Մտքի ուժը

Հայ գիտնականները լյարդի հիվանդությունների ուսումնասիրման և բուժման նոր մոտեցում են առաջարկում․ «Մտքի ուժը»

Ի՞նչ կարելի է պատրաստել անթառամի կամ կաթնափուշի խառունդից․թեյը առաջին ու բնական արձագանքն է։ Բայց հայ գիտնականները հայկական դեղաբույսերը հատկապես վերջին տարիներին ակտիվորեն կիրառում են իրենց գիտական հետազոտությունների մեջ։ 

Մոտ 6-7տարի է, ինչ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի «Դեղաբանության և պաթոհիստոլոգիայի» լաբորատորիայի գիտաշխատող Լիլիթ Արշակյանն առաջարկում է նորարարական գաղափար, որը կարող է կիրառվել լյարդի ցիռոզի հայտնաբերման ու ինչու չէ նաև կանխարգելման համար։ Եվ ահա, այսպես ասեմ,  փնտրտուքները նրան հայաստանյան բնաշխարհ տարան։ Ստեղծեցին անթառամի ու կաթնափուշի խառնուրդ, որն էլ օգտագործում են լյարդի տոքսիկ ցիռոզի ուսումնասիրման համար: Լիլիթի ատենախոսական աշխատանքի շրջանակներում է կատարվում հետազոտությունը։ Սկզբնական փուլում նպատակ էր դրված ուսումնասիրել բուսական խառնուրդի հեպատոպրոտեկտոր հատկությունը՝ կաթնափուշից ու անթառամից անջատված։ Լիլիթը պատմում է․

«Գաղափար առաջացավ ուսումնասիրել հիվանդությունը, զարգացման դինամիկան, նախացիռոտիկ վիճակը գնահատել, որպեսզի ըստ այդմ կարողանանք հասկանալ նաև բուժական էֆեկտի գնահատումը։ Բժշկի հետ քննարկելուց հետո մշակվեց նորագույն մոտեցում, գրականության մեջ նկարագրված չէ՝ ուսումնասիրել լյարդի ցիռոզի նախացիռոտիկ վիճակը՝  նոր մոտեցմամբ՝ լյարդ-թոք-երիկամային շղթայում պաթոլոգիաների ի հայտ գալը և դրանց դրսևորումը տարբեր փուլերում, հասկանալ այս պաթոլոգիական շղթայում մեր կողմից առաջարկված խառնուրդի էֆեկտիվությունը։ Բավականին լուրջ արդյունքներ կան»։

Լյարդի ցիռոզը (cirhosis hepatis) քրոնիկ կլինիկաախտաբանական ախտահարում է, որը զարգանում է լյարդի պարենխիմայում ինտերստիցիալ տիպի մատրիքսի շարունակական կուտակման հետևանքով: Ցիռոզը համարվում է ֆիբրոգենեզի վերջնական (տերմինալ) փուլ: Այն ընթանում է լյարդում ֆիբրոզ սեպտաների, ռեգեներացիոն հանգույցների ձևավորմամբ:

Լյարդում գործընթացները բերում են լյարդի նորմալ հյուսվածքի կառուցվածքի անոթային համակարգի փոփոխման։ Հիվանդության առաջացման մեջ կարևոր դեր ունեն քրոնիկ վիրուսային հեպատիտիները, ալկոհոլիզմը, նյութափոխանակության ժառանգական խանգարումները և ոչ միայն։ Եվ ահա, հայ գիտնականներն առաջարկում են նոր, արդյունավետ համակցում՝ նաև կանխարգելելու հիվանդության զարգացումը։

Ինչպե՞ս են այն ստացել։ Բույսերը հավաքվել, չորացվել են, գիտական կենտրոնի բուսաբանության լաբորատորիայում անջատել են ֆլամինը և սիլիմարինը, Լիլիթ Արշակյանն էլ գտել է ցիռոզի զարգացման դինամիկայում արդյունավետ համակցումը։

Լյարդի անատոմիաֆիզիոլոգիական առանձնահատկություններն որոշում են դրա կարևոր դերն օրգանիզմի նյութափոխանակության և հոմեոստազի կարգավորման գործընթացներում։ Լինելով օրգանզիմի ամենաակտիվ վերականգնողական հատկություններով օժտված օրգանը՝ այն կարող է ամբողջությամբ վերականգնվել, նույնիսկ, եթե վիրատահությամբ հեռացվել է 2/3–ը։ Ուստի տարբեր արտաքին ու ներքին ազդակներով  լյարդի վնասումը կարող է հանգեցնել լյարդի դիսֆունկցիայի, որի զարգացող և տևական ախտահարումը հանգեցնում է ցիռոզի։ Այն զարգանում է, երբ խախտվում են օրգանի վերականգնողական հատկությունները։

Գիտական բոլոր եզրահանգումներն ու համոզմունքները փորձերի արդյունքում են ստացվել։ Փորձակենդանիների՝ առնետների վրա են առաջինը փորձարկում։  5-6 տարի հետազոտում են։ Առաջացնում են լյարդի ցիռոզ, հետո արդեն հետևում են դինամիկայի առաջարկված նոր մոտեցմամբ՝ փորձելով համակցված խառնուրդի միջոցով հասկանալ՝ արդյո՞ք արդյունավետ է առաջարկը, թե՞ ոչ։ Պարզել են՝ մշակված մոտեցումը լյարդի ցիռոզի պաթոգենեզի և բուժման դինամիկայի հետազոտման համար արդյունավետ է․

Եթե եվրոպացի գործընկերներն այցելեն այս կենտրոն ու տեսնեն, թե ինչպես են խորհրդային տարիներին կառուցված ու, մեղմ ասած, մասնակի վերանորոգված այս կենտրոնում կարողանում նման լուրջ հետազոտություններ անցկացնել ու արդյունքներ գրանցել, կզարմանան։

Եվրոպացի գիտնականները չեն էլ մտածի, որ օրինակ նույն այս խառնուրդը ստանալու համար երիտասարդ գիտնականներն աշխատում են մի սենյակում, որտեղ նորագույն սարքավորումների կողքին ձմռանը հնարավորինս տաք միջավայր ապահովելու համար թաղնաթապատում են պատուհանները։ Բայց կարողանում են նաև անհրաժշետ հիգիենիկ միջավայրն ապահովել։ Այն այստեղ կարևոր է ու պատահական չէ, որ փորձերի համար ապահովված գերմաքուր պայմանների կողքին սենյակում նաև ծաղիկներ են ու կանաչ, պատերին՝ հետազոտության նախնական արդյունքները փաստող նկարներ։

Գիտական այս կենտրոնում, անտեսելով բոլոր դժվարությունները, անգամ այն, որ իրենց պատկանող լողավազանի տարածքում բարձրահարկ են նախատեսում կառուցել՝ կասկածի տակ դնելով այստեղ գտնվող նորագույն ու թանկարժեք սարքավորումների հետագա ճակատագիրը, շարունակում են աշխատել՝ ստեղծելով գիտակաան առաջարկներ, հավատալով, որ դրանք անպայման կիրառվելու են  բժշկության մեջ, հատկապես, որ նման բազմաթիվ փորձեր աչքի առաջ ունեն։

Back to top button