Դպրություն

Օտարերկրացի ուսանողների 40 տոկոսը սովորում է բժշկականում․ «Դպրություն»

Արտասահմանցի ուսանողների համար Հայաստանն ապահով երկիր է։ ԵՊԲՀ-ն 101-ամյա պատմություն ունի և իր գործունեության ընթացքում հազարավոր բժիշկներ է պատրաստել, որոնք իրենց մասնագիտական գործունեությունը շարունակել են Հայաստանից դուրս և լուրջ արդյունքներ գրանցել:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի օտարերկրացիների ուսուցման դեկանատն այսօր էլ իր շուրջն է համախմբում հազարավոր արտասահմանցի ուսանողների։

Օտարերկրացիների ուսուցումը համալսարանում իրականացվում է բարձրագույն բժշկական կրթության պետական և միջազգային չափորոշիչներով: Պատմում են օտարերկրացի ուսանողները:

ԵՊԲՀ օտարերկրացի ուսանողների փոխդեկան Խաչատուր Մարգարյան. Աշխարհում կան բժշկական կրթության մի քանի դպրոցներ: Պատմականորեն մենք գերմանական դպրոցի հետևորդներն ենք այն ժամանակվանից, երբ հիմնադիրները՝ հանճարեղ մարդիկ, ավարտեցին գերմանական դպրոցները, թողեցին իրենց բարեկեցիկ կյանքը, եկան և Երևանում հիմնեցին առաջին անատոմիայի դասերը, որոնք լինում էին ախոռում: Այս հարցի հետ կապված կան շատ հետաքրքիր պատմություններ:

Խաչատուր Մարգարյան

Թե ինչո՞ւ են օտարերկրացիները նախընտրում Հայաստանում բժշկական կրթություն ստանալ՝ մի քանի պատճառներ կան: Կրթության որակը, հնարավորությունները թույլ են տալիս նրանց ուշադրությունը սևեռել մեր բժշկական համալսարանի վրա: Հայաստանում օտարերկրացի ուսանողների շուրջ 40 տոկոսը սովորում են ԵՊԲՀ-ում: Պատճառը նաև որակ-գին փոխհահարաբերակցությունն է:

Նաև մենք մի փոքր այլ կերպ ենք վերաբերվում մեր ուսանողներին: Փորձում ենք մշակութային ազդեցություն ևս ունենալ, փորձում ենք ձևավորել մեծ ընտանիք, որտեղ բոլորը բոլորի համար են: Նաև յուրօրինակ դեսպանների գաղափարը կա՝ նրանք ավարտելուց հետո իրենց բնակության երկրներում աշխատում են, իսկ նրանք 80 հազարից ավելի են` շուրջ 40 երկրներում:

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողուհի Սանոբար Շարիֆ. Հնդկաստան. Հայերը հյուրընկալ ու ջերմ մարդիկ են, իսկ ԵՊԲՀ-ը տվել է հնարավորություն զարգանալու և կատարելագործվելու ոչ միայն բժշկական կրթության ոլորտում, այլ նաև համալսարանից դուրս գործունեություն ծավալելու համար: Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, իսկ 2 տարի հետո վերադառնալու եմ Հնդկաստան և անվճար բուժում եմ իրականացնելու իմ ժողովրդի համար:

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողուհի Զեփյուռ Թոփրաքչյան. Սիրիա. Ես Սիրիայում հնարավորություն չունեի բժշկություն սովորելու: Իսկ սիրիական պատերազմը դարձավ հիմնական պատճառը, որ տեղափոխվեմ Հայաստան: Ես ցանկություն ունեի կրթություն ստանալ Գերմանիայում, բայց ուրախ եմ, որ Հայաստանում եմ և իմ բոլոր ընկերներին խորհուրդ եմ տալիս սիրել Հայաստանը և գալ այստեղ սովորելու: Իսկ ինչո՞ւ ընտրեցի հենց բժշկական համալսարանը, որովհետև իմ ազգականներից շատ-շատերն են այս համալսարանի շրջանավարտ, և նրանք այսօր լավ մասնագետներ են, ճանաչված բժիշկներ: Այստեղ շատ հարմար են նաև սովորելու պայմանները՝ բոլոր առումներով, մասնավորապես լեզվի ընտրության հարցը:

Back to top button