Երաժշտական եռանկյունի

Աստղիկ Վարդանյանի կամերային երաժշտության տարերքը․ «Երաժշտական եռանկյունի»

«Իմ առաջին քայլերը դեպի ջութակ, դասական երաժշտություն պայմանավորված էին ընտանիքիս մշակութային մթնոլորտով՝ կերպարվեստ, երաժշտություն, տանը անընդհատ հնչող երաժշտություն»,- խոստովանում է ջութակահարուհի, Հայաստանի ազգային կամերային նվագախմբի կոնցերտմայստեր, «Հայկական լարային քառյակի», «Վարդանյան քառյակի» հիմնադիր Աստղիկ Վարդանյանը։

Վառ երաժշտական հակումները և անհավանական աշխատասիրությունը բացեցին նրա համար բեմերի դռները դեռևս շատ վաղ հասակում՝ մենահամերգներ, մենանվագներ մեծ նվագախմբի հետ, մրցույթներ և փառատոններ։

Ավարտելով ուսումը Երևանի կոնսերվատորիայում, մեկնում է Փարիզ, շարունակելու այն հանրահայտ Ժան Տեր-Մերկերյանի մոտ, այնուհետև տեղափոխվում Լոնդոն պրոֆեսոր Լեոն Չիլինգիրյանի դասարան։ Սովորում է պատմական Թրինիթի քոլեջում, հիմնում իր քառյակը և աշխատում որպես կոնցերտմայստեր սիմֆոնիկ նվագախմբում։

«Երանելի տարիներ, ամենօրյա շփում մեծ երաժիշտների հետ և իհարկե, նոտաների, երաժշտական գրականության հարուստ գրադարանն ու ձայնադարանը, այդ տարիների գլխավոր գրավականներն էին»,- ասում է ջութակահարուհին։

Վերադառնալով Հայաստան նա ստանձնում է Ազգային կամերային նվագախմբի կոնցերտմայստերի պաշտոնը, ստեղծում սեփական քառյակերը և մշտապես հանդես է գալիս որպես մենակատար։

Հաղորդման ընթացքում հնչում են կամերային նվագախմբի կոնցերտմայստեր-թավջութակահար Աշոտ Այվազյանի հիշատակին նվիրված համերգից բազմաթիվ կատարումներ։

Back to top button