճ։ Կարեն Գևոգյանին մեղադրեցին գրական հայերենի աղավաղման մեջ։

Կինոռեժիսոր Կարեն Գևորգյանը սկզբում օպերատոր էր։ Համամիութենական կինոինստիտուտի՝ ՎԳԻԿ-ի Բորիս Վոլչեկի ղերավարությամբ օպերատորական ֆակուլտետն ավարտեց 60-ականների ամենասկզբին, իսկ դրանից հետո վերադարձացավ Հայաստան և իր գործունեությունը սկսեց որպես օպերատոր։

Կինոռեժիսոր Դմիտրի Կեսայանցի «Տերն ու ծառան» ֆիլմում փայլուն օպերատորական աշխատանքով հանդես գալը չբավարարեց նրան։ Նա հասկացավ, որ պետք է առաջ շարժվել և ավելի խորանալ ընտրած մասնագիտության մեջ։ Որոշ ժամանակ անց Կարեն Գևորգյանը վերադարձավ Մոսկվա՝ այս անգամ արդեն Մոսկվայի բարձրագույն ռեժիսորական դասընթացներ անցնելու համար։

Լեոնիդ Տրաուբերգի արվեստանոցում բարձրագույն ռեժիսորական դասընթացներն ավարտելուց հետո, Կարեն Գևորգյանը որպես կինոռեժիսոր աշխատանքի ընդունվեց «Հայֆիլմ» կինոստուդիայում։ Կինոգետ Միքայել Ստամբոլցյանը Կարեն Գևորգյանի՝ «Հայֆիլմում» նկարհանած գրեթե բոլոր ֆիլմերի խմբագիրն է և նշում է, որ կինոաշխարհի բնակիչներից բացի հազիվ թե գտնվի մեկը, որ տեսած լինի Կարեն Գևորգյանի բոլոր ֆիլմերը։ 

Միքայել Ստամբոլցյան

«Ցավոք սրտի տարիներ շարունակ երկու-երեք կինոռեժիսորի անուն է շրջանառվում և անընդհատ նրանց ֆիլմերն են ցուցադրվում։ Այնինչ նրանցից բացի հայ կինոյի պատմության մեջ եղել են ու կան շատ հետաքրքիր մտածողությամբ ռեժիսորներ և Կարեն Գևորգյանը նրանցից մեկն է»,— ասում է Միքայել Ստամբոլցյանը։

Իտալական նեոռեալիզմի ոճով նկարահանված «Խաչմերուկ» ֆիլմում կինոռեժիսոր Կարեն Գևորգյանը փորձել է ճշգրտորեն ներկայացնել 70-ականների աշխատավոր մարդու կյանքը՝ իր բոլոր խնդիրներով, հոգսերով ու կենցաղային դրսևորումներով։ Պարզ, ուղղագիծ սյուժե, ոչ պրոֆեսիոնալ դերասաններ, որոնք իրենք իրենց են խաղում։

«Իտալական նեռոալիզմի ոճում ֆիլմ նկարահանելը նշանակում էր, որ սյուժեն անպայման պետք է վերցված լիներ կյանքից, այսինքն իրական դեպքի հիման վրա գրված լիներ և հաջորդ, այսպես ասած, նախապայմանն այն էր, որ պրոֆեսիոնալ դերասանների կողքին հանդես էին գալիս նաև ոչ պրոֆեսիոնալները։ Իմ կարծիքով հայ կինոյի պատմության մեջ այդ ոճում նկարահանված շատ քիչ ֆիլմեր կան»,- նշում է Կարեն Գևորգյանը:

Կարեն Գևորգյան

Ֆիլմի նկարահանումներն ավարտվեցին 1974 թվականին, մեկ տարի անց Կինոյի տան դահլիճում տեղի ունացավ «Խաչմերուկ» կինոնկարի երևանյան պրեմիերան։ 1976 թվականին ֆիլմը հնարավորություն ստացավ մտնել վարձույթ։ Հատկանշական է, որ այս ֆիլմը բազմաթիվ մրցանակների արժանացավ։ Հայկական շատ քիչ ֆիլմեր կան, որոնք միջազգային փառատոների են մասնակցել և պատվավոր մրցանակների են արժանացել, իսկ «Խաչմերուկ» ֆիլմն այդ քիչ ֆիլմերից մեկն է։

1978 թվականին Մանհելմի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե կինոդուկատ» գլխավոր մրցանակին, իսկ Կիևի «Երիտասարդություն» միութենական փառատոնի շրջանակներում ֆիլմին տրվել է միանգամից երկու կինոմրցանակ, որոնցից մեկը՝ Ուկրաինայի պետկինոյի մրցանակը ֆիլմին շնորհվել է լավագույն ռեժիսորական աշխատանք անվանակարգում։ Բայց, չնայած այս ամենին, ինչպես նշում է Զավեն Բոյաջյանը, ֆիլմն անարդացիորեն մոռացության մատնվեց։

Զավեն Բոյաջյան

«Ես շատ ցավում եմ, որ նման ֆիլմը դատապարտված է մոռացության։ Պետք է փաստեմ, որ շատերն այսօր չգիտեն այս ֆիլմի գոյության մասին։ Եվ այդ ամենով հանդերձ, այս կիոնոնկարը շատ մեծ հետաքրքությամբ դիտվող ֆիլմերի շարքին է պատկանում, որովհետև այն ամենն ինչ նոր էր, ուշագրավ էր ու հետաքրքիր էր այն տարիներին, հավատացեք մինչև օրս էլ արդիական է»,— այսպես է բնութագրում «Խաչմերուկ» ֆիլմը Զավեն Բոյաջյանը և ավելացնում, որ հայկական կինոյի ժառանգության մասին մենք դատում ենք որոշակի ֆիլմերով, մինչդեռ հայկական կինոն շատ ավելի ներկայանալի է։

Հայ կինոյի պատմության մեջ նեոռեալիզմի ոճով նկարահանված «Խաչմերուկ» ֆիլմի գոյության մասին այսօր գիտեն կինոյի հետ մասնագիտորեն առնչվող անձինք, որովհետև տևական ժամանակ է, ինչ «Խաչմերուկը» չի ցուցադրվում հեռուստատեսությամբ։ Այն այսօր հասանելի է համացանցում։ Բայց գուցե կգա մի օր, երբ կինոյի ոլորտի պատասխանատուները կհիշեն այս ֆիլմի գոյության մասին։

Back to top button