Դպրություն

Գիշերը՝ Խոսրովի անտառում. ի՞նչ են տեսել ուսանողները՝ բնության հետ դեմ հանդիման․ «Դպրություն»

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել և իրականացվել է գիտարշավ դեպի «Խոսրովի անտառ» պետական արգելոց, որի ընթացքում ուսանողները բնության մեջ տեսել ու հաշվառել են Հայաստանի Կարմիր գրքում ներառված մի շարք կենդանիների:

ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի դոցենտ Աստղիկ Ղազարյան. Կազմակերպված գիտարշավի նպատակն էր անպայման մեր ուսանողներին ծանոթացնել ուսումնասիրության նորագույն մեթոդներին դաշտային պայմաններում՝ լուսանկարող թակարդներ, որոնք խոշոր կաթնասունների համար են տեղադրվում, տարբեր տեսակի հեռադիտակներ, որոնք հարկավոր են բեզոարյան այծերին ուսումնասիրելու համար: Գիշերեցինք Խոսրովի անտառում, որ կարողանանք արևածագին դիտել բեզոարյան այծերի դուրս գալը բներից, անգղների թռիչքը, կարողանանք տարբերակել նրանց թռիչքների տեսքով և ձայնագրենք ուլտրաձայնային սարքերով, որոնք ամբողջ գիշեր աշխատել են: Ունեինք նաև միջատներին գրավող, որսացող հատուկ սարքեր, որոնց միջոցով կարողացանք տարբեր կենդանախմբերի տեսնել, գրանցել, հասկանալ, թե ինչեր են այնտեղ բնակվում:

Խոսրովի անտառում կան այլ տեղեր ու այլևս վերացված կենդանատեսակներ

ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի դոցենտ Գեորգի Պոպով. Խոսրովի անտառում կենդանիները գտնվում են իրենց բնական պայմաններում: Այստեղ մարդու ազդեցությունը նվազեցված է:Կան կենդանիներ, Կարմիր գրքի ցուցակում են, օրինակ սև անգղը, որը Հայաստանում այս պահին բնադրվում և բնակվում է միայն Խոսրովի անտառում, ուրիշ տեղերում այն ցավոք վերացավ: Սև անգղը միակ ծառաբնակ անգղների տեսակն է Հայաստանում և բնադրվում է գիհու ծառերի վրա, իսկ գիհին բավականին ցածր ծառ է, դանդաղ աճող և, այն տարածքներում, որտեղ մարդը կլինի հարևան այս թռչուններին, դա կլինի ոչ բարենպաստ նրանց համար: Բարեբախտաբար անտառում մենք տեսանք սև անգղին բնի վրա՝ նորելուկ ձագերի հետ: Գիշերակացով գիտարշավի ընթացքում եղան շատ հետաքրքիր պատմություններ:

Արջի հետ հանդիպման սպասումով

ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի ուսանող Սեդա Ադամյան. Ամենահետաքրքիրը թռչուններին ուսումնասիրելն էր թռիչքի պահին և տեսակների տարբերակում կատարելը: Մեզ զգուշացրել էին, որ արջը այդ տարածքում սնունդ է հայթայթում, որովհետև այդտեղ շատ են պտղատու ծառերը և պետք է ուշադիր ու զգույշ լինել: Վախը մոռացած, մենք սպասում էինք արջի գալուն, մեզ շատ հետաքրքիր էր, ուզում էինք, որ այդ գիշեր նա գար: Այնտեղ կային արջի հետքերը՝ քերված ծառեր, ոտնաթաթերի հետքեր։ Այդ տարածքում արջերը չեն վախենում մարդկանցից, որովհետև այդտեղ քիչ է մարդու ներկայությունը: Դա իրենց տարածքն է: Ցավոք սրտի այդ գիշեր արջը չեկավ:

Ինչպես հաղթահարեց օձերի նկատմամբ վախը

ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի ուսանող Արմինե Ալեքսանյան. Երբ իմացա, որ կազմակերպվում է արշավ, անմիջապես մասնակցության ցանկություն հայտնեցի, մասնակցեցի ու մինչև հիմա տպավորված եմ: Ես վախ ունեի, վախ ունեի որոշ կենդանատեսակներից ու իմ վախը կարողացա հաղթահարել արշավի շնորհիվ: Հիմնականում ես վախենում էի անդրկովկասյան սահնոցներց: Բոլոր օձերից վախենում եմ, բայց իլիկա մողես տեսանք (անոտ մողես, որին բոլորը օձ են կարծում) ու հենց այդ օրը փորձեցի վախս մի փոքր հաղթահարել: Սկզբում ինձ թվաց, թե օձ է: Ասացին իլիկա մողես է, չհավատացի, բայց հետո ձեռք տվեցի, անգամ նկար ունեմ իր հետ, որը իմ շատ սիրելի նկարներից է: Հիմա արդեն մողեսներից չեմ վախենում, իսկ օձերից արդեն կամաց-կամաց չեմ վախենում: Տպավորված եմ բեզոարյան այծերով, երբ լուսաբացին նրանք դուրս եկան իրենց բներից, արջի հետքերով, չղջիկներով, որոնց գիշերային թռիչքին կարողացա հետևել։ Տպավորված եմ։

Back to top button