Վերնատուն

Գրախանութը՝ ոչ միայն առք ու վաճառքի կետ այլև մշակութային տարածք․ «Վերնատուն»

Օրեր առաջ համացանցում բողոքի ալիք բարձրացավ «ընդդեմ գրախանութների»․ հեղինակներն ու հրատարակիչները դժգոհում էին, որ ժամանակակից հայ հեղինակների գրքերը պատշաճ կերպով չեն ներկայացվում գրախանութներում։

Ինչպե՞ս են ներկայացվում գրքերը գրախանութներում, ո՞րն է գրախանութների գործառույթը, և ի՞նչ է ակնկալվում դրանցից։ «Բուկինսիտ» ընկերության հիմնադիր տնօրեն Խաչիկ Վարդանյանն ասում է, որ իրենք գրաքննություն չեն անցկացնում, և իրենց խանութը վերցնում է բոլոր առաջարկվող գրքերը՝ երբեմն լավ իմանալով, որ այդ գրքերը չեն վաճառվելու։

«Մենք գրաքննիչ չենք, պայմանագրում կետ ունենք․ 3 ամսում եթե 1 օրինակ չի վաճառվում, հեղինակին տեղյակ ենք պահում, հանում ենք վաճառքից։ Հեղինակները մեծամասամբ չեն գալիս իրենց գրքերը տանելու, և գրքերը մնում են մեր պահեստում», – ասում է Խաչիկ Վարդանյանը։

«Բուկինսիտում՝ ինչպես աշխարհի բոլոր գրախանութներում, ամենաակնառու տեղում ցուցադրվում են լավ վաճառվող գրքերը։ Ասում է՝ բոլոր գրքերը լավ ներկայացնել չեն կարող։

«Հարգելի հեղինակներ, մատակարարներ, գրողներ, մենք չենք կարող ցուցադրել ձեր գրքերը, ֆիզիկապես չենք կարող։ Մենք աշխատում ենք 45․000 անվանում գրքերի հետ և այս ամբողջը տեղավորում ենք 150 քմ տարածքի վրա։ Կամ պիտի ընտրենք և չվերցնենք դժվար վաճառվողները, կամ պիտի ընտրենք ամբողջը և վատ ցուցադրենք։ Մենք ընտրում ենք երկրորդը, ոչ մեկի իրավունքները չենք սահմանափակում, հնարավություն ենք տալիս բոլորին ցուցադրվելու», – նշում է Վարդանյանը։

Խոսելով ժամանակակից հայ գրականության, հատկապես՝ պոեզիայի հանդեպ վերաբերմունքի մասին, «Բուկինսիտ»-ի տնօրենն ասում է․ «Ժամանակակից պոեզիա ավելի շատ կա, քան մոտիվացիոն գրականություն, որովհետև ամեն մի երկրորդ հայ պոետ է, հատկապես՝ կանայք»։

Շուրջ 5 տասնամյակ աշխատելով գրավաճառության ոլորտում՝ Խաչիկ Վարդանյանն ասում է, որ Հայաստանում երբեք այսքան շատ հայերեն գիրք ընթերցողը չի ունեցել։ «Գրախանութը սոսկ առք ու վաճառքի կետ չէ, այն մշակութային տարածք է։ Մեր գլխավոր նպատակը մեր հասարակությանը ավելի գրագետ դարձնելն է, գրքին ավելի մոտեցնելն է։ Փառք աստծո, տարեցտարի մեր վաճառքի ծավալները աճում են․ դա նշանակում է՝ գրքի հանդեպ պահանջարկն է աճում։ Մենք նպատակ դրեցինք «Բուկինիստը» դարձնել Երևանի այցեքարտերից մեկը և մասամբ մեզ հաջողվեց»։

Back to top button