Իրանի նախագահական ընտրություններում հիմնականը լինելու է տնտեսական թեման


Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Երեւանում են իրանահայ համայնքի ներկայացուցիչները: Իրանի խորհրդարանի պատգամավորներ Կարեն Խանլարյանը, Ռոբերտ Բեգլարյանն ու Իրանի ռադիոյի հայկական ժամի ղեկավար Ռոբերտ Մարգարյանն այսօր Երեւանում հանդիպել են լրագրողների հետ` խոսելով իրանահայ համայնքի խնդիրների մասին, ինչպես նաեւ` անդրադառնալով Իրանի ներկայիս տնտեսական վիճակին ու սպասվող ներքաղաքական զարգացումներին:
Իրանահայության մոտավոր թիվը Իրանում 100 հազար է։ Իրանահայ համայնքի ներկայացուցիչներն ասացին, որ իրանահայության ամենամեծ խնդիրներից է սոցիալ-տնտեսական իրավիճակը, որը ազդում է բոլորի՝ ամբողջ հասարակության վրա:
Իրանի հայկական համայնքն ունի մեկ օրաթերթ՝ «Ալիք»- ը։ Լույս են տեսնում նաեւ մի քանի այլ շաբաթաթերթեր, որոնք իրանահայությանը իրազեկում են երկրի անցուդարձերի մասին:
Իրանի խորհրդարանի պատգամավոր Կարեն Խանլարյանի փոխանցմամբ` Իրանի տնտեսական վիճակը վերջին ամիսներին մի փոքր վատացել է` շրջափակման պատճառով, «բայց, այնուամենայնիվ, քաղաքական կյանքը շարունակում է մնալ կայուն»:
Իրանի քաղաքական իրավիճակը կայուն է եւ միաժամանակ իրադարձություններով հարուստ, քանի որ հաջորդ տարի սպասվում են նախագահական ընտրություններ։
Իրանահայ համայնքի ներկայացուցիչների փոխանցմամբ` այս շրջանում քաղաքական ուժերը և կուսակցությունները նախընտրական ակտիվություն են ցուցաբերում:
Կարեն Խանլարյանը տեղեկացրեց, որ իրանահայությունը իրանական ներքաղաքական պայքարից աշխատում է ավանդաբար հեռու մնալ՝ չնայած ակտիվորեն մասնակցում է համապետական ընտրություններին:
Խոսելով իրանահայության խնդիրների և Իրանում տեղի ունեցող զարգացումների մասին` Իրանի խորհրդարանի պատգամավոր Կարեն Խանլարյանը վստահեցրեց, որ իրանահայությունը կրոնական և ազգային խտրականության չի ենթարկվում:
Իրանի խորհրդարանի մեկ այլ պատգամավոր` Ռոբերտ Բեգլարյանի խոսքով՝ Իրանի տնտեսական ներկայիս ծանր իրավիճակը բացատրվում է նաև Իրանի գործող կառավարության տնտեսական քաղաքականությամբ: «Դա անհերքելի փաստ է արդեն թե տնտեսագետների, թե վերլուծաբանների կողմից»։
Ըստ նրա` Իրանում սպասվող նախագահական ընտրություններում բոլոր թեկնածուները, ամենայն հավանականությամբ, խոսելու են հենց Իրանի տնտեսական առկա իրավիճակից դուրս գալու մասին, սակայն վերջնական խոսքը պատկանելու է Իրանի հոգևոր առաջնորդին:
Իր հերթին Իրանի ռադիոյի հայկական ժամի պատասխանատու Ռոբերտ Մարգարյանը փոխանցեց, որ ռադիոյի հայկական ժամը իսլամական հեղափոխությունից հետո հեռարձակվում է կես ժամ առավոտյան կես ժամ երեկոյան ռեժիմով։
«Մեր նկատմամբ չկա գրաքննություն, մենք ազատորեն տեղադրում ենք մեր նյութերը»,- ասաց նա։
Իրանի ռադիոյի հայկական ժամի ղեկավարի փոխանցմամբ, սակայն, այնուամենայնիվ, կա պետական ինչ-որ քաղաքականություն, որն իրենք պարտավոր են զգում հարգելու, պահպանելու «կարմիր գծեր»-ը, պետական դիրքորոշումները որոշակի հարցերի վերաբերյալ:
«Եթե նման մոտեցմամբ ենք առաջնորդվում, ապա որեւէ գրաքննության կարիք էլ չի զգացվում»,-եզրափակեց Իրանի ռադիոյի հայկական ժամի պատասխանատուն: