Մասնագիտություն

Նվագախմբի գեներալը․ «Մասնագիտություն»

Նվագախումբը, երգչախումբը բեմում է, հանդիսատեսը զբաղեցրել է դահլիճը, վերջում բեմ է բարձրանում նա` ձեռքին փոքրիկ փայտիկ։ Հետո ձեռքերը բարձրացնում է, փայտիկը վեր պարզում, միանգամից իջեցնում` տալով առաջին տակտի սկիզբը և սկսվում է կախարդանքը։ Երաժշտական ելևեջները սկսում են գրավել ողջ դահլիճը, արտիստները հետևում են նրա ձեռքի շարժումներին, ունկնդիրը` դահլիճը զավթող մեղեդիներին։

Ու այդ կախարդանքի մեջ հիմնական դերում նա է` երաժշտության գեներալը, որին դիրիժոր ենք անվանում։ Այսօրվա հաղորդման թեմայի պատասխանատվությունն իր վրա է վերցնելու մի արվեստագետ, որի կենսագրությունն ու ստեղծագործական անցած ճանապարհն առավել քան հարուստ է ու տպավորիչ:

Փայլուն տիրապետելով իր մասնագիտության գաղտնիքներին և հմտություններին՝ տարիների ընթացքում նա կերտել և շարունակում է կերտել հայ կատարողական արվեստի իր պատմությունը։ Խոսքը դիրիժոր, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանի մասին է, և այսօր խոսելու ենք դիրիժորի մասնագիտության մասին:

Երբ անցյալում երևան եկան երաժշտական մեծ կոլեկտիվները՝ երգչախմբերը, նվագախմբերը, կարիք զգացվեց նաև դրանց ղեկավարի, այսինքն՝ դիրիժորի, վերջինս ֆրանսերենից թարգմանաբար հենց նշանակում է ուղղություն տալ, ղեկավարել:

Հենց դիրիժորներն են ողջ ստեղծագործական խմբի շարժիչ ուժը: Այո, մոգական մի մեծ կապ կա դիրիժորի և ստեղծագործական խմբի միջև ու հենց այդ կապն է միավորում ավելի քան հարյուր երաժշտի, միաձուլում բոլոր երաժշտական գործիքները՝ ստեղծելով ներդաշնակություն: Ի դեպ, դիրիժորական փայտիկը, ինչպիսին մենք այսօր տեսնում ենք, ունի մոտ 200 տարվա պատմություն։

Մինչ այդ, դեռևս 15-րդ դարի առաջին կեսից դիրիժորը ղեկավարում էր բատուտայի օգնությամբ։ Բատուտան հաճախ մեծ, մետաղյա կամ փայտյա գավազան էր և ռիթմը կարգավորվում էր նրա թխկոցով։ Սակայն այդ ձայնը շատ հաճախ խանգարում էր ունկնդիրներին լսել երաժշտությունը։

Զրույց դիրիժոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանի հետ։

Back to top button