Երաժշտական եռանկյունի

«Լույսի մեսսա». կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանը 60-ամյակը նշեց երևանյան համերգով․ «Երաժշտական եռանկյունի»

Դավիթ Հալաջյանը անվանի հայ կոմպոզիտոր է, որը բնակվում է Շվեյցարիայում, ստեղծագործում և դասավանդում է այնտեղ՝ հանրահռչակելով հայ ժամանակակից երաժշտությունը Եվրոպայի և աշխարհի տարբեր երկրներում:

Իր 60-ամյակը նա որոշեց նշել Հայաստանում՝ «Լույսի մեսսայի» կատարմամբ, և դա առիթ հանդիսացավ մեր վաղուց սպասված հանդիպման համար «Երաժշտական եռանկյունու» տաղավարում:

Կոմպոզիտորը հայտնի է իր բազմաթիվ երգչախմբային, նվագախմբային, կամերային, էլեկտրոակուստիկ և կինոերաժշտությամբ: Հոգևոր երաժշտության ոլորտը առավել մոտ է կոմպոզիտորին, նա ստեղծագործում է՝ հիմնվելով կանոնիկ լատինական տեքստերի վրա, ստեղծելով մեսսաներ, որոնցից հայրենիքում առավել սիրված և գնահատված «Լույսի մեսսան» այս անգամ հնչեց Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ Հայաստանի կամերային նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի, Երևանի պետական կամերային նվագախմբի և փայլուն մենակատարներ Ռուզան Մանթաշյանի, Գուրգեն Բավեյանի կատարմամբ, որոնք հատուկ ժամանել էին Գերմանիայից՝ կոմպոզիտորի հոբելյանին մասնակցելու համար:

Համերգը ղեկավարում էր ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր և խմբավար Ռոբերտ Մլքեյանը:
«Ինձ համար խորհրդանշական էր այս մեսսայի կատարումը հենց իմ ընկեր, մտերիմ բարեկամ, հրաշալի երաժիշտ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, քանի որ մեր տարիների ընկերությունը և երաժշտական համոզմունքները համընկնում են: Նա ջանք չխնայեց, որպեսզի ամենաբարձր մակարդակով հնչի այդ ստեղծագործությունը մեր հայրենիքում»,- ասում է կոմպոզիտորը:

Դավիթ Հալաջյանը ավարտելով Երևանի պետական կոնսերվատորիան՝ ուսումը շարունակել է Շվեյցարիայում, էլեկտրոակուստիկ երաժշտության բաժնում, ապա հրավեր է ստացել աշխատելու այդ երկրում, ինչպես նաև դասավանդելու Շվեյցարիայի ուսումնական հաստատություններում:

Հետաքրքիր էր կոմպոզիտորի գնահատականը և վերլուծությունը այն ընթացքներին, որոնք հատկանշական են համաշխարհային ժամանակակից երաժշտության համար՝ հատկապես համեմատելով հայաստանյան իրողությունների հետ:

Ներգրավված լինելով և՛ կրթական, և՛ ստեղծագործական ոլորտներում, կոմպոզիտորը սթափ գնահատում է մեր երկրում եղած խնդիրները և առաջարկում գործնական լուծումներ՝ կարևորելով հատկապես ժամանակակից ակադեմիական երաժշտության հանրահռչակումը մեդիաներում և կրթական ծրագրերում:

Հաղորդման ընթացքում հնչում են կոմպոզիտորի «Լույսի մեսսա» և այլ խոշոր կտավի ստեղծագործություններից հատվածներ:

Back to top button