Երաժշտական եռանկյունի

Արտյոմ Մանուկյան` դասականից հիփ-հոփ․ «Երաժշտական եռանկյունի»

«Ինչպե՞ս ստացվեց, որ դասական երաժշտական կրթությամբ թավջութակահարը այսօր տեսնում է ստեղծագործական հետաքրքրություն հիփ-հոփի մեջ»։

«Ամենը սկսվեց երաժշտական դպրոցում, թավջութակից։ Սիրում էի գործիքը և պատրաստվում ստանալ բարձրագույն կրթություն՝ ընդունվեցի կոնսերվատորիա և պետք է դառնայի ակադեմիական երաժիշտ, զուգահեռաբար հետաքրքրվում էի ջազով, բաս կիթառով և օրերից մի օր, փորձեցի ինձ այդ ասպարեզում։

Ճակատագրական էր համագործակցությունը Վահագն Հայրապետյանի և Արտո Թունջ-Բոյաջյանի հետ։ Հետո Armenian Navy Band, «Կատուներ», հյուրախաղեր և բազմաթիվ համերգներ աշխարհով մեկ»,- կիսվում է երաժիշտը։

Տասնմեկ տարի առաջ նա բնակություն է հաստատում ԱՄՆ-ում և այնտեղ մուտք գործում ամերիկյան երաժշտական աշխարհ, հաստատելով իր տեղը ոչ միայն որպես թավջութակահար, այլ նաև որպես փայլուն ստեղծագործող և իմպրովիզատոր։

Արտյոմը ստանում է համագործակցության բազմաթիվ հրավերներ, որոնց հաջորդում են ձայնագրություններ և հասունանում է անհրաժեշտությունը ներկայանալ սեփական երաժշտական նախագծերով, ինչի արդյունքը երկու ալբոմներ են, որոնք շատ լավ ընդունվեցին ոչ միայն ջազասեր հանրույթի, այլ նաև երաժշտագետների և մասնագիտական մամուլի կողմից։

Արտյոմ Մանուկյանը այս պահին Հայաստանում է, նվագում է տարբեր նախագծերում և հանդես է գալիս անհատական համերգային ծրագրերով։

«Իմ վերջին հետաքրքրությունը՝ հիփ-հոփն է։ Այն կապ չունի ջազի կամ դասական երաժշտության հետ, բայց ես տեսնում եմ ինձ նաև այնտեղ»,- եզրափակում է երաժիշտը։

Հաղորդման ընթացքում հնչում են բազմաթիվ կատարումներ տարբեր տարիներին արված ձայնագրություններից և նախագծերից։

Back to top button