ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Արմաշի ու Կարմիր մոլորակի նմանությունն ապշեցնող էր․ մարսային առաքելության ղեկավար

Արարատի մարզի ժայռոտ սարահարթում Մարս մոլորակը «զգալու» գիտափորձի ավարտից հետո սկսվել է արդյունքներն ամփոփելու փուլը: Տարբեր երկրների 6 անալոգ տիեզերագնացներ շուրջ մեկ ամիս «Արմաշ» կայանում Կարմիր մոլորակի ապագա գաղութարարների դերում էին: Նրանք գիշերում էին շարժական ներքնակների վրա, բարձր կենսամատչելիությամբ «սուպերֆուդ» ընդունում, մարսային անկշռելիության զգացողություն հաղորդող սկաֆանդրներով հետևում Վիեննայի կենտրոնակայից հնչող հրահանգներին:  

AMADEE 24 առաքելության ժամանակ Մարս մոլորակը Հայաստանն էր, Մայր մոլորակը՝ Ավստրիան: Տիեզերագնացները մեկուսացումից դուրս եկան ապրիլի 5-ին: Հետո «Ավստրիական տիեզերական ֆորումի» ղեկավար Գերնոթ Գրոմերը  «Հայկական տիեզերական ֆորումի» անդամների հետ հայաստանյան բուհերում ոլորտով հետաքրքրվող ուսանողներին ներկայացրեց ստացված արդյունքները:

Ավստրիացի աստղակենսաբանի դիտարկմամբ՝ հայաստանյան առաքելությունը և՛ լարված էր, և՛ արդյունավետ:

«14-րդ առաքելության ընթացքում բախվեցինք եղանակային այնպիսի մարտահրավերների, որոնք նախկինում չեինք ունեցել: Մարսի վրա անձրև չի գալիս, իսկ Արմարշում եկավ: Կասկածներ ունեինք՝ արդյո՞ք կկարողանանք իրական գիտական ​​տվյալներ արտադրել: Բայց ամեն ինչ հաջողվեց»:

Տիեզերագնացության առաջընթացի մասով հնչում են ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան խոշոր տերությունների անունները: Թվով 14 առաքելության փորձ ունեցող մասնագետը նշում է, սակայն, որ Ավստրիայի և Հայաստանի նման փոքր երկրները նույնպես կարող են ունենալ հաջողություններ:

«Տիեզերագնացությունը կենտրոնացած է բարձր տեխնոլոգիաների վրա: Հայաստանը բաց է նորարարությունների համար, նախկինում ունեցել է ինժեներական ոլորտի պայծառ ուղեղներ և այժմ էլ ունի: Այնպես որ, ես չեմ զարմանա, եթե Հայաստանի դրոշը տեսնեմ Մարսի իրական առաքելության ժամանակ»:

«Մարսային կենսապայմաններն» ուսումնասիրելու տարվա գլխավոր գիտափորձը բացառիկ են դարձրել Արմաշի «կարմիրմոլորակյան» ժայռերն ու գրունտը: Ավստրիացի մասնագետը պատմում է՝ մեկուսացողներին ապշեցրել են տեղի բնապատկերները:

«Եթե Արմաշի մեր լուսանկարներում երկնքի կապույտը  փոխենք մարսային երկնքի կարմրավուն գույնով, կարելի է պատկերացնել, որ կանգնած ենք հենց Մարսում: Սիմուլյացիոն առաքելության ժամանակ հարկ էր անտեսել միայն տեղանքում առկա փոքրիկ թփերը: Լեռնաշղթաները, որոնք տեսնում էինք, շատ նմանություն ունեն Մարսի հետ: Դրանց թեքությունները, չափերն ու բաշխվածությունը մարսյան կոնկրետ վայրեր են հիշեցնում»:

Արարատի մարզի անհարթությունները ռոբոտասարքերի համար «ցանկալի» փորձություններ են ապահովել: AMADEE 24-ի գիտափորձերից մեկը կապված է եղել հենց մարսագնացների հետ:

«10-20 տարի առաջ քննարկողների մի մասն ասում էր, որ Մարս պետք է ուղարկել միայն մարսագնացներ։ Այսօր բոլորս ենք համամիտ, որ մարդն ու ռոբոտը միասին պետք է հասնեն այնտեղ: Երբ մենք պարզենք, թե ռոբոտներն ինչպես կարող են առանց շարքից դուրս գալու աշխատել, Մարսում հնարավոր կլինի դրանք էներգիայի ծախսման առումով առավել օպտիմալ կառավարել»:

AMADEE 24-ի համար սկսվել է արդյունքները վերլուծելու փուլը: Մեկուսացման մասնակից 6 անալոգ տիեզերագնացներն, օրինակ, ուսումնասիրող թիմին պատմում են զգացողությունների և հոգեբանական ընկալումների մասին:

«Մի քանի շաբաթ կպահանջվի բնականոն կյանքի և աշխատանքի վերադառնալու համար: Բայց նրանք գիտության դեսպաններ կդառնան, երբ խտացնեն այն ամենը, ինչ ապրեցին առաքելության ընթացքում: Անալոգ տիեզերագնացները դպրոցներում ու համալսարաններում սեփական փորձառության մասին հանդես կգան ելույթներով՝  երիտասարդներին թույլ տալով զգալ, որ տիեզերքի հետազոտությունը ոչ միայն հոլիվուդյան ֆիլմի սյուժե է, այլև ապագայի մասնագիտություն»:

«Արմաշ» կայանի կարևորությունը չի նվազի: Այն կարող է մասնակցել 2025թ.-ի սեպտեմբերին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ կազմակերպվող «Գլոբալ անալոգ-2025»-ին: Դա համաժամանակյա առաքելություն է, որն իրականացնելու համար կմիավորվեն տիեզերական հետազոտություններով զբաղվող գիտահետազոտական ​​կայանները։

«Արմաշի մասնակցության մասով բանակցությունները ավարտական փուլում են: Դա միջազգային ընդգրկուն նախաձեռնություն է, որին կմասնակցեն բազմաթիվ կայաններ՝ Հարավային Ամերիկայում Բրազիլիայից մինչև այս տարածաշրջանում Հայաստան»:

Գերնոթ Գրոմերը նկատում է՝ հանրության շրջանում ևս հարցը բեկումնային փուլ է մտել: Եթե տարիներ առաջ անալոգային առաքելությունների ժամանակ լրագրողները հարցնում էին «կթռչե՞նք արդյոք Մարս», այժմ հետաքրքրվում են՝ ե՞րբ դա տեղի կունենա:

Մասնագետը վերահաստատում է իր կանխատեսումը՝ այսօր ապրողները կտեսնեն մարդու՝ Մարսի վրա ոտք դնելու պահը:

Back to top button