Վերնատուն

«Սուբստրատում». երբ հողը հայրենիք է, մարմին, մշակույթ․ «Վերնատուն»

Նկարիչների միության ցուցասրահում օգոստոսի 3–ին բացվելու է «Սուբստրատում» վերնագրով ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի համադրող, արվեստագետ Նարեկ Ավետիսյանը խոսում է հողարվեստի, հայ ժամանակակից արվեստում դրա դրսևորումների ու առաջիկա ցուցահանդեսի մասին։

«Հողը և՛ հայերենիք է, և՛ տիեզերական մտածողության մասնիկ, այդ փոխադարձ կապն է օգնում մարդուն իր «ես»–ը հասկանալ: Հնագույն ազգերի համար, ինչպիսին հայերն են, հողի ուսումնասիրությունը կարևոր է», – ասում է Նարեկ Ավետիսյանը։

«Լենդ արտը» կամ հողարվեստը ծագել է 1960-70–ականներին ՝ Միացյալ Նահանգներում։ Արվեստի այս տեսակը բնապատկերի, լանդշաֆտի հետ է աշխատում։ Հողարվեստի գործերն հիմնականում ստեղծվում են բնության գրկում կամ բնական նյութերից՝ հող, ավազ, քար, ծառեր, տերևներ, ջուր և դրանցից ստացված նյութեր ու առարկաներ, որոնք կան բնության մեջ։ Հողարվեստի հիմնադիրներից են կոնցեպտուալ արվեստի վարպետ Ռոբերտ Սմիթսոնը և միջազգային ճանաչում ունեցող հայազգի արվեստագետ, Իրանի ժամանակակից արվեստի հիմնադիր Մարկոս Գրիգորյանը։

«Սուբստրատում» ցուցահանդեսին մասնակցում է ժամանակակից 15 արվեստագետ։ Արվեստագետների աշխատանքները ստեղծվել են հիմնականում իրենց փակ արվեստանոց-լաբորատորիաներում։ Որպես նյութ օգտագործվել է Էրեբունի և Կարմիր բլուր ամրոցներում պեղումներից հանված հողը:

«Յուրաքանչյուր արվեստագետ հողը մի բանի հետ է կապում՝ հայրենիք, մարմին, մշակույթ, տարերք և այլն։ Կարևորը ոչ թե պատասխան տալն է, այլ նոր տեսողություն, նոր ընկալման դաշտ ստեղծելն է», – ասում է Նարեկ Ավետիսյանը։ «Հողի գաղափարով ցուցահանդեսը բոլոր մարդկանց և առաջին հերթին բոլոր հայերին միավորելու ցանկություն է, կուզեի որ այդ օրերին կենտրոնանաք բացարձակ արժեքների շուրջ։ Հողը ինչպես որ արձանագրում է մահը, ավարտը կործանումը, նաև նոր կյանք է տալիս։ «Սուբստրատումը» կործանմանը չի վերաբերվում, այն ասում է, որ հողը ներող ու ամեն ինչ կլանող երևույթ է, որը նոր սկիզբ է տալու», – ասում է Նարեկ Ավետիսյանը։

Back to top button