Միջազգային

Մադուրոն վերընտրվել է Վենեսուելայի նախագահի պաշտոնում

Լուսանկարը՝ BBC-ի

Նիկոլաս Մադուրոն հաղթել է Վենեսուելայում կայացած նախագահական ընտրություններում՝ ստանալով ընտրողների մոտ 68%-ի աջակցությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մադուրոյի օգտին է քվեարկել ավելի քան 5.8 մլն մարդ, ինչի արդյունքում գործող նախագահը  մինչև 2025-ը կմնա իր պաշտոնում։

Ազգային ընտրական խորհրդի նախագահ Տիբիսայ Լուսենան հայտնել է, որ ընտրություններին մասնակցել է ընտրողների 46.01%-ը: Նրանցից 5.823.718-ը քվեարկել է Մադուրոյի, 1.820.522-ը՝ ընդդիմադիր թեկնածու Էնրի Ֆալկոնի, 925.000-ը՝ Խավյեր Բերտուչիի օգտին:

Հայտնի է, որ Ֆալկոնը հրաժարվել է ճանաչել ընտրությունների վերջնական արդյունքները՝ պնդելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Նա նաև հայտնել է, որ ընտրությունների ժամանակ տեղի են ունեցել հազարավոր խախտումներ:

Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը հրաժարվել է ճանաչել Վենեսուելայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները:

Նույնպիսի դիրքորոշում են զբաղեցրել Արգենտինայի, Չիլիի ու մի շարք այլ լատինամերիկյան պետությունների կառավարությունները:

Back to top button