Կարինե Սուքիասյան-Քոչարյան դերասանուհու մուտքը թատերական աշխարհ կապված է ռեժիսոր Վարդան Աճեմյանի անվան հետ։ Իսկ կինոյում Հենրիկ Մալյանի «Հայրիկ» ֆիլմում Մայայի կերպարից հետո դերասանուհու առջև բացվեցին կինոյի կախարդական աշխարհի դռները։ Հանգամանքների բերումով հայրենիքում ընդհատվեց նրա մասնագիտական ճանապարհը, բայց աշխարհի մեկ այլ ծայրում ստեղծագործական դաշտը դարձյալ դեպի իրեն ձգեց երիտասարդ, խոստումնալից դերասանուհուն։
Շատերը համակրանքով են հետևել «Հեղնար աղբյուրի» Մանանին, տղամարդիկ սիրահարվել են «Հայրիկ» ֆիլմի Մայային, կանայք քննարկել են նրա մարմնավորած համարձակ հերոսուհուն՝ «Ճանապարհին» ֆիլմում։ Միմյանցից տարբեր այդ հերոսուհիներին սակայն մարմնավորել է նույն ինքը՝ թատրոնը, կինոն, բեմն ու առհասարակ, մարդկանց շատ սիրող Կարինե Սուքիասյան- Քոչարյանը։
1970-ականների հայկական կինոյի և թատրոնի ամենահմայիչ դերասանուհիներից էր Կարինե Քոչարյանը։ Իսկ ամեն ինչ սկսվեց պատանեկան երազանքից, որին հետևելով նա գնաց Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ։ Առաջին հաջողությունը Կարինե Քոչարյանի կյանքում, թերևս, այն էր, որ նա ուսանեց Վարդան Աճեմյանի արվեստանոցում։
«Իմ մուտքը թատերական աշխարհ կապված է մեծագույն արվեստագետ, ռեժիսոր և հանճարեղ մարդ Վարդան Աճեմյանի հետ: Ես հպարտ ու երջանիկ եմ, որ եղել եմ նրա ուսանողուհին ու ձևավորվել եմ նրա արվեստանոցում»,-ասում է Կարինե Քոչարյանը
Ուսանողական տարիները շրջադարձային եղան Կարինե Քոչարյանի և՛ մասնագիտական, և՛ անձնական կյանքում։ Բանն այն է, որ ինստիտուտում սովորելու տարիներին Կարինեն հանդիպեց իր կյանքի մեծ սիրուն՝ ռեժիսոր, դերասան Վլադիմիր Քոչարյանին։ «Մեր օրերի Ռոմեո և Ջուլիետ» այսպես է բնութագրել երիտասարդ Կարինեի և Վլադիմիր սիրո պատմությունը Հրաչյա Ներսիսյանի դուստրը՝ Դիանա Հրաչովնան, որն ինստիտուտում նրանց անգլերեն էր դասավանդում։ 19 տարեկան Կարինեն և 20-ամյա Վլադիմիրը որոշեցին օրինականացնել իրենց հարաբերությունները։
Ամուսնական զույգ և դերասանական ընտանիք կազմած Վլադիմիրը և Կարինեն մինչև 1977 թվականը, մի քանի տարի աշխատել են Գյումրիի պետական թատրոնում։ Սակայն Գյումրի տեղափոխվելու լուրը տխրեցրել էր Վարդան Աճեմյանին։ Նա ամեն կերպ փորձել է համոզել իր ուսանողուհուն՝ ետ կանգնել Գյումրու թատրոնից դերասանական գործունեությունը սկսելու որոշումից։
«Մինչև ավարտական վկայականներ ստանալն Աճեմյանն ինձ կանչեց և ասաց, որ ես որևէ թատրոնից աշխատանքի հրավեր չընդունեմ, որովհետև ինքն ինձ վերցնելու է Սունդուկյանի անվան թատրոն: Բայց ես պատասխանեցի, որ գնալու եմ Լենինական, քանի որ ամուսինս Վլադիմիր Քոչարյանն արդեն աշխատում էր որպես ռեժիսոր, իր դիպլոմային աշխատանքն էր անում Գյումրիում: Աճեմյանն ասաց
` մի գնա, դու հիմա արի Սունդուկյան, Վովան որ դիպլոմայինն ավարտի, իրեն էլ կվերցնեմ, բայց ես չլսեցի»,-պատմում է Կարինե Քոչարյանը։
Կարինե Քոչարյանի մուտքը կինո ևս խոստումնալից էր։ Հենրիկ Մալյանի՝ «Հայրիկ» ֆիլմում 21-ամյա Կարինեն «մոլորված» աղջկա՝ Մայայի կեպարն էր կերտելու։ Շատերը կհիշեն ֆիլմի այն տեսարանը, երբ գլխավոր հերոսը՝ Հովսեփը, որին ի դեպ փայլուն մարմնավորել է Մհեր Մկրտչյանը, որդու հարսնացուին՝ Մայային փնտրելիս հայտնվում է ուսանողական հանրակացարանում, որտեղ հիպիական հովերով տարված երիտասարդները ինքնամոռաց պարում էին։ Էպիզոդիկ մի տեսարան, որը գուցե չհիշեր հանդիսատեսը, եթե այդտեղ իրենց դերակատարմամբ հանդես չգային Սուրեն Բաբայանը, Արմեն Խանդիկյանը, Մհեր Մկրտչյանն ու իհարկե, գեղեցիկ արտաքինով, հայկական մեծ աչքերով Կարինե Քոչարյանը, որի մարմնավորած Մայային սիրեցին և հիշեցին հազարավոր կինոդիտողներ։
«Ի՞նչ կարող էր տալ սկսնակ դերասանուհուն Հենրիկ Մալյանի հետ աշխատանքը, Մհեր Մկրտչյանի նման խաղընկեր ունենալը, ստեղծագործական այդպիսի հրաշալի մթնոլորտում գտնվելը: Տվեց այն ամենը, ինչ որ կարող էր երազել երիտասարդ դերասանուհին»,- Կարինե Քոչարյանը ժպիտով ու կարոտով է վերհիշում հայ կինոյի մեծագույն վարպետների հետ համատեղ աշխատանքը։
Պահանջկոտ, պրպտուն և շարունակ աշխատանքային որոնումների մեջ ապրող Վլադիմիր Քոչարյանի կյանքն ընդհատվեց անսպասելի, 40-ը չբոլորած։ Մինչև այդ չարաբաստիկ ավտովթարը, թվում էր ոչինչ չէր կարող խաթարել տաղանդաշատ ընտանիքի անդորրը, և ապագան այդ գեղեցիկ զույգին միայն հաջողություններ էր խոստանում։
Ամուսնու մահից հետո Կարինե Քոչարյանը մինչև 1994 թվականը մի շարք գլխավոր դերեր կերտեց Սունդուկյանի անվան թատրոնի բեմում, զուգահեռաբար, էպիզոդիկ դերակատարումներով հանդես եկավ կինոյում։ Հետո, դեպքերի բերումով տեղափոխվեց Նյու-Յորք և ելույթներով հանդես եկավ գրեթե բոլոր հայաշատ նահանգներում։ Հաստատվելով, կայանալով օտարության մեջ, մի քանի տարի անց նա ներգրավվեց հեռուսատեսային ոլորտում, որտեղ հաջողեց նաև դերասանական իր զինանոցի շնորհիվ։
«Այն ժամանակ շատ կարևոր էր հայկական հեռուստահաղորդում հիմնելը, Հայաստանն ու սփյուռքը իրար շատ վատ էին ճանաչում, ինտերնետ չկար, հաղորդակցության պակասը զգալի էր: Ես, որ Հայաստանից էի ու արդեն հասցրել էի սփյուռքը ճանաչել, զգում էի, թե որքան կարևոր է, որ մեր ժողովրդի երկու կողմերն իրար հետ կապվեն, միմյանց ավելի լավ ճանաչեն: «Արձագանք» հեռուստահանդեսը հիմնեցի: Մտածում էի մի քանի տարվա օգտակար գործունեություն ծավալել ու վերադառնալ, սակայն, օնկոլոգիական հիվանդությունը պահեց ինձ Նյու Յորքում, ուր ես միչև հիմա բժիշկների հսկողության տակ եմ»,-նշում է Կարինե Քոչարյանը։
2020 թվականի պատերազմը շատ բան փոխեց ոչ միայն մեր, այլ նաև աշխարհում ցրված մեր բոլոր հայրենակիցների և Կարինե Քոչարյանի կյանքում։ 44-օրյա պատերազմից հետո նա որոշեց մեկնել Արցախ և Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում բեմադրել Նարինե Աբգարյանի՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ» պիեսը, որն արցախահայ արտիստների փայլուն խաղով ներկայացավ աշխարհի շատ երկրների բեմերում։
«Պատերազմից հետո ինչպես որ շատ-շատերը, ես էլ տեղս չէի գտնում և ինձ թվում էր, կխելագարվեմ։ Որոշ ժամանակ անց հասկացա, որ այդ վիճակից դուրս գալու միակ ձևը Արցախ մեկնելն էր։ Թեև ես Արցախ էի գնում այն մտքով, որ պիտի արցախցիներին ուժ տամ, բայց իրենք ինձ ուժ տվեցին։ 2021 թվականի գարնանն արդեն Արցախում էի և սկսեցի աշխատել դերասանների հետ։ Տքնաջան աշխատանքին հաջորդեց ներկայացման պրեմիերան, իսկ որոշ ժամանակ անց հյուրախաղերով հանդես եկանք Հայաստանում և տարբեր երկրներում»,-պատմում է Կարինե Քոչարյանը։
Կինոյի աշխարհը Կարինե Քոչարյանի համար գաղտնիքների տիեզերք է։ Թատրոնում և կինոյում իր գործունեության տարիներին նա մշտապես ձգտել է խաղալ լուրջ ասելիք ունեցող դերեր և անընդհատ կատարելագործվել։
Հաջողվել է դա նրան, թե ոչ, կգնահատեն կինոգետներն ու թատերագետները։ Ինքը՝ Կարինե Քոչարյանը շատ կուզեր, որ դեպքերն ու իրադարձություններն այլ հունով զարգանային և ինքը երկար ու բեղմնավոր գործունեություն ծավալեր հայրենիքում, աշխատեր և իրականություն դարձներ սեփական իղձերն ու երազանքները։ Բայց ճակատագիրն այլ կերպ տնօրինեց նրա կյանքը։