Սփյուռքի ձայնը

Մոնտենեգրոյի տարաբնույթ հայությունը կամ ի՞նչն է միավորում մեր երկրների ժողովուրդներին․ «Սփյուռքի ձայնը»

Կապանում ծնված, Ուկրաինայում 20 տարի ապրած Աննա Պետրոսյանին եւ իր ընտանիքին Մոնտենեգրո տարան Հայաստանի և բալկանյան այս երկրի միջև եղած ընդհանրությունները։ «Օտար երկրում հայտնվելուց հետո անհրաժեշտ առաջին քայլը քո երկրի մասին տեղեկություններ տրամադրելն ու քեզ ներկայացնելն է»,- ասում է Աննա Պետրոսյան-Շտիվեվբանդը։

Մոնտենեգրոյում հայերը հիմնականում բիզնես են ծավալում անշարժ գույքի ոլորտում։ Սա վերաբերում է նաև մեր հայրենակցուհուն, որն ունի երաժշտական կրթություն, մասնագիտացել է նաև հոգեբանության ասպարեզում և երկար տարիներ Մոնտենեգրոյում աշխատել է իր մասնագիտությամբ։

«Հայերը Մոնտենեգրոյում շատ տարբեր են։ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից եկած հայությունն այսօր ունի տարբեր ու բազմակողմանի հայացքներ։ Իսկ նրանք, ովքեր ամուսնացել են օտարերկրացիների հետ, ավելի շատ են տարբերվում իրենց վարքագծով։ Կան հայեր, որոնք սիրում են հայկական հավաքույթները, հայկական թեմաներն ու ծրագրերի մշակումը, կան նաև այնպիսիները, որոնք կտրված են բոլոր տեսակի հավաքներից ու ձեռնարկումներց։ Նրանց նույնպես հասկանում ենք»,- ասում է համայնքի ղեկավարը։

Մոնտենեգրոյի հետ մեր հարաբերությունները դեռ այնքան էլ կայացած չեն, թեև այս երկիրը բազմաթիվ միջոցառումներ է իրականացրել՝ զարգացնելու համար Հայաստանի հետ հարաբերությունները տնտեսության տարբեր ոլորտներում, ներառյալ՝ զբոսաշրջությունը։

Մոնտենեգրոն աշխարհի ժողովուրդներին հայտնի է իր ծովափնյա լավագույն հանգստավայրերով: Այդ առավելության շնորհիվ կարողանում է ամեն տարի զբոսաշրջային մեծ հոսքեր ապահովել: Մեր երկրները միմյանց նման են թե՛ իրենց պատմությամբ և թե՛ մշակութային ընդհանրությամբ: Կարևոր քայլերից է միայն երկու երկրների միջև մի քանի տարի առաջ հաստատված վիզային ազատ ռեժիմը։

«Հայաստանի և Բալկանյան երկների միջև կապերը պետք է թարմացնել, քանի որ տարիների բարեկամություն ու պատմություն ունեցող ազգերը պետք է հարաբերություն ունենան»,- ասում է Աննա Պետրոսյանը։

Երկու երկրների ժողովուրդների ամենամեծ ընդհանրությունն այն է, որ նրանք լեռնեցի են և դարեր շարունակ պայքարել են Օսմանայն կայսրության դեմ, պահպանել իրենց ազգային նկարագիրը, մշակույթն ու ավանդույթները: Երկու ժողովուրդների ընդհանրությունները նաև ազգային խոհանոցով են պայմանավորված: Մոնտենեգրոյի խոհանոցը շատ նմանություններ ունի հայկականի հետ։

Back to top button