Խոշորացույց

Հայ քաղաքական միտքն ինչպես է արձագանքում առկա մարտահրավերներին. «Խոշորացույց»

2000 թվականի այս օրը` ապրիլի 28-ին, Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան ստորագրեցին նավթամուղ կառուցելու համաձայնագիրը։ Թվում է, որ սա շատ լուրջ սահմանագիծ էր` հասկանալու համար, թե տարածաշրջանում ինչպիսի զարգացումներ ու դերակատարում է ակնկալում Ադրբեջանը։ Հայ քաղաքագիտական միտքն արդյո՞ք ադեկվատ գնահատեց այստեղից սկսվող վտանգները, թե՞ ոչ, քաղաքական վերնախավն ու իշխանությունները ընկալեցի՞ն սպառնալիքները, թե՞ ոչ։ Այս հարցերին կարող է պատասխան տալ քաղաքագիտությունը։

Մարիամ Հովսեփյանի հաղորդումը՝ քաղաքական մտքի ձեւավորման մասին

Իմ ակտիվ լրագրողական շրջանում կար մի բանախոս, որը միշտ ներկայանում էր որպես անկախ քաղաքագետ։ Դեռ այն ժամանակ դա իմ մոտ ծիծաղ էր առաջացնում, քանի որ, կարծում եմ չի կարող լինել անկախ բանասեր, անկախ ֆիզիկոս, անկախ կենսաբան։ Կարծես, Հայաստանում քաղաքագետը եկել է փոխարինելու հասարակական ակտիվիստին, հասարակական գործչին, ու քաղաքագիտությունը այլեւս գիտական ճյուղ չի ընկալվում։

Բայց ամեն ինչ այդքան միանշանակ չէ. պարզվում է, որ անկախ քաղաքագետ լինում է, ու այդ անկախությունը քաղաքական կողմնորոշման հետ կապ չունի։

Հայաստանի առաջ կանգնած ներքին եւ արտաքին քաղաքական մարտահրավերները լավ հասկանալու համար պետք է նախ իմանալ, թե ինչպես են ընդունվում որոշումները, ինչպես են պատրաստվում դրանք, ինչպես են ուսումնասիրվում այդ որոշումներն ու դրանց արդյունքները։ Երբ չենք փորձում հասկանալ այն, ստիպված ենք լինում պատասխանները որոնել դավադրությունների տեսության շրջանակում։

Հռիփսիմե Հովհաննիսյանը քաղաքագետներ ու դիվանագետներ պատրաստող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներից փորձել է պարզել, թե ինչպես են նրանք ընտրել ապագա մասնագիտությունը։
  • Պետական կառույցներն ունե՞ն փորձագիտական խմբեր կամ աշխատո՞ւմ են փորձագիտական կառույցների հետ` որոշակի խնդիրների լուծման ժամանակ, կամ որոշումներ ընդունելուց առաջ,
  • քաղաքական գործիչները երբ դիմում են մասնագետներին,  ցանկանում են իմանալ իրականությո՞ւնը, թե՞ իրենց համար հաճելի մեկնաբանություններ լսել,
  • կարճաժամկետ եւ երկարաժամկետ զարգացումների մասին քաղաքագիտական կանխատեսումներն ինչպե՞ս են կատարվում,
  • ի՞նչ հանգամանքներ են նախեւառաջ հաշվի առնվում` քաղաքական, տնտեսական, ռազմական իրավիճակ, անձի դերը, տարբեր պետությունների միջեւ պատմակա՞ն, թե՞ ժամանակակից հարաբերությունները։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Խոշորացույցի» տաղավարում քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ խոսում ենք քաղաքականության, այն ուսումնասիրող մասնագիտության եւ գիտական կանխատեսումների մասին։

Back to top button