Երկրորդ շնչառություն

30 տարի ղեկին. 73-ամյա տիկին Անահիտն այսօր էլ վարում է Երևանի երթևեկի պայմաններում․ «Երկրորդ շնչառություն»

Անահիտ Միքայելյանը մոտ 30 տարի ղեկին է, այսօր էլ 73 տարեկանում առանց դժվարության վարում է իր մեքենան Երևանի խառնիխուռն ու անկանոն երթևեկի պայմաններում: Տուգանքներ գրեթե չունի, արագաչափերից նկարներ՝ նույնպես: Պարեկների հետ էլ երբեք առնչություն չի ունեցել, անցած ամբողջ տարվա ընթացքում ոչ մի բալ չի կորցրել: Բոլոր վարորդների պես նա էլ, իհարկե, փոքր միջադեպեր ու վթարներ ունեցել է, գործը նույնիսկ ԱՊՊԱ-ին էլ է հասել, բայց դա չի խանգարում նրան վարել:

«Մի քանի անգամ թեթև խփել եմ, բայց կարողանում եմ վարել: Շատ են ազդանշան տալիս, բայց ուշադրություն չեմ դարձնում: Զարմանում են, որ այս տարիքիս քշում եմ»,-անկեղծ պատմում է տիկին Անահիտը:

Հիշում է, որ լուսահոգի ամուսինը դեռ 30 տարի առաջ սիրով իր համար մեքենա գնեց, մեխանիկականն էր վարում, որ ավելի դժվար էր: Փոքր վթարից հետո վախեցել ու էլ չի վարել:

65-ն անց էր, երբ ավտոմատ մեքենա գնեց ու որոշեց կրկին վարել, չմնալ հանրային տրանսպորտի հույսին և օգտակար լինել ընտանիքին:

Ամբողջ կյանքում երեխաների հետ աշխատելուց հետո տիկին Անահիտը գոհունակությամբ է հիշում մասնագիտական հարուստ անցյալն ու համաձայնում, որ նաև դրա շնորհիվ է այսօր երիտասարդ ու գեղեցիկ մնացել: Ապագայի պլաններ կան, մտածում է, որ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունը նոր հնարավորություն է ընձեռում կենսաթոշակառուներին իրենց բազմամյա փորձն օգտագործել, երկրորդ շնչառություն վերցնել և նորից գործի անցնել:

Տարեկիցներին տիկին Անահիտը խորհուրդ է տալիս ակտիվ լինել, մարզվել, ճիշտ սնվել ու միշտ զբաղված լինել: Իր օրինակն է բերում ծաղիկներով է զբաղվում, մարզվում է, ճամփորդում է, առևտրի հարցում օգնում ընտանիքին, թոռներին ու ծոռներին հասնում, եթե հանկարծ մեկը հազա, կարող է մեկ-երկու օրում իր ձեռքով տաք հագուստ գործել:

Նրա խոսքերով, երիտասարդներն այսօր շատ բանիմաց են, երբեմն խորհրդի չեն էլ սպասում, իրենք գիտեն, թե ինչպես է ճիշտ, դեռ մի բան էլ կարող են ծնողին ուղղորդել:

«Ոչինչ չէի ուզենա փոխել իմ կյանքում, հրաշալի կյանք եմ ապրել ամուսնուս հետ, ուրախ ու հպարտ եմ իմ կյանքով: Լավատեսությունը շատ մեծ նշանակություն ունի մարդու կյանքում: Դժվարություններին ու մարտահրավերներին էլ ինձ տրամադրում եմ, որ կարող եմ հաղթահարել: Կյանքում ամեն ինչին նորմալ եմ մոտենում»,— ասում է նա՝ ավելացնելով, որ զավակները, թոռներն ու ծոռները շատ են սիրում ու հպարտանում իրենց ակտիվ տատիկով:

Back to top button