Երաժշտական եռանկյունի

Խաչատուր Մելիքյանի «Տեսիլքը»․ «Երաժշտական եռանկյունի»

1980-90-ականների երևանյան ռոք երաժշտությունը հարուստ էր բազմաթիվ ուղղություններով և երաժշտական նախագծերով: Հիմնականում խմբերը ձևավորվում էին ընկերական միջավայրում, և դա պայմանավորված էր նույն երաժշտական նախընտրություններով և նախասիրություններով:

Այդ ընթացքին նաև նպաստում էին Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում պարբերաբար անցկացվող «Ուսանողական գարուն» փառատոները, որոնց ընթացքում երիտասարդ երաժիշտները կարող էին ներկայացնել իրենց ստեղծագործությունները և կատարողական արվեստը: Այդ ընթացքը սկզբնական շրջանում պայմանավորված էր ինքնուս երաժիշտների էնտուզիազմով:

«Երաժշտական եռանկյունու» հյուրը հենց այդ սերնդի ներկայացուցիչ է, և իր «Տեսիլք» խմբի պատմությունը բոլոր առումներով տիպական է այդ ժամանակի համար:

«Ռոք երաժշտության մեր հետաքրքրությունը հագեցնում էինք՝ լսելով «թշնամական ռադիոկայաններ», և ձեռքից ձեռք փախցնելով ռոք խմբերի ձայնասկավառակները» — ասում է «Տեսիլք» ռոք խմբի հիմնադիր, ստեղծագործող Խաչատուր Մելիքյանը:

Խումբը ձևավորվեց այն տարիներին, երբ ո՛չ որակյալ երաժշտական գործիքներ, ո՛չ անհրաժեշտ էլեկտրոնային սարքավորումներ, ո՛չ էլ ձայնագրվելու հնարավորություններ կային: Բայց երաժիշտները խանդավառված ստեղծագործում էին և առիթից առիթ տարբեր բեմերից հնչեցնում սեփական ստեղծագործությունները:

Խորհրդային շրջանում գոյություն ունեցող երաժշտական գրաքննությունը արգելքներ էր դնում այն խմբերի առջև, որոնց ստեղծագործությունը և գաղափարները չէին տեղավորվում խորհրդային և համայնավարական գաղափարախոսության շրջանակներում: Նրանց հետ «աշխատում էին» կոմսոմոլն ու ԿԳԲ-ն՝ տալով բարի խորհուրդներ և ուղղորդելով երիտասարդներին:

«Մենք ընտրության առաջ էինք կանգնել՝ կամ ստեղծագործել ընդհատակում, կամ փոխել մեր ուղղվածությունը դեպի պոպուլյար և ժամանցային երաժշտություն, որպեսզի ստանանք հնարավորություն հնչելու ռադիոյով և հեռուստատեսությամբ»,- ասում է Մելիքյանը:

«Տեսլիքը» փոփոխությունների ենթարկվեց, դարձավ ավելի մեղեդային, դյուրամարս և սիրվեց զանգվածային երաժշտության սիրահարների կողմից: Հանգամանքների բերումով տարիներ անց խումբը դադարեցրեց գործունեությունը, անդամները ցրվեցին աշխարհով մեկ, ինչպես նաև Խաչատուր Մելիքյանը տեղափոխվեց Միացյալ նահանգներ:

Բայց ռոք երաժշտությունը անբաժան մնաց նրա էությունից և նա, շարունակելով ստեղծագործել Միացյալ նահանգներում՝ նոր գործընկերների հետ վերադարձավ իր սկզբնական «Տեսիլքին»։ Մեր զրույցի ընթացքում հնչում էին ստեղծագործություններ նրա վերջին, ամերիկյան ալբոմից:

Back to top button