Մտքի ուժը

Վերանորոգե՞լ շենքը, թե՞ նոր սարքեր ձեռք բերել ժամանակակից  ու լիարժեք հետազոտություններ կատարելու համար․ «Մտքի ուժը»

Ի՞նչ եք կարծում, քանի տարի կարելի է աշխատել նույն հասցեում ու ոչ միայն չհոգնել նույն վայրն ամեն օր հաճախելուց, այլև ամեն օր նոր ոգևորութամբ գնալ աշխատանքի։ Մե՞կ տասնամյակ, երկո՞ւ, երե՞ք ոչ, հինգ ու կես տասնամյակ։

Արդեն 55 տարի է, ինչ զրուցակցիս՝ ինստիտուտի գիտքարտուղար Հռիփսիմե Հայրապետյանի աշխատանքային հասցեն նույնն է՝ Բունիաթյանի անվան կեսնաքիմիայի ինստիտուտ։ Ասում է՝ չի ձանձրացել 55 տարի նույն հասցե աշխատանքի գնալուց․  

Հռիփսիմե Հայրապետյան

«Ինչո՞ւ պետք է հոգնեմ, մարդն իր տունը գնալուց չի հոգնում։ Հատկապես, որ եթե գումարային վերցնենք, մենք այստեղ ավելի շատ ժամանակ ենք անցկացնում»։  

Բունիաթյանի անվան կեսնաքիմիայի ինստիտուտը հիմնադրվել է 1961 թվականին, այն տեղակայված էր Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում։ Հիմնադիրն ակադեմիկոս Հրաչյա Բունիաթյանն էր։ Հիմնական գիտական աշխատանքները կատարվում են բժիշկների հետ համատեղ՝ ասում է ինստիտուտի տնօրեն Ալվարդ Անտոնյանն ու ընդգծում՝ քովիդի հետազոտությամբ զբաղվող լաբորատորիա էլ ունեն․

Ալվարդ Անտոնյան

«Ինստիտուտի լաբորատորիաներից մեկն աշխատում է պորֆիրինների հետ։ Հետազոտվել է տարբեր պորֆիրինների ազդեցությունը կորոնավիրուսի վրա, որոնցից մեկը լավ ազդեցություն ունի վիրուսի նկատմամբ, ճնշում է վիրուսի աճը»։

Ինտիտուտն ունի 102 աշխատակից, 80-ը գիտաշխատողներ են, ինտիտուտում 12 լաբորատորիա է գործում։ 6 հարկերից մեկը վերանորոգված է, սկսել են գիտաժողովների դահլիճի վերանորոգումը։ Ինստիտուտի տնօրենն ասում է, որ երիտասարդները ցանկանում են գիտությամբ զբաղվել, բայց միջին սերնդի գիտնականների խնդիր ունեն։ Վերջին շրջանում բարձրացված աշխատավարձերը պարզվում է՝ բոլոր հոգսերից չէ, որ ազատել են գիտնականներին․

«Մեզ մոտ 40 տոկոսը երիտասարդներ են։ Բայց մենք խնդիր ունենք միջին՝ 40-50 տարեկան աշխատակիցների հարցում։ Իհարկե, վերջերս փոքր-ինչ բարձրացվեց աշխատավարձը, բայց մնացած ֆինանսավորումը մնացել է նույնը։ Նյութական մասը ոչ մի փոփոխության չի ենթաիրկվել։ Այժմ սարքավորում ու ռեագենտ գնելու համար ավելի շատ գումար ենք ծախսում։ Բայց մենք փորձում ենք սարքավորումներ ձեռք բերել։ Նախորդ տարվա վերջին ինտիտուտի խնայողությունների հաշվին ձեռք բերեցինք ժամանակակից սպեկտրոֆլյուորիմետր»։

Ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող Վարդուհի Քնարյանն ընդգծում է՝ իրենց մոտ երիտասարդները սովորում են այն, ինչը չեն կարող սովորել որևէ այլ վայրում։ Գիտական կազմակերպությունում որոշել են՝ շենքն աստիճանաբար վերանորոգել՝ զուգահեռ ձեռք բերելով նոր սարքավորումներ։ Դրանք առանձին սենյակում են տեղավորված։ Ժամանակակից սարք-սաքավորումների կողքին արդեն հնացածներն են։  

Ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող Վարդուհի Քնարյանի գիտական գործունեությունը Պարկինսոնի հիվանդության հետ է կապված։ Այս հիվանդությունը կենտրոնական նյարդային համակարգի շարժողական գործառույթը խաթարող դեգեներատիվ խանգարում է։ Հիվանդության զարգացմանը զուգահեռ ոչ շարժողական ախտանշանների տարածվածությունն աճում է։

Վարդուհի Քնարյան

Ախտանշաններն աճում են դանդաղ, ժամանակի ընթացքում։ Հիվանդության սկզբնական շրջանում ակնհայտ նշաններն են դողը, ռիգիդությունը, դանդաղկոտությունը և քայլելու դժվարությունը։ Մտածելու կարողության և վարվելակերպի խնդիրներ նույնպես կարող են նկատվել։

Վարդուհի Քնարյանը 5 տարի ԱՄՆ-ում է հետազոտել Պարկինսոնի հիվանդությունը, վերադառնալով՝ փորձն այստեղ ներդրել։ Գիտական առաջարկները տնտեսության մեջ կիրառելն այստեղ էլ են կարևորում։ Վստահեցնում են՝ ամեն ինչ անում են, որպեսզի գիտական արդյունքը տնտեսական նշանակություն ստանա։

Back to top button