ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Քաղաքացիները զինվորական հավաքների մասին կծանուցվեն էլեկտրոնային փոստով․ ՊՆ-ն առաջարկում է փոխել ծանուցման կարգը

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ մտցնել քաղաքացիներին զինվորական պարտադիր ծառայության կամ զինվորական հավաքների մասին ծանուցումների կարգում։ Գերատեսչությունում կարծում են` իրավական կարգավորումներում բացեր կան, ինչի հետևանքով քաղաքացիները հաճախ խուսափում են հավաքներին ներկայանալ։ Կառավարությունն այսօր հավանություն է տվել օրենսդրական փոփոխությունների ներկայացվող նախագծին, իսկ օրենսդիրը հարցը կքննարկի անհետաձգելի կարգով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ այս փոփոխությունները կարևոր քայլ են բանակային բարեփոխումների գործընթացում։

Քաղաքացիները զինվորական հավաքների կամ պարտադիր զինվորական ծառայության մասին առաջնահերթ կարող են ծանուցվել իրենց պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով։ Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ ու լրացումներ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում և հստակություններ մտցնել քաղաքացիների ծանուցման կարգի կամ ծանուցված համարվելու վերաբերյալ կարգավորումների մեջ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մանրամասնում է՝ առաջարկում են սահմանել ծանուցումների հերթականություն, որում առաջնահերթ կհամարվի հենց էլեկտրոնային փոստով ծանուցումը։

«Ընդ որում, եթե առկա է քաղաքացու համաձայնությունը, ՊՆ միայն այդ մեյլի միջոցով կկատարի ծանուցում, ապա եթե նույնիսկ բացակայում է այն կարդալու վերաբերյալ էլեկտրոնային հավաստումը, այդ դեպքում քաղաքացին պատշաճ ծանուցված է համարվում ծանուցումն ստանալուն հաջորդող 5-րդ օրը»։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան

Էլեկտրոնային եղանակով ծանուցվելու համաձայնության բացակայության կամ անհնարինության դեպքում քաղաքացին զինվորական ծառայության մեկնելու կամ զորահավաքի մասնակցելու վերաբերյալ որոշումը կստանա առձեռն կամ փոստային պատվիրված նամակով։ Այս տարբերակով էլ ծանուցումը չիրականացնելուց հետո արդեն նախարարությունը կդիմի հրապարակային ծանուցման, այսինքն որոշումը կհրապարակվի Հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում, ինչից հետո 10-րդ օրը քաղաքացին կհամարվի պատշաճ ծանուցված։

«Նշեմ, որ այս պրոցեսն իրենից ենթադրում է 30 օր, այսինքն քաղաքացու ծանուցման բոլոր տեսակի հնարավոր միջոցներով ծանուցման պրոցեսը ապահովելու և վերջում արդեն հրապարակային ծանուցման միջոցով նրան ծանուցելը ենթադրում է ընդամենը 30 օր»,– մանրամասնում է Պապիկյանը։

Օրենսդրական փոփոխությամբ ՊՆ առաջարկում է քաղաքացու պատշաճ ծանուցումը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք սահմանել։ Ծանուցագրերը առձեռն ստանալու դեպքում քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացական կտրամադրվի, իսկ փոստային կապով ծանուցման դեպքում՝ ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթուղթը կամ էլեկտրոնային հավաստումը: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասում է՝ այժմ գործող կարգավորումներով հաճախ քաղաքացիները, օրինակ, զինվորական հավաքների վերաբերյալ ծանուցված չլինելու պատրվակով, խուսափում են ներկայանալ զինկոմիսարիատ։

«Գործող օրենքի համաձայն՝ սահմանված է քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու, վերադառնալու վերաբերյալ ծանուցումների իրականացումը փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով, սակայն հստակեցված չեն դրանց պատշաճ տրման ձևաչափերը: Այդ կապակցությամբ գործնականում քիչ չեն դեպքերը, երբ պատշաճ ծանուցումների չապահովման արդյունքում քաղաքացիները խուսափում են համապատասխան միջոցառումների ներկայանալուց, իսկ դրա պատճառով հնարավոր չի լինում լուծել նրանց համապատասխան պատասխանատվության հարցերը»:

Այս ու նմանօրինակ փոփոխությունները ևս բանակային բարեփուխումների մաս են կազմում՝ շեշտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսպիսով՝ գործադիրը կկրճատի նաև ծանուցուման ծախսերը։

«Այս օրենսդրական նախաձեռնության իմաստն այն է, որ քաղաքացու ծանուցված համարելու դե յուրե արձանագրումը դառնա անխուսափելի մի պրոցես, որը կբերի կոնկրետ արդյունքների: Հարցը, իհարկե, բազում շերտեր, նրբություններ ունի, և պետք է ասել, որ շատ մանրամասն ենք քննարկում և կայացրել ենք այսպիսի որոշում, և մենք պետք է այս ուղղությամբ պրոցեսները շարունակենք»,– ասում է Նիկոլ Փաշինյանը։

Կառավարությունը հերթական նիստում հավանություն տվեց Պաշտպանության նախարարության առաջարկին, իսկ Ազգային Ժողովը պաշտպանության նախարարության առաջարկած օրենսդրական փոփոխությունները կքննարկի անհետաձգելի ռեժիմով։

Back to top button