Մտքի ուժը

Հայկական նոու հաու. արհեստական անցեմենտ արտադրանք՝ տուֆի թափոններից․ «Մտքի ուժը»

Շինարարական ժամանակակից տեխնոլոգիաները ստեղծվում ու փորձարկվում են ոչ թե շինհրապարակներում, այլ լաբորատորիաներում, ինչպես օրինակ ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի շինարարարական նյութերին կից լաբորատորիան է։ Այն բացվել է 2017 թվականին։ Այստեղ քարեր են, սարք-սարքավորումներ, որոնց մի մասը եզակի է հանրապետությունում։

Հետաքրքիր է հատկապես այն այցելուի համար, որն առաջին անգամ է տեսնում, օրինակ, բետոնախառնուրդի պատրաստման ամբողջ հոսքագիծն ու չի էլ պատկերացնում, թե ինչպես է այն աշխատելու։ Իսկ ամենահետաքրքիրը, որ շինարարական նյութերը ներկայացնում, պատմում է, ինչպես Հայաստանում ընդունված է ասել, գեղեցիկ և թույլ սեռի ներկայացուցիչը՝ Նելլի Մուրադյանը։

Նելլին չգիտի, թե ինչու այս մասնագիտությունն ընտրեց, բայց շատ ուրախ է հատկապես այն օրերին, երբ փորձարկելու նմուշներ է ունենում։ Իսկ դրանք միշտ կան։ Իհարկե, շենքերը հետազոտելիս տղամարդկանց զարմացած հայացքների հանդիպել է, սակայն այժմ էլ շարունակում է շինարարությունով զբաղվել, միայն թե ՝ գիտական ուղղվածությամբ։ Այս լաբորատորիայում շինարարական ժամանակակից սարք- սարքավորումները ձեռք են բերվել վերջին տարիներին՝ առայժմ ուսանողների ու գիտական հետազոտությունների համար։

«Շաղախառնիչ ունենք, որով պատրաստում ենք խառուրդները,- ասում է ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի շինարարարական նյութերին կից լաբորատորիայի վարիչ Նելլի Մուրադյանը՝ շարունակելով թվարկումը,- ունենք նաև հիդրոստատիկ կշեռք, որն օգտագործում ենք, երբ նմուշն ունենում է անկանոն տեսք, կշռում ենք այն»։

Այս լաբորատորիայում գիտական հետազոտությունները նաև քարերի հետ են կապված․ օրինակ տուֆերի թափոնների հիման վրա փորձում են արհեստական անցեմենտ արտադրանք ստանալ։ Ցանկանում են բնապահպանական խնդիր լուծել, բացի այդ մտածում են ապագայի մասին՝ գիտեն՝ բնական պաշարները հավերժ չեն, ինչ- որ մի օր դրանք վերջանալու են։ Սա նաև Նելլիի գիտանակ թեզի թեման է․ «Քարաթափոնները ահռելի ծավալների են հասել։ Մի փոքր քամու դեպքում օդ է բարձրանում, հետո նստում մարդու թոքերի վրա՝ առաջացնելով առողջական խնդիրներ։ Այժմ մենք հետազոտություններ ենք կատարում, մեր տուֆերը բազմազան են, ավելի բարձր ֆիզիկամեխանիկական հատկությունններով, նույն գուներանգով անցեմենտ քարեր ենք ուզում ստանալ։ Ունենք նաև նմուշները»։

Այստեղ նաև ջերմամեկուսիչ նյութեր են ստանում․ դրանք հավասարը հավասարին սկզբունքով կարող են մրցել, ասենք, ամերիկյան արտադրանքի հետ։ Միակ տարբերությունը թերևս այն է, որ հայկական ջերմամեկուսիչ նյութերը լաբորատորիայում են ստանում, իսկ ամերիկյան նմանատիպ նյութերը արտադրական ծավալներով են պատրաստվում։

Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում երեք նմանատիպ լաբորատորիա կա՝ շինարարության և քաղաքային տնտեսության պահպանության, քաղաքաշինության և ճարտապետության, ինչպես նաև շինարարարական խնդիրների բնագիտամաթեմատիական խնդիրների մոդելավորման պահպանման գիտահետազոտական լաբորատորիաները։

Ամեն տարի համալսարանն այս երեք ուղղություններով գիտության կոմիտեին առաջարկներ է ներկայացնում ՝ ստանալով թեմատիկ ֆինանսավորում։ Առաջարկների մեծ մասն ունեն կիրառական նշանակություն։ Համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մանուկ Բարսեղյանն ասում է, որ ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհում են երիտասարդները նախընտրում ինժեներական մասնագիտություն ունեցող գիտություններով զբաղվել։

Պահանջարկ կա, աշխատավարձը բարձր է, սակայն բարձր աշխատավարձին հասնելու համար երկար ժամանակ է պետք, մինչդեռ կան մասնագիտություններ, օրինակ ծրագրավորողները, ավելի կարճ ժամանակում կարող են լավ վաստակ ունենալ։

Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում երիտասարդներին գիտություն բերելու ուղիները գտել են, օրինակ ներքին դրամաշնորհներ են հայտարարում՝ խմբի ղեկավարի առջև պայման դնելով գիտական աշխատանքներում ներառել նաև մեկ կամ երկու մագիստրանտ։ Սա երիտասարդներին գիտության մեջ պահելու միակ խրախուսումը չէ։

Back to top button