Խոշորացույց

Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ. իսկ միայն դա բավակա՞ն է. «Խոշորացույց»

Իմ աշխատանքային գործունեության ընթացքում ես հնարավորություն եմ ունեցել աշխատելու Հայաստանի տարբեր թանգարանների հետ, լինելու դրանց ֆոնդարաններում ու արխիվներում։ Ես հնարավորություն եմ ունեցել տեսնելու, թե ինչպես են վերականգնում Այվազովսկու կտավները, 10-րդ դարի ձեռագրերը, անգամ՝ Սայաթ-Նովայի հայտնի դավթարն եմ տեսել։

Ուղղակի, երբ անմիջապես շփվում ես ցուցանմուշների հետ, կարծես դառնում ես պատմության մի մասը, փորձում հասկանալ քո նախնիներին, տեսնում ապագան` անցյալի մեջ։ Ու նաեւ տեսնում ժամանակը, որի առաջ խոնարհվում է ամեն ինչ։

Վերջին երեք տարիներին ես նաև թանգարանում եմ աշխատում, ու այդ աշխատանքն ինձ ստիպել է լրիվ այլ տեսանկյունից նայել թանգարաններին։

Մարիամ Հովսեփյանն այցելել է Եղիշե Չարենցի տուն-թանգարան՝ ոչ որպես սովորական այցելու

Երեւանն ավելի հին է, քան՝ Հռոմը։ Մենք դա ասում ենք, բայց ուրիշ են զգացմունքները, երբ լինում ես Էրեբունի բլրի վրա, որտեղից, ընդունված է ասել, սկիզբ է առնում մեր քաղաքի պատմությունը, Հին Հռոմի`Պալատինի բլուրի վրա նույն զգացմունքն ես ապրում, էլ չասած Պոմպեյի մասին, ու հասկանում, որ հազարամյակներ առաջ էլ մարդիկ ապրել են նույն կերպ, շփվել իրար հետ, կառուցել տներ, աղոթել տաճարներում, ինչպես նաեւ պատերին անշնորհք գրառումներ արել, աղտոտել շրջապատը, ինչը հիմա է աղբ, իսկ հազարամյակներ հետո հնագետների համար գուցեեւ անգին գանձ է։

Ասում են՝ չկա չարիք առանց բարիքի։ Քովիդի երկու տարիներին ամեն ինչ փակվեց, ու աշխարհի շատ թանգարաններ կարողացան դուրս գալ վիրտուալ աշխարհ եւ համացանցով ներկայացնել իրենց ցուցանմուշները։

Հռիփսիմե Հովհաննիսյանը տարիներ առաջ Լուվրում է եղել, Քովիդի օրերին այցելել նույն թանգարան՝ վիրտուալ։ Ու հետո համեմատել իր տեսած իրական ու վիրտուալ թանգարանները

Իսկ ես վերջերս Նորվեգիայում էի ու Օսլոյում այցելեցի իրենց ազգային Ֆոլկս-Նորկս թանգարան։ Այն մի ազատ ու մեծ անտառ է, որտեղ ամեն քայլափոխի մի կառույց է։ Դրանց կարելի էր մոտենալ, ներս մտնել, դիպչել, նկարվել, շոշափել։

  • Ի՞նչ ասել է ժամանակակից թանգարան,
  • արդյո՞ք այն շփման, զգացողության ու դիպչելու մասին է,
  • ինչո՞ւ են թանգարանները պետք մարդկանց,
  • ինչի՞ մասին են պատմում դրանք,
  • արդյո՞ք պատմությունն այնքան պարզ է, ինչքան թվում է ցուցասրահներում։

Անի ՄԻՆԱՍՅԱՆ

«Խոշորացույցի» տաղավարում «Էրեբունի» պատմահնագիտական թանգարան-արգելոցի տնօրեն, հնագետ Միքայել Բադալյանի հետ խոսում ենք թանգարաննների, դրանց նշանակության, ժամանակի փոփոխությունների ու նորարարությունների մասին։ 

Back to top button