ԿարևորՀասարակություն

Ի՞նչ կբերի Խաղաղության մրցանակը Բաքվի բանտում գտնվող Վարդանյանին

Սա ընդամենը փոխհատուցում է, աղետներ կազմակերպելուն նպաստող նյութեր հայտնագործելուց հետո այդ աղետները կանխողներին շնորհակալություն հայտնելու յուրահատուկ քայլ․ այսպես է մեկնաբանվում դինամիտը, բալիստիկ վառոդը հայտնագործելուց հետո Ալֆրեդ Նոբելի՝ Խաղաղության Նոբելյան մրցանակը «հորինելու» որոշումը։ Սակայն Նոբելը մահացել է՝ այդպես էլ չասելով՝ տարածված այս վարկածն իրականությո՞ւն է, թե՞ ոչ, ինչո՞ւ ենք մենք նրա մահից 128 տարի հետո էլ մարդկանց Խաղաղության մրցանակի արժանացնում։

Դա պարզել էլ հնարավոր չէ, բայց կարելի է փորձել պարզել՝ ինչո՞ւ են մարդիկ առաջադրվում այդ մրցույթին (իհարկե՝ մեկ միլիոն դոլար մրցանակային ֆոնդի գրավչությունից բացի)։

Ինչո՞ւ Ռուբեն Վարդանյանը, ինչո՞ւ պետք է հաղթի

«Առաջադրման փաստն արդեն ինչ-որ ազդեցություն այդ որոշման վրա կունենա, իսկ եթե լինի մրցանակ, ապա այդ ազդեցությունը միանշանակ կլինի շատ ավելի մեծ»։

«Ապրի Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ վերլուծաբան Բենիամին Պողոսյանի կարծիքն է։ Զրուցում ենք Ռուբեն Վարդանյանին խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու մասին։ Նախորդիվ Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնել էին․ «Հեղինակավոր անձանց կողմից Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է այդ բարձր մրցանակին՝ շուրջ հինգ տասնյակի հասնող նոր և աննախադեպ կրթական, բարեգործական, գիտական և մարդասիրական կառույցների ստեղծման ու օժանդակման համար ոչ միայն Հայաստանում, այլև մի շարք երկրներում»:

Առաջադրողներին տպավորել են Վարդանյանի՝ Արցախում պատերազմների ու դրանց սպառնալիքի, ֆինանսական և քաղաքական ճգնաժամերի ընթացքում գործադրած ջանքերը։ Կարևորվել է նաև նրա հեղինակային խոշոր նախագծերից մեկը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ուղղված է աշխարհի բոլոր անկյուններում, բոլոր մայրցամաքներում օգնելու և ձեռք մեկնելու բոլոր նրանց, ովքեր, վտանգելով սեփական կյանքը, բարիք են գործում:

Գնահատականը, իհարկե, կարևոր է, սակայն շոշափելի ինչ օգնություն կարող է տալ այժմ Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Բենիամին Պողոսյան

«Բոլորս ենք հասկանում, որ անկախ նրանից, թե քանի մարդ է առաջադրվել և, բնական է, հաղթողը մեկն է, բայց ինքնին այդ մրցանակին առաջադրվելը որոշակի շրջանակներում, խոսքը և՛ մեդիա շրջանակի մասին է, և՛ գիտական, փորձագիտական, ներքաղաքական, տվյալ առաջադրվողի անունը դրվում է հավելյալ շրջանառության մեջ։ Որքանով սա ռեալ ազդեցություն կունենա Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կողմից ընդունվող որոշումների վրա, (բոլորս ենք հասկանում, որ այստեղ իրավական բաղադրիչ եթե կա էլ, շա՜տ երկրորդային նշանակություն ունի, թե՛ ձերբակալումը, թե՛ նրանց բանտում հայտնվելը, թե՛ հետագա ճակատագիրը միանշանակ քաղաքական որոշումներ են), դա չափազանց բարդ է գնահատելը, բայց այդ գործընթացը ևս մեկ քայլ է, որ թե’ պարոն Վարդանյանի, թե’ մնացած 7 ձերբակալված գործիչների մասին քննարկումները հանրային ու միջազգային բնույթ ստանան»։

Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ թվերով

Խաղաղության Նոբելյան մրցանակը 1901 թվականից ի վեր ամեն տարի շնորհվում է նրանց, «ովքեր կատարել են ամենամեծ կամ ամենաարդյունավետ աշխատանքը՝ ազգերի մեջ եղբայրություն հաստատելու, մշտական զորքերի վերացման կամ նվազեցման, խաղաղության համագումարների անցկացման և խթանման համար»։ Մինչև այժմ այն հանձնվել է 111 մարդու և 27 կազմակերպության։ 2016-ին մրցանակը ստանալու համար ռեկորդային թվով թեկնածուներ կային․ հաղթողն ընտրվեց 376 թեկնածուից։

Իսկ այս տարի Ռուբեն Վարդանյանի հետ միասին մրցանակին հավակնում է ևս 284 թեկնածու՝ 195 մարդ և 89 կազմակերպություն։

Դժվար է ասել, թե առաջադրված անձանցից քանիսն են այս պահին գտնվում անազատության մեջ, սակայն պատմության մեջ հինգ մրցանակակիր կալանքի տակ են եղել իրենց մրցանակների հանձնման ժամանակ: Նրանցից մեկը նախորդ տարվա մրցանակակիր իրանցի իրավապաշտպան Նարգիզ Մոհամադին էր։ Նա այժմ էլ 12-ամյա պատիժն է կրում Թեհրանի Էվին բանտում։

Բենիամին Պողոսյանը չգիտի՝ որքանով է հավանական Ռուբեն Վարդանյանի հաղթանակը, սակայն կարծում է՝ դրա հետ որոշակի հույսեր կապել կարելի է․

«Կարծում եմ՝ եթե պարոն Վարդանյանն այդ մրցանակը ստանա, կարող ենք ասել, որ դա իրոք մեծ ազդեցություն կունենա այն որոշումների վրա, որ նախագահ Ալիևը պետք է ընդունի՝ ինչ անել Արցախի ձերբակալված ռազմաքաղաքական ղեկավարության հետ, և եթե առաջադրումը ազդեցություն կունենա, բայց դժվար է ասել՝ ինչպիսի, ապա եթե պարոն Վարդանյանը մրցանակը ստանում է, հասկանալի է, որ ազդեցությունը կլինի շատ ավելի մեծ»։

Սակայն ադրբեջանցի պատգամավորների տարածած հայտարարություններն առանձնապես հուսադրող չեն։ Նրանցից մեկն այս առաջադրումը համարել է Վարդանյանին Բաքվի բանտից դուրս բերելուն ուղղված PR քայլ՝ ասելով, թե իրենք չպետք է թույլ տան, որ դա տեղի ունենա։ Իշխող ուժի մեկ այլ պատգամավոր նշել է, որ որոշ դեպքերում Խաղաղության Նոբելյան մրցանակը ծառայում է քաղաքական նպատակների և Վարդանյանի՝ առաջադրվելու փաստը վարկաբեկում է մրցանակը։ Նրանք խոստացել են այս գործընթացը տապալելու քայլեր ձեռնարկել։

Back to top button