Դպրություն

Մասնավոր դպրոցի ուսուցչի վերապատրաստման հարցը պետության խնդիրը չէ․ «Դպրություն»

Այսօր բարեփոխվում է կրթական համակարգը՝ նպաստելով ուսուցչի մասնագիտական զարգացմանը։ Իրականացվում է պարտադիր ատեստավորման գործընթացը, որը պետական դպրոցների համար ապահովում է պետությունը։

Ի՞նչ իրավիճակ է մասնավոր հատվածում՝ «Դպրություն» հաղորդաշարի տաղավարում ներկայացնում են Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, «Տաթև» գիտակրթական համալիրի տնօրեն Սոկրատ Մկրտչյանը, «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցի տնօրեն Մերի Վենգրժանովիչը։

«Աշխատակիցների մասնագիտական զարգացման գործընթացի կազմակերպումը տվյալ կազմակերպության խնդիրն է։ Քանի որ պետական դպրոցները ֆինանսավորվում են պետական բյուջեից, պետական ուսումնական հաստատությունների ուսուցիչների մասնագիտական զարգացումը ապահովելու համար պետությունը լրացուցիչ գումար է տալիս, որովհետև ուսուցչի գործատուն պետական դպրոցն է։ Բայց մասնավոր ուսումնական հաստատության գործատուն մասնավոր անձն է, և ինչպես որ իր ունեցած ֆինանսական աղբյուրից կարողանում է վճարել իր ուսուցչին, նույն աղբյուրից էլ պետք է ապահովի իր ուսուցչի մասնագիտակա զարգացման գործընթացը և հավելավճարները։ Դա պետության խնդիրը չէ»,– ասում է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը և հավելում․ «Եթե մասնավոր դպրոցները այս տեմպին չդիմանան, նրանք կարող են ուսուցիչներ կորցնել»։

«Մասնավոր դպրոցները եթե այսօր մասնակցում են վերապատրաստման գործընթացին, կարող են վճարել նույն չափով, ինչ պետական դպրոցը իր ուսուցչի համար՝ 24 հազար դրամ, բայց եթե նրանք գան վերապատրաստվելու նոյեմբեր ամսից հետո, կամ հունվար, փետրվար ամիսներին՝ կվճարեն արդեն գոնե հարյուր հազար դրամ՝ յուրաքանչյուր ուսուցչի համար»,– նշում է «Տաթև» գիտակրթական համալիրի տնօրեն Սոկրատ Մկրտչյանը։

«Մեր ուսուցիչները հայերենին բավականին լավ չեն տիրապետում։ Վերապատրաստումների գործընթացը ռուսերենով կազմակերպելու հարց է առաջանում, որովհետև առարկաները ռուսերենով են դասավանդվում։ Ես մաթեմատիկա առարկայից վերապատրաստում եմ անցել և զգում եմ, որ բավականին բարդ է։ Լավ կլինի այս հարցը ուշադրության կենտրոնում պահել, ամեն դեպքում խնդիր է»,– ասում է «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցի տնօրեն Մերի Վենգրժանովիչը։

Back to top button