Երաժշտական եռանկյունի

Մագդա Մկրտչյան. Հայկական օրորների նոր գանձարանը. «Երաժշտական եռանկյունի»

Օրորոցային երգը պատկանում է հայ ժողովրդական, ավանդական երգային ժառանգության հնագույն և ամենակենսունակ ժանրերի թվին: Շնորհիվ այս երգերի, հայ կինն իր մանկան գովքն է արել՝ արտահայտելով իր անսահման սերն ու գորովը, որն էլ ավելի է ամրապնդել հոգևոր կապը մոր և մանկան միջև: «Երաժշտական եռանկյունու» տաղավարում հյուրընկալել ենք Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար, սոպրանո Մագդա Մկրտչյանին, ով այս անգամ ներկայացրեց իր նոր՝ «Հայկական օրորների գանձարան» ձայնասկավառակը: Այնտեղ ընդգրկված են 21 օրորներ, դրանք ծաղկաքաղ են Հայաստանի տարբեր մարզերի ու տեղանքների օրորներից՝ երգչուհու անզուգական կատարմամբ:

 Մագդա Մկրտչյանը 1993-1998 թվականներին սվորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեներգեցողության բաժնում՝ ավարտելով նաև ասպիրանտուրան (պրոֆեսոր Գոհար Գալաչյանի դասարանում)։ 1999 թվականից Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար է։ 2000 թվականին հանդես է եկել Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր» օպերայում Լեոնորայի դերերգով (առաջնելույթ, դիրիժոր՝ Օհան Դուրյան)։

2000-2001 թվականներին վերապատրաստվել է Լ. Պավարոտիի և Մ. Մերիգգոյի դասարաններում (Իտալիա), մասնակցել է Գ. Վիշնևսկայայի (Մոսկվա), Ն. Ֆիգուերի (Բեռլին) վոկալ վարպետացման դասընթացներին։ Մենահամերգներով հանդես է եկել Հայաստանի և արտասահմանյան մի շարք հանրաճանաչ բեմերում, որոնցից են՝ Dorothy Chandler Pavilion (2001, ԱՄՆ), Konzerthause (2004, Բեռլին), Nicolaisaal (2004, Պոտսդամ), Handel Hоuse (2004, Հալլե), Siemens-Villa (2004), Դոժերի Պալատ (2005, Իտալիա), Ջուստինյան Պալատ (2005, Իտալիա), Դ. Շոստակովիչի անվան պետական ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահ (2009, Սանկտ-Պետերբուրգ)։ 2005 թվականին կատարել է Յոհաննես Բրամսի «Ռեքվիեմը» (դիրիժոր՝ Ա.Վասսերման, Գերմանիա)։ 2006 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

2006 թվականին Վատիկանում Բենեդիկտ Պապ 16-րդի ներկայությամբ ներկայացրել է միջնադարյան շարականները, որը Տելեպաչե հեռուստատեսությունը հեռարձակել է աշխարհի 27 երկրներում։ 2008 թվականին հիմնել է «3-Սոպրանո» նախագիծը։  Հանդես է եկել Արամ Խաչատրյանի «Ձոն ցնծության» Վերդիի «Նաբուկո», Բելլինիի «Նորմա», Ֆրանց Շուբերտի «Միրիամի հաղթական երգը», Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Դոն Ժուան» և այլ օպերաներում։ 2011-2012 թվականներին հանդես է եկել Վերդիի «Աիդա» օպերայում Աիդայի դերերգով (դիրիժոր՝ Հ. Արզումանյան, 2011), (դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան, 2012)։

Թողարկել է 4 ձայնասկավառակ՝ հոգևոր և դասական ստեղծագործությունների ժանրերում։

Երգչուհին համոզված  է, որ հայ մայրերն իրենց կենցաղ պիտի վերադարձնեն մեր չքնաղ օրորները, քանի որ, ըստ նրա, այս երգերը չեն կորցրել իրենց կարևոր նշանակությունը, այն է՝ սկզբնավորել երեխայի գեղարվեստական ընկալումները և ապա՝ հոգեկերտվածքը:

Back to top button