Մտքի ուժը

Սինթեզված նյութը կամ կդառնա դեղ, կամ ոչ, բայց հետազոտությունները պարտադիր են. «Մտքի ուժը»

Որքա՞ն ժամանակ է պետք, որպեսզի նյութը դեղ դառնա․ հինգ կամ տասը տարին անգամ բավարար չէ։ Հայ-կենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնի ասիմետրիկ կատալիզի և պեպտիդների սինթեզի լաբորատորիայի վարիչ Աննա Մկրտչյանը պատմում է․  «Հետազոտություններն առաջին փուլում կօգտագործվեն նախասքրինինգի համար։ Կարող են նաև կենսաբանական հետազոտությունների մեջ կիրառել»։  

Գիտական խումբը ոլորտում ավելի քան 30 տարվա փորձ ունի, հիմնադիրը ԳԱԱ ներկայիս նախագահ Աշոտ Սաղյանն է։ Կենտրոնում տվյալների մեծ բազա ունեն։ Այստեղ հավաքել են կենսաբանորեն ակտիվ միացություններից ստացած նյութերը։ Գիտնականը պատմում է, որ հիմնականում դեղերի մեջ կարևոր բաղադրիչ են ամինաթթուն կամ դրա հիմքի վրա սինթեզված պրեպտիդները կամ դիպեպտիդները։ Ուսումնասիրելով նման կառուցվածքի միացությունները՝ փորձում են սինթեզել նոր նմանատիպ միացություններ։

Այսօր սկսում են ինչ-որ հետազոտություն անել, որը հնարավոր է, որ 15 տարի հետո դեղանյութ դառնա՝ ասում է Աննա Մկրտչյանը. «Տեսականորեն հնարավոր է, որ հետազոտությունները դառնան դեղանյութ, բայց մեր ֆունկցիան դա չէ։ Մենք մեր արդյունքներն ամրագրում ենք հետազոտական հոդվածներում, եթե հետաքրքվող խմբեր կան, կարող են տեսնել ստացման եղանակը»։  

Գիտական խումբը մեծ է, կազմում ընդգրկված է ավելի քան 30 գիտնական։ Նրանց մի մասը հետազոտություններն իրականացնում է Հայ-կենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնում, մյուս մասը՝ ԵՊՀ-ում։ Համագործակցում են նաև ԳԱԱ այլ ինստիտուտների հետ։ Աննա Մկրտչյանի խմբում մոտ 15 գիտնականներով են: Փորձերը հետաքրքիր են՝ փաստում են երիտասարդ գիտնականները։

Հայ-կենսատատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնի ասիմետրիկ կատալիզի և պեպտիդների սինթեզի լաբորիատորիայի կրտսեր գիտաշխատող Աննա Գրիգորյանը պատմում է՝ զբաղվում է Մաննիխի ռեակցիայով։ Այն կիրառվում է օրգանական սինթեզում և օգտագործվում դեղանյութերի արդյունաբերության մեջ։ Ռեակցիան հայտնաբերել է գերմանացի քիմիկոս Կարլ Մաննիխը ։  

Երիտասարդները գիտությամբ հետաքրքրվում են, գիտություն գալիս են, հետաքրքվում են՝ ինչ խնդրներ կան, որ պետք է լուծվեն։ Միջին տարիքը խմբի մոտ 30 է, կան բավականին երիտասարդներ՝ ասում է խմբի ղեկավար Աննա Մկրտչյանը: Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհով են հետազոտություններն անցկացնում։ Ի՞նչ են փնտրում ծրագրով․ ծրագրի ղեկավարն ասում է․ «Եթե անկեղծ, նոր կադրեր, քանի որ ծրագիրը հնարավորություն է տալիս նոր կադրեր ներգրավել, նոր երիտասարդ գիտնականների բացահայտել ու թողնել նրանց գիտության մեջ»։

Երիտասարդ գիտնականները վստահ են՝ Հայաստանում միջազգային չափորոշիչներին համապատասխան գիտական արդյունք ստեղծվում է։

Back to top button