Մոռացված ֆիլմերի ստվերները

Զինվորը, փիղն ու Դմիտրի Կեսայանցը. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Խորհրդային միության Համամիութենական 11-րդ կինոփառատոնը 1978 թվականին անցկացվում էր Հայաստանում: Դմիտրի Կեսայանցի «Զինվորը և փիղը» ֆիլմը փառատոնի խաղարկային ֆիլմերի խմբում հավակնում էր պատվավոր մրցանակին: Սակայն «Կոմունիստ» թերթի համարներից մեկում ֆիլմը քննադատող հոդվածը խափանում է նկարահանող խմբի և հատկապես, ռեժիսորի ակնկալիքները:

Հայկական կինոյի դասականներից մեկին՝  կինոօպերատոր ԼևոնԱթոյանցին վիճակված էր տեսախցիկը խաչի պես ուսերին կրել գրեթե կես դար։ Նա սիրով էր վերաբերվում իր բոլոր ֆիլմերին՝ առանց բացառության, ակնածանքով հիշում էր հայկական կինոյի այն մեծագույն վարպետներին, որոնց հետ անցել էր ստեղծագործական մեծ ճանապարհ։

Այդ վարպետներից մեկը կինոռեժիսոր Դմիտրի Կեսայանցն էր, որի հետ նկարահանման հրապարակում մեկ անգամ չէ, որ աշխատել էին։ Նրանք համատեղ երեք ֆիլմ են նկարահանել: «Ավդոյի մեքենան» նրանց  առաջին ֆիմն էր, որից մի քանի տարի անց նորից համագործակցեցին՝ այս անգամ «Զինվորն ու փիղը» ֆիլմը նկարահանելու համար:

Աթոյանցի կենդանության օրոք ընկերները նրա հարկի տակ հաճախ էին հավաքվում և զրուցում հայկական կինոյի ձեռքբերումների, սիրելի գործընկերների, ապրած երանելի օրերի մասին։ Վարպետն այդ օրերը կարոտով էր հիշում և ամենից հաճախ անդրադառնում էր կինոռեժիսոր Դմիտրի Կեսայանցին։ Նա պատմում էր, իսկ ես ձայնագրելով նրա հիշողությունները, մտովի  դառնում էի շատ դեպքերի մասնակիցն ու ուղեկիցը՝ հայկական կինոն համաշխարհային հարթակներում ներկայացնողների ու հատկապես, Դմիտրի Կեսայանցի փորձություններով լի ճանապարհի։

Լևոն Աթոյանց

«Դմիտրի Կեսայանցը տաղանդավոր ռեժիսոր էր։ Նրա կուրսային առաջին աշխատանքը՝ «Տերն ու ծառան» կարճամետրաժը, տակնուվրա արեց հայկական կինոաշխարհը»,- ասում էր Լևոն Աթոյանցը։

1970 թվականին Երևանի կենդանաբանական այգուց փախել էր Վովա անունով փիղը: Երևանը խուճապի մեջ էր: Կատաղած կենդանին ջարդում էր ճանապարհին հանդիպած ամեն ինչ:

Այս պատմությունը «Զինվորն ու փիղը» ֆիլմի ստեղծման պատճառներից մեկն էր: Կինոգետ Սիրանույշ Գալստյանը նշում է, որ ֆիլմի հիմքում ընկած զինվորի ու փղի պատմությունը ոչ միայն հուզիչ է, այլև՝ ուշագրավ: «Զինվորն ու փիղը» ֆիլմի սցենարի հիմքում Բեռլին հասած հայ զինվորի իրական պատմություն է, որին դեռ չէր հաջողվել մարտական որևէ գործողության մասնակցել և նրան հրամայվում է նորից թիկունք անցնել՝ Երևանի գազանանոցի համար փիղ տանելու: Այս ամենի մասին, ֆիլմի ստեղծումից երեք տարի առաջ, կինոռեժիսորը կարդացել էր Երևանյան թերթերից մեկում: Եվ այդ անհավանական թվացող պատմությունն էլ կինոսցենարիստ Էդուարդ Ակոպովն ու Դմիտրի Կեսայանցը որոշել են կինոսցենարի վերածել։

Սիրանույշ Գալստյան

«Ես առավել քան համոզված եմ, որ եթե այս պատմության մասին իմանար ամերիկյան ռեժիսորներից մեկը, ապա անկասկած, ինչ-որ կերպ կհամապատասխանեցներ իրենց միջավայրին, և այդ նկարահանված ֆիլմը կվերածեր բարձրորակ մարտաֆիլմի կամ իրենց լեզվով ասած՝ բլոկբաստերի»,- մի քիչ հումորով, մի քիչ էլ ափսոսանքով նշում է Սիրանույշ Գալստյանը։

Սցենարական աշխատանքներն ավարտելուց և սցենարը հաստատելուց հետո սկսվում են ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքները: Սկզբում որոշվել էր, որ ֆիլմը պետք է նկարահանվեր «Հայֆիլմի» և «Գորկու» անվան կինոստուդիաների համատեղ ուժերով: Սակայն, երբ գրեթե ամեն ինչ պատրաստ էր, արդեն դուրս էր գրվել տեխնիկան ու նկարահանող խումբն էլ պատրաստվում էր մեկնել Մոսկվա, մեկ օրում որոշումը փոխվում  է։

Ի՞նչ դավադրություն էր եղել փոփոխության պատճառն, ում կողմից, դժվար է ասել, բայց մի բան հստակ է, որ Մոսֆիլմի հետ արված ֆիլմը անհամեմատ շահեկան դիրքերում էր լինելու: Ֆիլմը փրկելու համար որոշվում է նկարահանումներն իրականացնել Մերձբալթիկայում և Ռուսաստանում: 

«Մենք գնացքով մեկնեցինք Կալինինգրադ քաղաք, որտեղ էլ նկարահանեցինք մարտական բոլոր տեսարանները։ Բոլոր դեկորացիաները բնական էին, կարծես ամեն ինչ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած լիներ»,-պատմում էր Լևոն Աթոյանցը։

1978 թ.-ի մարտի 11-ին տեղի է ունենում «Զինվորը և փիղը» ֆիլմի պրեմիերան: Հայ հանդիսատեսը ջերմությամբ է ընդունում այն: Նույն թվականի հուլիսի 15-ին «Կոմունիստ» թերթի համարներից մեկում տպագրվում է Сказать главное վերնագրով հոդված, որում ֆիլմը խիստ քննադատվում է: Հոդվածի հեղինակ՝ Իոսիֆ Վերդյանը նկարահանված նյութը գնահատում է որպես միջին որակ: Ավելին՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեր մարտիկների հերոսական պայքարի ֆոնին զինվորի և փղի արկածները հոդվածագիրը համարում է ոչ էական և երկրորդական փաստ:

Սիրանույշ Գալստյանը նշում է, որ պաշտոնական լրատվամիջոցում արված հրապարակումն անհետևանք չի մնում։ Մեկ ամիս հետո Գեղարվեստական ֆիլմերի համամիութենական փառատոնի մոսկովյան հանձնաժողովը, հաշվի առնելով քննադատական այդ հոդվածում տեղ գտած նկատառումները, կինոնկարը ոչ մի ուշադրության չի արժանացնում։ Միայն Մհեր Մկրտչյանին շնորհվում է «Լավագույն դերակատարում» մրցանակը:

«Ճիշտն ասած ապշել կարելի է, թե ինչպես կիրթ մարդը կարող էր այդքան չընկալել «Զիվորն ու փիղը» ֆիլմի արժանիքներն ու նշանակությունը, բայց ժամանակները ուրիշ էին։ Խորհրդային միության փլուզումից հետո էկրան բարձրացան այդ թեմայով կատակերգական մի քանի ֆիլմեր, բայց 70-ականների երկրորդ կեսին սարկազմով վերաբերվել այդպիսի զգայուն թեմային աններելի էր։ Ինչն էլ չներվեց Դմիտրի Կեսայանցին և նկարահանող խմբի անդամներին»,- ասում է Սիրանույշ Գալստյանը։

79 րոպե տևողությամբ «Զինվորն ու փիղը» ֆիլմը Դմիտրի Կեսայանցի կինոմտածողության յուրօրինակ ոճի և ստեղծագործական անկեղծության շնորհիվ լայն ճանաչում ձեռք բերեց  ոչ միայն Սովետական Միությունում, այլև երկրի սահմաններից դուրս:

Ֆիլմի նկարահանումից  մի քանի տասնամյակ անց՝ 1999թ․-ին, Ռուսաստանի Մշակույթի այն ժամանակվա նախարար Շվետկոն, գալով Հայաստան ծանոթանում է օպերատոր Լևոն Աթոյանցի հետ և իր հիացմունքն է արտահայտում հատկապես այդ ֆիլմի կապակցությամբ:

 

Back to top button