ԿարևորՄիջազգային

Կազդե՞ն թուրք–սիրիական բախումները Մոսկվա–Անկարա հարաբերությունների վրա

Սիրիական զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող միակ նահանգում`Իդլիբում, այսօր առավոտյան բախումներ են սկիզբ առել այդ տարածքում տեղակայված թուրքական ստորաբաժանումների և Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ ուժերի միջև:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պաշտոնական այցով Ուկրաինա մեկնելուց առաջ հրավիրված շտապ ասուլիսի ընթացքում նշել է, որ երկու կողմից էլ զոհեր կան, նշելով որ կառավարական ուժերի հրետանային հարվածների հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 9 թուրք զինծառայող։

Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ Անկարայի պատասխան գործողությունների հետևանքով սպանվել է ավելի քան երեք տասնյակ սիրիացի զինվորական։

Լոնդոնում տեղակայված «Սիրիայում մարդու իրավունքների խախտումների դիտարկման կենտրոնի» տվյալներով՝ թուրքական հարվածների հետևանքով զոհված սիրիացի զինվորականների թիվը 6-ն է:

Միաժամանակ Թուրքիայի նախագահը կոշտ հռետորաբարություն է օգտագործել Մոսկվայի հասցեին՝ հորդորելով չմիջամտել տեղի ունեցածին և չփորձել դադարեցնել Թուրքիայի գործողություների Սիրիայում։

Էրդողանն այսօր ևս մեկ անգամ կրկնել է․ «Անկարան չի ճանաչում Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին եւ կշարունակի հետեւել Ղրիմի թաթարների վիճակին»:

Ո՛չ Մոսկվան, ո՛չ էլ Դամասկոսը առայժմ չեն մեկնաբանել Թուրքիայի նախագահի հայտարարությունները։

Իդլիբի շրջանում վերջին օրերի լարվածությունը մեկնաբանելով՝ արաբագետ Արմեն Պետրոսյանը հիշեցնում է․ փաստացի Թուրքիան չկարողացավ կատարել 2018–ի սեպտեմբերին ստանձնած պարտավորությունն ու  կայունացնել իրավիճակը Իդլիբում՝ այն ազատելով տարաբնույթ հակակառավարական խմբավորումներից։

Անկարան անցյալ տարի ուշադրությունը սևեռել էր Սիրիրայի հյուսիս–արևելքի, տարեվերջին՝ նաև Լիբիայի վրա։  Բնականաբար, արաբագետի խոսքով, Դամասկոսն ու Մոսկվան նոր հնարավորություն չէին տալու Թուրքիային և գործելու էին սեփական պլանի համաձայն։

Այդ պլանի շրջանակներում  վերջին մի քանի շաբաթներին սիրիական կառավարական ուժերը և նրանց դաշնակիցները՝ հատկապես ռուսական օդատիեզերական ուժերը, ակտիվ ռազմական գործողություն են իրականացնում Սիրիայի հյուսիսում՝ առավելապես Հալեպ նահանգի հյուսիսային և արևմտյան հատվածում և ամբողջապես Իդլիբ նահանգում. նպատակը այս երկու նահանգների վերջնական և ամբողջական ազատումն է հակակառավարական տարաբնույթ խմբվավորումներից։ Մեր զրուցակցին Անկարայի գործողություններն այս պահին ավելի շատ թատրոն են հիշեցնում։

«Թուրքիայի գործողությունները ես ավելի շատ նմանեցնում եմ ձևական բնույթ կրող թատրոնի, դրանք հիմնականում միտված են  ցույց տալու թուրքական իշխանությունների մտահոգությունը և քայլերը կամ դրանց իմիտացիան։ Այս գործողությունները մինչ այժմ հիմնականում քաղաքական և դիվանագիտական հարթությունում էին տեղի ունենում, այսինքն կտրուկ հռետորաբանություն է որդեգրել Անկարան Սիրիայի իշխանությունների և անգամ Ռուսաստանի հասցեին։ Ստացվում է, որ Անկարան նման հայտարարություններով փորձում է փրկել իրենց դեմքը, քանի որ հատկապես սիրիական հակակառավարական խմբավորումները, նաև մի շարք կարևոր դերակատարներ Մերձավոր Արևելքում ուշադիր հետևում են Անկարայի գործողություններին, թե ինչպես կկարողանա լուծել Իդլիբի թնջուկը»։

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս զարգացումը ռուս–թուրքական հարաբերությունների վրա մեր հարցին՝ Արմեն Պետրոսյանը պատասխանեց․ դժվար թե լուրջ ազդեցություն ունենա։

«Որոշակի հանգրվանում կողմերը կպայմանավորվեն։ Միգուցե սա դավադրությունների տեսությունից է , բայց անգամ հիմա Թուրքիայի գործողությունների բեմականացումը, կարծում եմ, համաձայնեցված է երկու կողմերի միջև։ Երբ որ արդեն «պատին դեմ կտան» հակակառավարական հիմնական խմբավորումներին՝ Իդլիբում կսկսվի բանակցությունների գործընթաց, որում Թուրքիան միջնորդի դերակատարություն կստանձնի»։

Back to top button