Դպրություն

«Դպրոցից դեպի տիեզերք»․ աստղագիտական դասախոսությունների ծրագիր դպրոցներում․ «Դպրություն»

Շուտով մեկնարկելու է դպրոցական աստղագիտական դասախոսությունների «Դպրոցից դեպի տիեզերք» 2024թ-ի ծրագիրը։  Այն առանձնապես հետաքրքիր է անցկացվում մարզերում և նպատակ ունի դպրոցներում աստղագիտությամբ հետաքրքրքվող աշակերտներին հայտնաբերել, նրանց հետ կապ պահպանել, զարգացնել կարողություններ, հնարավորություններ նորագույն տիեզերական հետազոտությունների, կրթության ու ստարտափների ձևավորման համար և իհարկե օժանդակել նրանց հետագա մասնագիտական աճին: Ծրագիրն իրականացվում է 2012թ․-ից և ֆինանսավորվում է Հայ օգնության ֆոնդի կողմից։

Դասախոսությունների ընթացքում աստղագետները պատմում են ժամանակակից աստղագիտության խնդիրների և զարգացումների, հայ աստղագիտության պատմության, Բյուրականի Աստղադիտարանի և հայկական աստղագիտության ներկայիս վիճակի, Վիկտոր Համբարձումյանի և մյուս նշանավոր հայ աստղագետների մասին, ներկայացվում են աստղագիտական տարբեր թեմաներ։

Այս դասախոսությունների արդյունքում աշակերտները հասնում են այնպիսի մակարդակի, որ կարողանան տիեզերական հետազոտություններ անել՝ իրենց հասանելի մակարդակում։

«Ծրագրի ընթացքից և արդյունքներից ես շատ գոհ եմ և բավարարված։ Ես բավականին դրական արձագանքներ եմ լսում։ Ինձ բազմաթիվ ուսուցիչներ ասել են, որ երբևէ մեր երեխաները դասին այդքան խելոք չեն նստում, ինչքան ձեր դասախոսություններին։ Հավանաբար առարկայից է, նրանց հետաքրքրվածությունից։ Երեխաների մտքի թռիչքը անսպառ է՝ բոլոր ուղղություններով։ Ես երջանկություն եմ ապրում երեխաների հետ շփվելիս»,– ասում է Բյուրականի Աստղադիտարանի  տնօրեն Արեգ Միքայելյանը։

«Վերջին շրջանում դպրոցականների մոտ բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությունը նվազել է։ Այս իսկ պատճառով մենք որոշեցինք այս ուղղությամբ մեր ջանքերը փոքր-ինչ ավելացնել։ Եվ ուրախությամբ պետք է նշեմ, որ կազմակերպված «Դպրոցից դեպի տիեզերք» և «Գիտաճամբար» ծրագրերի հանդեպ դպրոցականների կողմից ֆանտաստիկ հետաքրքրություն և ուշադրություն կա»,– ասում է ՀՕՖ–ի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն, գիտական և կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը։

«Դպրություն» հաղորդման հյուրեն են Բյուրականի Աստղադիտարանի  տնօրեն Արեգ Միքայելյանը և ՀՕՖ–ի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն, գիտական և կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը։

Back to top button