Վերնատուն

Հայ բեմում «աղմուկ հանած» ներկայացումների պակաս կա. «Վերնատուն»

Թատրոնի միջազգային օրվա առիթով թատերագետներ Տիգրան Մարտիրոսյանը և Նաիրա Շահվալադյանը խոսում են թատերական զարգացումների, «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության այս տարվա արդյունքների մասին։

Թատերագետ, «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հանձնախմբի անդամ Տիգրան Մարտիրոսյանը 2023 թվականի թատերական տարին աղքատիկ է գնահատում, դրական առումով աղմուկ հանած և վառ ներկայացումները շատ չէին և ոչ բոլոր անվանակարգերում է ընտրությունը մեծ եղել։

Այս տարվա ձեռքբերումը համարում է Աշտարակի դրամատիկական թատրոնի վերաստեղծումը։

Նաիրա Շահվալադյանը նշում է, որ իր թատերախոսականում, որն անդրադառնում է թատրոնի ներկայիս գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Գոռ Մարգարյանի «Բովանդակություն» ներկայացմանը, կանխատեսել է, որ երբեմնի թատերախումբը ինքնուրույն թատրոն դառնալու հայտ է ներկայացնում։ Թատերախումբը Աշտարակի դրամատիկական թատրոնի կորիզն է։ Խոսելով թատրոնների արդիական խոսքի, նոր մոտեցումների մասին` թատերագետները նշում են, որ տեխնիկական ու տեխնոլոգիական զարգացումները իրենց ազդեցությունն են ունենում։ Ներկայացումներում նորարարական միջոցներ են կիրառվում և ,դերասանի խաղընկերը հաճախ լինում են էկրանն ու լույսերը։

«Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ գնալով դերասանի դերը բեմում նվազում է, նրա ստեղծագործական տարածքը փոքրանում է, որովհետև եթե ինչ-որ բան անցյալում խաղով էր արտահայտվում, այս դեպքում դրան օգնության են գալիս տեխնոլոգիական միջոցները։ Սա երբեմն մասնագիտական աղքատացման է տանում», — ասում է Նաիրա Շահվալադյանը։

Տիգրան Մարտիրոսյանը նշում է, որ 2020 թվականից թատրոնում ամենաակտուալ թեման մնում է պատերազմը։ «Ունեցել ենք պատերազմական թեմայով ներկայացումներ, բայց նման թեմային անդրադառնալիս հիմնականում հետևանքներն են մեկնաբանվում և զերծ են մնում պատճառը մեկնաբանելուց», — ասում է թատերագետը։ Այս տարվա թատերական կարևոր ձեռքբերումներից թատերագետները համարում են ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհը ՀԹԳՄ «Թատերակետեր» թատերագիտական կայքին, որի շնորհիվ կայքը կապահովի թատերախոսական իր ակտիվությունը։ Թատերագետները «Արտավազդ» մրցանակաբաշխությունը համարում են կայացած և նշում, որ 2024 թվականին հայ թատրոնի պատմությունը դատարկ չի մնա թատերագիտական ակտիվության տեսանկյունից

Back to top button