Երաժշտական եռանկյունի

«Արևիկ» մանկապատանեկան անսամբլի ստեղծագործական ընթացքը. «Երաժշտական եռանկյունի»

 Հանրային ռադիոյի «Արևիկ»մանկապատանեկան անսամբլի ղեկավար, կոմպոզիտոր և դաշնակահար Վահե Հայրապետյանի հետ քննարկում ենք անսամբլի անցած կես տարվա գործունեությունն ու նորությունները, ձայնագրություններն ու պլանները։

Վահե Հայրապետյանը ծնվել է 1969 թվականի հունվարի 5-ին, Երևանում։ Սկզբնական կրթությունը ստացել է 1976-1984 թվականներին, Երևանի թիվ 139 միջնակարգ դպրոցում։ Զուգահեռ սովորել է նաև Երևանի Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի ջութակի դասարանում, իսկ 1984-1988 թվականներին՝ Երևանի երաժշտական մանկավարժական ուսումնարանի խմբավարության բաժնում։ 1988-1993 թվականներին, Էդվարդ Միրզոյանի դասարանում սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում։ Կոմպոզիցիային զուգահեռ սովորել է նաև օպերային-սիմֆոնիկ դիրիժորության բաժնում՝ Յուրի Դավթյանի դասարանում։

1984-1988 թվականներին Կանազի մշակույթի պալատում ստեղծել և ղեկավարել է իր առաջին խումբը՝ վոկալ-գործիքային անսամբլը։ Նույն տարիներին, որպես բաս-կիթառահար, ելույթներ է ունեցել Մերգելյան ինստիտուտի ջազային ակումբի «Կամերտոն» երիտասարդական ջազ-քառյակի կազմում։ Վահե Հայրապետյանը 1991-1992 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյում որպես դասական երաժշտության խմբագիր։

Վահե Հայրապետյանը 1993-1996 թվականներին բնակվել է Սանկտ Պետերբուրգում, և աշխատել որպես Հայ առաքելական եկեղեցու երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար։ Նույն տարիներին եկեղեցուն կից ստեղծել և ղեկավարել է «Հայեցի ձայներ» մանկական երգչախումբը։ Նա 1994-1995 թվականներին աշխատել է Սանկտ Պետերբուրգի «Օկոշկի» թատրոնում, իսկ 1995-1996 թվականներին որպես երաժիշտ-դաշնակահար՝ «Կարամբոլ» ակումբում։

1996 թվականին, Վահե Հայրապետյանը վոկալ-գործիքային խմբի կազմում որպես երաժիշտ-դաշնակահար մասնակցել է Բելոռուսի Վիտեբսկ քաղաքում տեղի ունեցող «Սլավյանսկի Բազար» ամենամյա փառատոնին։ Նա 1997-2010 թվականներին եղել է Երևանի պետական կամերային թատրոնի երաժշտական ղեկավարը։ Վահե Հայրապետյանը 2003-2016 թվականներին եղել է Հայաստանի հանրային ռադիոյի երաժշտական ծրագրավար և երաժշտական խմբագիրը։

2004-2005 թվականներն հանդիսացել է «Էրեբունի-Երևան» ամենամյա տոնակատարության երաժշտական պատասխանատուն և գործիքավորողը, իսկ 2007-2008 թվականներին Մոսկվայում եղել է «Երևանի օրեր» և «Ոսկե Նուռ» փառատոների երաժշտական ղեկավարն ու պատասխանատուն։ Նա 2007-2008 թվականին եղել է «Արմեն-Ակոբ» մշակութային կենտրոնի քառաձայն երգչախմբի խմբավարը։ 2005 թվականին Կանադայում լույս է տեսել նրա երգերի առաջին ձայնասկավառակը՝ «Քո երգը» անվանումով։

Հայաստանի հանրային ռադիոյով վարել է «Կատակում են երաժիշտները», «Հազար ու մեկ օպերա», «Մի գործիքի պատմություն», «Մի խմբի պատմություն», «Պատմության ակնթարթներ» հեղինակային ծրագրերը։ 2011 թվականին հանդիսացել է Հանրային ռադիոյի 85-րդ և Հանրային հեռուստատեսության 55-րդ տարեդարձերի գալա-համերգի երաժշտական պրոդյուսերն ու գործիքավորողը։ 2012-2018 թվականներին հանդիսացել է Հայաստանի հանրային ռադիոյի «Արևիկ» մանկական անսամբլի գեղարվեստական ղեկավարը։ 2014 թվականից հանդիասանում է Հայաստանի հանրային ռադիոյի «15 րոպեն քիչ է» հեղինակային ծրագրի գլխավոր խմբագիրը։ Վահե Հայրապետյանը 2017 թվականին հիմնել է «HI MUSIC Band» ակապելլա վոկալ-սեքստետը։ 2014 թվականից նա Հայաստանի թատերական գործիչների, 2015 թվականից՝ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է։

Back to top button