ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Զորակոչից ազատվելու հիվանդությունների ցանկը կրճատվել է

ՀՀ պաշտպանության նախարարությունը կկրճատի այն հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակա անձինք ոչ պիտանի են ճանաչվում զինվորական ծառայության համար։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Այսուհետև թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի։ 

Զորակոչիկի ուղեղում կիստա կա, բայց դա հնարավոր չէ նույնականացնել․ այս արձանագրումը Պաշտպանության նախարարությանն է։ Վարչապետն ընդգծում է՝ այս ոլորտում բազմաթիվ խնդիրներ են բացահայտվում․

 «Վերջին շրջանում մի քանի այդպիսի աղմկոտ դեպքեր հիշում եմ, երբ զորահավաքային, առողջապահության համակարգի աշխատակիցների ներգրավմամբ ուղղակի սխեմաներ էին գործում, և պետական վերահսկողական ծառայության ստուգման արդյունքում մի զարմանալի փաստ հայտնաբերեցինք. իմ մտքով չէր էլ անցել, որ այդպիսին է պրակտիկան։

Խնդիրները շատ խորն են՝ արձանագրում է կառավարության ղեկավարը։ Բայց ահազանգերը իրավիճակի մասին տվյալ համակարգերից չեն ստացել։

«Ո՞ւմ մտքով կանցներ, որ երկրի էլիտար երկու մասնագիտություն ունեցող ներկայացուցիչների միջև այդպիսի լայն համագործակցություն կա ընդդեմ պետության»։

2023 թվականի ամառային զորակոչի ժամանակ քաղաքացիները զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ ավելի քան 1400 ՄՌՏ հետազոտության տվյալներ են ներկայացրել, որոնցից 737-ի դեպքում առողջական վիճակի հետազոտությունների և բժշկական փորձաքննության արդյունքում զորակոչիկները ճանաչվել են ոչ պիտանի զինվորական ծառայության համար, իսկ 2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում՝ ավելի քան 1000 հետազոտության տվյալների հիման վրա իրականացված առողջական վիճակի հետազոտությունների և բժշկական փորձաքննության արդյունքում 220 զորակոչիկ արդեն իսկ ճանաչվել է ոչ պիտանի և օրենքով սահմանված կարգով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։

Կառավարությունում որոշել են խստացնել կարգը։

ՊՆ Սուրեն Պապիկյան․ «Քաղաքացու կամ զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման ցանկում վիճակները ճանաչել զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի, ինչպես նաև հստակեցնել այդպիսի առողջական վիճակի հակացուցված զինվորական ծառայության պայմանները»։

Խոսքն առանց կլինիկական դրսևորումների, ախտաբանական փոփոխությունների կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների՝ մանկավարժական բարձիթողի վիճակ և ուսուցմնան ու գրագիտության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց զինվորական ծառայությունը ոչ պիտանի ճանաչելու, ինչպես նաև ուռոլոգիական և նյարդաբանական համակարգի հիվանդությունների հաստատված՝ գիշերամիզություն հիվադնություն ունեցող պարտադիր զինծառայողների զորացրման դեպքերի մասին է․

«Կիստաների առկայությամբ սահմանափակումները նախատեսվելու է զորամասի բժշկի կողմից։ Գիշերամիզությունը հիվանդությամբ ծառայությունը օրվա հեշտացված կարգով, առանց վարքային խանգարումների չեն ընդգրկվում մարտական հերթապահության, արգելվում է մեքենա վարելն ու անձնակազմ ղեկավարելը»։

Խստացումները պատահական չեն։ Ծառայության ընթացքում յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ զինծառայողները ռազմաբշկական փորձաքննություն են անցնում և նրանց մեծ մասն առաջին իսկ փորձաքննության արդյունքում ճանաչվում է ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար և վաղաժամկետ ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից։ Վիճակագրության համաձայն, «Մտավոր հետամնացություն» ախտորոշմամբ պարտադիր զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված զորակոչիկների թիվը զորակոչից-զորակոչ ավելացել է։ Մասնավորապես, եթե 2020 թվականի ամառային զորակոչի ընթացքում նշված ախտորոշմամբ ոչ պիտանի է ճանաչվել 188 զորակոչիկ, ապա 2022 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում այդ թիվը դարձել է 321։

Back to top button