Վերնատուն

«Մանկական գրքի փառատոնը» մանուկներին միավորում է գրքի շուրջ․ «Վերնատուն»

Հունիսի 1-3 -ը առաջին անգամ Հայաստանում կանցկացվի «Մանկական գրքի փառատոնը»։ Այն իրականացնողն ու կազմակերպիչը «Զանգակ» գրատունն է, որը մանուկների կրթական, մշակութային ու ժամանցային գործում երկարամյա փորձ ունի։

Այս տարի լրանում է «Զանգակի» հիմնադրման 25 տարին։ Հրատարակչության գլխավոր նպատակը եղել և մնում է մանուկների համար հոգևոր, մշակութային, կրթական բովանդակություն ստեղծելն ու տարածելը։

«Շատ դժվար է այսօր հասկանալ՝ ինչ է պետք ժամանակակից երեխային, ինչպես նրան մոտիվացնել դեպի կրթությունն ու դեպի գիրքը։ Դա ամենօրյա աշխատանք է, և ամեն օր մի նոր բան կարող ես բացահայտել՝ ինչ անել, որ երեխաների համար հետաքրքիր լինեն դասագրքերն ու գրքերը, որ երեխաները չկարողանան պոկվել դրանցից», – ասում է «Զանգակի» հիմնադիր Սոկրատ Մկրտչյանը։

Հրատարակչությունն ու գրատունն այսօր աշխատում են, որ տեղեկատվությունը երեխաներին հասանելի լինի ոչ միայն տեքստով, այլ՝ լսելի ու դիտելի լինի։

«Երեխաների պաշտպանության օրը մենք ուզեցինք հավաքել և համախմբել ոչ միայն բոլոր երեխաներին, այլև բոլոր հրատարակիչներին ու կազմակերպություններին, որոնք երեխաների համար են աշխատում և կարող են նրանց համար իսկական տոն ստեղծել», – ասում է «Զանգակ» գրատան մշակութային ծրագրերի ղեկավար Աստղիկ Օհանյանը։

Փառատոնի շրջանակներում տեղի կունենան գրքերի շնորհանդեսներ, կկազմակերպվեն զարգացնող կրթական խաղեր, դասախոսություններ, ինչպես նաև զրույցներ ծնողների համար՝ հոգեբանների ու մասնագետների հետ, գրքի վաճառք, որտեղ հայաստանյան բոլոր մանկական հրատարակչությունները կներկայացնեն իրենց հրատարակած գրքերն ու խաղերը։

Back to top button