Վերնատուն

«Արտ կվարտալ»․ արվեստի թաղամասի «չգրված օրենքները»․ «Վերնատուն»

Պուշկինի 4 հասցեում տասը տարի է գործում են արվեստանոցներ, որտեղ ստեղծագործում է շուրջ 30 արվեստագետ։ Այս տարի արվեստագետները որոշեցին այնտեղ իրականացնել «Արտ կվարտալ» նախագիծը․ սա արվեստի թաղամաս է, որտեղ արվեստագետները ոչ միայն կապրեն և կստեղծագործեն, այլ իրենց ստեղծագործությունները կցուցադրեն և կվաճառեն։

«Արտ կվարտալի» համահիմնադիր, արվեստագետ Հարություն Հովսեփյանը ներկայացնում է արվեստի թաղամասի առաջնային խնդիրները, սկզբունքներն ու «չգրված օրենքները»։ «Այս տարածքը հիմնված է բացառապես սիրո և հարգանքի վրա, – ասում է նա՝ նշելով, որ եթե չես օգնում, պարտավոր ես չխանգարել, միջավայրը պետք է ծառայի միայն ու միայն մշակույթին, որը չի հակադրվում նաև կոմերցիային։

Արվեստագետի համար կարևոր է, որ նախագիծը լինի պետության կողմից աջակցվող կառույց և ներկայանա որպես արվեստի գործիչների թաղամաս։ Սկզբունքորեն դեմ է, որ արվեստագետներն այն սեփականաշնորհեն, ասում է՝ դա ուղղակի անբարո քայլ կլինի պետության ու մշակույթի հանդեպ։ Արվեստագետն ասում է, որ կարևոր է, թե ինչ է սպասում պետությունն արվեստագետից և ինչ է վերադարձնում արվեստագետը պետությանը։

«Մեր հարևան պետություններում և աշխարհի բոլոր քաղաքներում կան «Արտ կվարտալներ», որոնք ապահովում են զբոսաշրջություն, որտեղ միևնույն ժամանակ զարգանում է արվեստը։ Պետությունը պիտի ամեն ինչ անի, որ նման տարածքներն ակտիվանան և զարգանան», – ասում է Հարություն Հովսեփյանը։

Արվեստագետը արվեստի պահանջարկ ստեղծողը չէ, նա առաջարկողն է՝ ասում է Հովսեփյանը։ Չինաստանի օրինակն է բերում, ասում է՝ չինացի նկարիչների գործերը համաշխարհային շուկայում մեկ միլիոն դոլար արժեն, պետությունն իր մեծահարուստներից պահանջում է յուրաքանչյուր տարի գնել որոշակի քանակով արվեստի գործ։

«Արվեստագետի համար հարմարավետությունը շատ կարևոր է։ Մենք ուզում ենք «Արտ կվարտալում» համալրել ու զարգացնել արվեստի բոլոր ժանրերն ու ճյուղերը։ Կուզեինք ողջ տարածքը բնակեցվեր արվեստագետներով», – նշում է Հարություն Հովսեփյանը։

Հավելում է, որ քաղաքապետարանը իրենց մասին տեղյակ է և լավ է վերաբերվում։ Առաջիկայում՝ սեպտեմբերի 2–ին, «Արտ կվարտալի» 150 տարեկան մառանում սպասվում է նոր ցուցադրություն՝ Ժորա Գասպարյանի «Յոթ մեղքեր» վերնագրով անհատական ցուցահանդեսը։

Back to top button