Երաժշտական եռանկյունի

Վալերի Տոլստովը նոր–էթնո ջազ նախագծով կներկայանա Հայաստանում. «Երաժշտական եռանկյունի»

Վալերի Տոլստովը համաշխարհային բեմերում առավել ակտիվ գործող հայ ստեղծագործողներից է, ծնվել է և երաժշտական կրթությունը ստացել է Հայաստանում, բայց այժմ բնակվում է Շվեյցարիայում։

Նա աշխատում է մի քանի երաժշտական ուղղություններով։ Նրա հիմնած «Աութենթիկ լայթ օրկեստրա»-ն առաջիկայում ելույթ կունենա Հայաստանում։ Ելույթին ընդառաջ՝ երաժիշտը խոսում է անցած տարվա կարևոր իրադարձությունների մասին։  

«Այս տարվա առավել նշանակալից նախագիծն ինձ համար նոր համերգային ծրագրի իրականացումն է՝ եվրոպացի, հնդիկ և հայ երաժիշտների հետ համագործակցությամբ։ Ստեղծել եմ մի երաժշտական հայեցակարգ, որի հիմքում բարոկկո շրջանի հնագույն նվագարանների համույթն է՝ հնդկական ավանդական սիթարն (լարային նվագարան) ու տաբլան (հարվածային գործիք) և հայկական դուդուկը։ Որպես երաժշտական հիմք վերցրել եմ իսպանական «ֆոլիա» տարատեսակը, որը մեծ տարածում էր գտել Եվրոպայում բարոկկոյի ժամանակաշրջանում և այդ գեղագիտության տարածքում փորձել եմ ներհյուսել հնդկական և հայկական ֆոլկլորի տարրերը». — ասում է երաժիշտը։

Բացի ստեղծագործելուց, նա նաև ակտիվ աշխատում է որպես ֆլեյտահար-կատարող, համագործակցում է տարբեր երաժիշտ-մենակատարների և նվագախմբերի հետ։ Էքսպերիմենտներ է կատարում ձայնագրման ստուդիայում՝ օգտագործելով ձայնագրման շերտային տեխնիկան, մեկ ֆլեյտայով ստեղծում պոլիգոնիկ հնչեղություն։

Առավել նշանակալից իրադարձություն է համարում իր համագործակցությունը աշխարհահռչակ գալարափողահար և ալպիական փողի վրա նվագող Շիլկլոպերի հետ, ինչի արդյունքը եղավ 2023-ին հրատարակված նոր ալբոմը։

Աշխատում է Ցյուրիխի կաթոլիկ տաճարներից մեկում՝ որպես երգեհոնահար, յուրաքանչյուր կիրակի կատարում է երգեհոնային պատարագներ։ Կատարում է նաև երգեհոնային ձայնագրություններ՝ նախապատվությունը տալով Բախի պատարագներին և հորինելով սեփական երգեհոնային ստեղծագործությունները, թողարկում ձայնասկավառակներ։ Հայկական տարրը նրա ստեղծագործության մեջ մեծ տեղ է զբաղեցնում, աշխարհահռչակ «Նաքսոս» ձայնագրման արտադրողի կողմից թողարկված «Երկինքն ամպել ա» կոնցեպտուալ ալբոմում նա ներկայացրել էր Կոմիտասի կողմից գրառված հայկական այդ երգի 19 ջազային վարիացիաներ։

Երաժիշտը չի սահմանափակվում միայն բեմական գործունեոըթյանբ, գրում է նաև երաժշտություն թատերական ներկայացումների և կինոյի համար։ Աշխատում է ակադեմիական, ջազ, ֆյուժն և պրոգրեսիվ երաժշտության ասպարեզներում։ Սպասվող համերգի ընթացքում նույնպես հնչելու են հայկական էլեմենտներով հագեցած նոր կոմպոզիցիաներ։

Back to top button