ԿարևորՄշակույթ

Դեմքով դեպի մարդը․ այսօր Հակոբ Հակոբյանի մահվան տարելիցն է

Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի ստեղծագործություններով: Արվեստագետի ընտանիքը թանգարանին է նվիրել աշխատանքային գործիքներով ստեղծված և հայկական կերպարվեստում աննախադեպ երևույթ համարվող հինգ մանրաքանդակ։ Նախորդ տարին հոբելյանական էր, նշվում էր Հակոբյանի 100-ամյակը։Այսօր Հակոբ Հակոբյանի մահվան 11-րդ տարելիցն է։  «Ռադիոլուրն» առանձնացրել է նկարչի գրքից որոշ մտքեր՝ իր, նկարչության, մարդկանց ու գույների մասին։

Հուսալքությունից հանած սխտորները

«Փարիզի մեջ երկու տարի աշխատեցա առանց որևէ արդյունքի, և շատ վատ վիճակի մեջ էի հոգեպես, որովհետև ո՛չ թե միայն որևէ արդյունքի չէի հասած, այլ նաև ունեի այն զգացումը, թե ես խաբած եմ այդ մարդոց՝ առնելով անոնց հատկացուցած կրթաթոշակը և վերադառնալով առանց որևէ արդյունքի։ Այնպիսի հուսահատական հոգեվիճակի մեջ էի, երբ որոշեցի չթողուլ նկարչությունը․ ինչ ալ ըլլա՝ ամենամեծ հուսահատությամբ աշխատիմ, շարունակեմ։ Հանկարծ օր մը, երբ տանս պատշգամբը կանգնած էի, մեյ մըն ալ նկատեցի, որ պատշգամբին խողովակներուն կախված կար փունջ մը սխտոր։ Եվ ես հանկարծ տեսա, որ այնտեղ նկար մը կար․ այդ պահուն անդրադարձա, որ նկարները իմ շուրջս են․ ես տեսա այն նկարը, զոր կուզեի նկարել»։

Փնտրում էի Սարյանին, գտա՝ Մինասին

«Նկարիչների միությունում, հանրապեսական ցուցահանդեսում հանդիպեցի Մինասին։ Երբ մոտեցանք իրար, արդեն նրա նկարը տեսել էի և գովասանքի մի քանի խոսք ասացի անկեղծորեն, բայց ինքը, ինձ թվաց, կարծես չուզեց, որ շարունակեմ և անմիջապես ինձ հրավիրեց իր արվեստանոց։ Ինչ մեղքս թաքցնեմ, չգիտեի, թե ինչ ցնցիչ անակնկալ էր ինձ սպասում այնտեղ։ Եվ երբ մտա արվեստանոց և հանկարծ պատին տեսա «Իմ ծնողները» և «Ջաջուռ» նկարները, չեմ կարող նկարագրել հուզումս և ուրախությունս։ Միայն կարող եմ ասել, որ այդ պահը կյանքիս անմոռանալի պահերից մեկը եղավ։ Ես տարիներով Սարյանին էի փնտրել և հանկարծ գտնում էի Մինասին։ Չէի կարող պատկերացնել, որ Մինասի պես մի նոր հանճար կա Հայաստանում»։ 

Չեմ գիտեր կարմիր գույնին նշանակությունը

«Գույների գամման իմ խառնվածքիս արտահայտությունն է․ ես կկարծեմ, որ Հայաստանի մեջ ալ նույն գույներով պիտի նկարեի, ինչպես Փարիզի կամ Եգիպտոսի մեջ։ Իմ հակումս՝ որոշ գույներու և ձևերու, իմ մեջս է, որմե չեմ կրնար ազատվիլ դժբախտաբար։ Ես շատ պիտի ուզեմ կարմիր գույն դնել։ Բայց ինչպե՞ս պիտի դնեմ այդ կարմիր գույնը, չեմ գիտեր։ Չեմ գիտեր կարմիր գույնին նշանակությունը։ Եթե նշանակություն մը գտնեի, կդնեի կարմիր գույնը։ Բայց օխրան կամ մոխրագույնը նշանակություն մը ունին ինձի համար։ Ես աշխույժ, դինամիկ մարդ մը չեմ։ Իմ նկարագրիս պատկերով կներկայացնեմ ապրումներս։ Ամեն նկարիչ իր աչքերով կներկայացնե իր աշխարհը․ իմս կանաչ Հայաստանը չէ, ավելի՝ աշնանային Հայաստանն է»։

Առաջին անգամ Հայաստանում ցուցադրված «Տիկնիկ» ստեղծագործությունը

Նկարչությունը չէր վերջանար ո՛չ Սեզանով, ո՛չ Պիկասոյով, ո՛չ Մատիսով

«Անշուշտ, ամեն մարդ իրմե առաջ ստեղծված նկարչության հանդեպ կարող է մեծ պաշտամունք ունենա, մեծ կարծիք ունենալ, և հաճախ պատահած է, ինչպես ինձի, որ իր ուզածը կամ փնտրածը ուրիշներու մեջ տեսնե, երբեմն նույնիսկ տարվի իրեն չնմանող նկարիչով մը։ Բայց վերջի ի վերջո, պիտի ընե այն, ինչ որ ինք կընա ընել։

Ինձի համար այդ ժամանակը շատ ծանր էր․ միայն մեկ բան գիտեի, թե նկարչությունը չէր վերջանար ո՛չ Սեզանով, ո՛չ Պիկասոյով, ո՛չ Մատիսով և ո՛չ ալ այնինչով։ Նկարչությունը շարունակվող բան մըն է, և ինչքան նշանավոր նկարիչներ եկած ըլլան՝ արգելք չեն հանդիսանար, որ ուրիշներ ալ գան, և գործը, նկարչությունը շարունակվի»։

Պաշտպանվել՝ պրոֆեսիոնալ զրահազգեստով

«Այսօր ունենք պրոֆեսիոնալ նկարիչների մեծ մի խումբ, սակայն շատերի մոտ պակասում է որևէ բան իսկապես լավ անելու, արվեստի գործ ստեղծելու ձգտումը։ Որոշ նկարիչներ կարծես պաշտպանվում են իրենց պրոֆեսիոնալ զրահազգեստի տակ։ Չես կարող ասել, որ նա նկարիչ չէ, բայց փաստորեն արվեստագետ էլ չէ։ Առաջին մարդը, որ սափորի վրա նախշ արեց, չէր մտածում այն վաճառելու մասին։ Գեղեցկություն ստեղծելու պահանջն էր, որ նրան ստիպեց նկարել։ Այստեղ է ահա հրաշքը, արվեստի անբացատրելի իմաստը։ Եվ արվեստագետն էն էլ այն մարդն է, որն ուզում է վերափոխել, գեղեցկացնել առարկաներն ու շրջապատը»։

Իրերն  էությամբ նման են մարդկանց

«Ես երկու տեսակ նաթյուրմորթեր նկարած եմ։ Մինչև Հայաստան գալս ես նկարած եմ նաթյուրմորթեր, որոնք տնային իրեր էին՝ զամբյուղներ, ավելներ, սխտորներ, մաշած իրեր, որոնք իրենց էությամբ նման էին այն մարդկանց, որ ես կնկարեի։ Այդ համեստ մարդիկը շրջապատող իրերն էին ՝ նույնքան համեստ ձևերով և գույներով, անոնց անմիջական կյանքն էին, և տեսակ մը միություն կար այդ իրերուն և խեղճ մարդկանց միջև․ կարծես թե իրերը մարդկային խեղճությունը, աղքատությունը արտահայտողներն էին»։

Ճչացող ու հարձակման պատրաստ գործիքները

«Անշուշտ սովորական մարդը, երբ աքցանը կդիտե, անոր մեջ չի տեսներ ավելին, այլ ա՛յն՝ որուն համար ստեղծված է, օրինակ՝ պետք է գամ մը դուրս քաշե որևէ տեղե մը։ Իմ մոտ տարօրինակ զգացում մը ստեղծվեցավ, երբ օր մը կնայեի այդ գործիքներուն։ Անոնց մեջ տեսա ապրող էակներ․ քանի որ գործիք մըն է, որ բերան մը ունի, ուրեմն՝ կըրնա խածնել, ճչալ։ Եվ այդ գործիքները դրի իրարու հանդեպ հարաբերության մեջ․ ճչացող գործիքներ, իրարու վրա հարձակվելու պատրաստված գործիքներ»։

Մարդեն անկախ,  ինքն իր մեջ , ամբողջական էակ

«Ինքնին գործիքները նկարին մեջ նորեն կմնան գործիք, բայց եթե նայողը, ընկալողը կըրնա նաև ընկալել ինչ որ ե՛ս տեսա, ավելի լավ, այդքան։ Ուրիշ հավակնություն չունիմ։ Մանըքենը ինքնին գործիք մըն է դերձակին համար, բայց կրնա հիշեցնել կինը, և եթե դրվի որոշ շրջապատի մեջ, դիտողին մեջ կրնա արթնացնել նաև ուրիշ մտքեր։ Նույնն է պարագան նաև ձեռնոցին, որ խորքին մեջ գործիքն մըն է, բայց այնքան նման մարդու ձեռքին և զայն հիշեցնող, որ կարծես սեղանի մը վրա կսկսի իր անկախ կյանքը ապրիլ՝ իբրև մարդեն անկախ և ինքն իր մեջ ամբողջական էակ»։ 

Back to top button