Մոռացված ֆիլմերի ստվերները

Անավարտ «Ձորի Միրոն»․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Կինոռեժիսոր Ժիրայր Ավետիսյանի «Ձորի Միրոն» ֆիլմը նկարահանվեց ֆինանսական, տեխնիկական, մասնագիտական և այլ խնդիրների հաղթահարմամբ։ Երկսերիանոց կինոնկարը հանդիսատեսն ընդունեց մեծ ոգևորությամբ, բայց ինքը՝ ռեժիսորն իր գործը ավարտված չէր համարում։ Նա հեռուն գնացող ծրագրեր ուներ, որոնք ցավոք, չիրականացան։

Հայկական հեռուստատեսության հիմնադիր, կինոռեժիսոր Ժիրայր Ավետիսյանի անվան հետ է կապված առաջին հեռուստատեսային եթերը, առաջին նկարահանումը, խաղարկային ու լիամետրաժ առաջին հեռուստաֆիլմերի ստեղծումը: 

Մոսկվայի վավերագրական ֆիլմերի ստուդիայի աշխատակից Ժիրայր Ավետիսյանը 1956 թվականին հայրենիքում աշխատելու հրավեր է ստանում։ Մեծ ոգևորությամբ հրավերն ընդունած երիտասարդ Ժիրայր Ավետիսյանը գալիս է և նշանակվում հայկական հեռուստատեսության ավագ ռեժիսոր։ Հեռուստատեսության ոլորտում փորձ չունենալը չի կաշկանդում նրան, և կարճ ժամանակ անց նա կարողանում է ամենատարբեր մասնագետներին մեկտեղել ու ստեղծել հեռուստամասնագետների գործունակ թիմ։ Այդ թիմի նվիրված աշխատանքի շնորհիվ 1956 թվականի նոյեմբերի 29-ին ազդարարվում է հայկական հեռուստատեսության փորձնական եթերի սկիզբը։

Ժիրայր Ավետիսյան

Հեռուստատեսության ստեղծմանն ու զարգացմանը զուգահեռ Ժիրայր Ավետիսյանը անցյալ դարի 60-ականներին  նաև զբաղվել է կինոյով:

«Դեպի բարձունքները», «Քայլեր» ,«Շրթներկ N 4», «Ջրհորի մոտ», «Արշակ» ֆիլմերի էկրան բարձրանալուց հետո, ութսունականների սկզբին Ժիրայր Ավետիսյանը նկարահանել է «Ձորի Միրոն» ֆիլմը:

Իր գործունեության ողջ ընթացքում Ժիրայր Ավետիսյանը ձգտում էր նկարահանել հայոց ցեղասպանության մասին պատմող մի ֆիլմ: Դա հավանաբար օրինաչափ էր մշեցու արմատներով մարդու համար:

Հորարքրոջ հետ ունեցած շփումների ժամանակ նա բազմաթիվ անգամներ լսել էր ցեղասպանությունից մազապուրծ մարդկանց պատմություններ։ Տարիներ շարունակ նրա մեջ խմորվում էր ցեղասպանության մասին ֆիլմի գաղափարն, որում պիտի պոռթկար իր ներսում կուտակվածը։ Ժիրայր Ավետիսյանը տարբեր հարցազրույցներում մեծ ոգևորությամբ էր վերհիշում ու պատմում «Ձորի Միրոն» ֆիլմի ստեղծման պատմությունը։

«Հայրս ինձ երբեք չի պատմել, թե կոտորածից հետո ինչ ճակատագրի են արժանացել իր հարազատները։ Ամռանը ես շատ էի սիրում հյուր գնալ հորաքրոջս, իսկ նա ապրում էր Թալինի գյուղերից մեկում, որտեղ բնակություն էին հաստատել Արևմտյան Հայաստանի Տարոն գավառից  գաղթածներ։ Նրանք հաճախ հյուր էին գալիս հորաքրոջս և տարբեր պատմություններ էին պատմում ինքնապաշտպանական մարտերից, գաղթի ճանապարհից և այլն։ Այդ պատմությմունները լսելիս իմ մեջ հարց էր առաջանում, թե ինչո՞ւ մենք կորցրեցինք մեր բնօրրանում ապրելու իրավունքը և արդյո՞ք մի օր կկարողանանք վերադառնալ։ Այդ հարցի պատասխանը ես փնտրում էր նաև ժամանակակից գրականության մեջ։ Փնտրում էի մի գործ, որի հիման վրա կկարողանայի այդ ֆիլմը էկրանավորել»,-իր հարցազրույցներից մեկում «Ձորի Միրոն» ֆիլմի ստեղծման մասին պատմում էր Ժիրայր Ավետիսյանը։  

Ժիրայր Ավետիսյանի որդին՝ կինոբեմադրիչ Գրիգոր Ավետիսյանը պատմում է, որ մի անգամ, երբ հայրը, գրող Մուշեղ Գալշոյանը, դերասան Սոս Սարգսյանը զրուցում էին ֆիդայական շարժման մասին, այդ ժամանակ էլ կինոռեժիսորը համոզում է Գալշոյանին իր «Ձորի Միրոն» պատմվածքը վերածել կինոսցենարի:

Գրիգոր Ավետիսյանը

«Ես ականատեսն եմ եղել այն հանդիպմանը, երբ մեր տանը Մուշեղ Գալշոյանը, Լաերտ Պողոսյանը, Սոս Սարգսյանը և հայրս երդվեցին, որ ինչ էլ լինի անպայման պիտի այդ ֆիլմը նկարահանեն»,-հիշում է Գրիգոր Ավետիսյանը։

«Ձորի Միրոն» ֆիլմի օպերատոր Լաերտ Պողոսյանը, վերհիշելով տարիներ առաջ ֆիլմի հետ կապված իրադարձությունները նշում է, որ մի քանի անգամ այս ֆիլմի նկարահանումները դադարեցվել են:  Որպեսզի ֆիլմն ընդհանրապես իրականություն դառնար, չափազանց մեծ ջանքեր է ներդրել Հեռուստառադիոպետկոմի նախագահ Ստեփան Պողոսյանը:

«Ստեփան Պողոսյանը շատ հայրենասեր մարդ էր և բնականաբար, նա էլ ոգևորվեց ցեղասպանության թեմայով ֆիլմ նկարահանելու գաղափարով և հնարավորն ու անհնարինն արեց ֆիլմը իրականություն դարձնելու համար»,-ասում է Լաերտ Պողոսյանը։

Ֆիլմի հերոսուհու՝ Նարեի դերակատարման համար Ժիրայր Ավետիսյանի ընտրած դերասանուհու եվրոպական դիմագծերը տարաձայնություններ են առաջացրել ռեժիսորի և գլխավոր դերակատարի միջև: Երկար քննարկումներից հետո Սոս Սարգսյանի առաջարկով այդ դերի համար ընտրվել է դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանը։ 

«Ժիրայր Ավետիսյանը խութեցի հարսի կերպարում հաստատել էր փոքրամարմին և նրբիկ Կարինե Մենենջյանին։ Այդ ընրությունը դուր չէր եկել Սոս Սարգսյանին։ Նա գտնում էր, որ այդ դերասանուհին չի համապատասխանում կերպարին։ Կինոստուդիայում պատահաբար հանդիպեցի Սոս Արտաշեսիչին և նա ասաց «գիտես քո դիմագծերում ես տեսնում եմ խութեցի հարսի կերպարը։ Ես քո թեկնածությունը պիտի առաջարկեմ այդ դերակատարման համար»։ Մեր խոսակցությունից կարճ ժամանակ անց ինձ հրավիրեցին ֆոտոփորձի և հաստատեցին այդ դերում»,- պատմում է Մայրանուշ Գրիգորյանը։

Հեռուստատեսային պրեմիերայից հետո «Ձորի Միրոն» ֆիլմը ցուցադրվում է Արագածոտնի մարզի Թալին քաղաքի մշակույթի տան լեփ-լեցուն դահլիՃում: Բնականաբար, այնտեղ ևս հանդիսատեսը մեծ ոգևորությամբ է ընդունում  այն: Ֆիլմի շարունակության նախօրոք ծրագրված հաջորդ սերիայի նկարահանման համար ամեն ինչ գրեթե պատրաստ էր, սակայն նկարահանման աշխատանքները հետաձգվում են: Անցնում է երկար ժամանակ սակայն ֆիլմի նոր՝ 3-րդ մասն այդպես էլ չի նկարահանվում: Տարիներ անց միայն նկարահանող խմբի անդամներն իմանում են, որ չի նկարահանվել մի քանի պատճառներով՝ նախ այն, որ որոշ մարդիկ դեմ էին Մուշեղ Գալշոյանի սցենարով նկարահանումների շարունակությանը, իսկ ուրիշ հեղինակի գրած և, նույնիսկ, արդեն հաստատված սցենարով «Ձորի Միրոն» ֆիլմի շարունակությունը նկարահանելը անընդունելի է եղել Ժիրայր Ավետիսյանի համար։

«Որոշ մարդիկ որոշեցին Մուշեղ Գալշոյանի փոխարեն իրենք սցենարը գրեն, որից հետո այն հաստատվեց։ Հայրս, իմանալով այդ մասին, կտրականապես հրաժարվեց ուրիշ հեղինակի  սցենարով շարունակել նկարահանումները։ Կինոյի պատասխանատուներն էլ հորս կտրուկ քայլին ի պատասխան ասացին, որ ֆիլմը կնկարահանի մեկ ուրիշը։ Բայց երբ այդ մասին իմացավ Սոս Սարգսյանը ասաց՝ կամ Ժիրայրը կնկարահանի, կամ ես այդ ֆիլմում չեմ նկարահանվի։ Եվ փաստորեն այդ տհաճ խոսակցությունների, վեճերի պատճառով էլ ֆիլմի շարունակությունը չնկարահանվեց»,-ցավով հիշում է Գրիգոր Ավետիսյանը։

Մուշեղ Գալշոյանի ողբերգական մահը, սցենարի հեղինակին փոխելը և Խորհրդային միության գրաքննության համար ոչ ցանկալի՝ ցեղասպանության թեման պատճառ են դարձել, որ «Ձորի Միրոն» ֆիլմի շարունակությունն այդպես էլ չնկարահանվի: Սակայն Մուշեղ Գալշոյանի հիանալի կինոսցենարի, կինոռեժիսոր Ժիրայր Ավետիսյանի ռեժիսորական բարձր աշխատանքի և Սոս Սարգսյանի փայլուն դերակատարման շնորհիվ Միրոյի կերպարը դարձել է մեր համախմբման, պատմական արդարության վերականգնման համար պայքարի  խորհրդանշական սկիզբը:

Back to top button