Վերնատուն

Հայկական մշակույթի «մերկ հրեշտակները»՝ «Ակտուալ արվեստի» էջերում․ «Վերնատուն»

Լույս է տեսել «Ակտուալ արվեստ» հանդեսի էրոտիկ համարը։ Էրոտիզմի ու սեռականության թեման հանդեսի էջերում նորություն չէ, այնտեղ միշտ կարելի է հանդիպել էրոտիկ պոեզիա, արձակ, փիլիսոփայական տեքստեր, վիզուալ արվեստ և այլն։

Իսկ թե ինչո՞ւ ամբողջական համար նվիրել այս թեմային, խմբագիրները բացատրում են որպես հասարակության բարդույթներն ու տաբուացված թեմաներն արվեստի, պոեզիայի ու փիլիսոփայության միջոցով հաղթահարելու հնարավորություն՝ համարելով այն մեկ դար ուշացած։

«Ակտուալ արվեստ» հանդեսի էրոտիկ համարում տպագրված արվեստագետներ՝ Սամվել Սաղաթելյանը և Ալեք Բայանդուրյան Լևասգանին խոսում են հանդեսի բովանդակության և թե ինչու է մեր հասարակությունը մնում անհաշտ էրոտիզմի հետ։

Արվեստագետներն ասում են, որ Հայաստանում սեռականությունը տաբու է, չնայած որ շատ է խոսվել այդ մասին, իսկ արվեստն առհասարակ կապված է էրոտիզմի հետ, որովհետև այն բաց է ու անձնական։

«Մեր պահպանողական հասարակության մեջ դա ամոթ է դիտվում, ինչպես որ խորհրդային տարիներին սեքս չկար, հիմա էլ արվեստում էրոտիկա չկա, բայց եթե կա մարդը՝ կա նաև էրոտիկան։ Բոլոր քրիստոնյա երկրների մեջ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ մերկությունը դիտվում է «ամոթ», հայկական մշակույթում չկան մերկ հրեշտակներ, հավանաբար սա տարածաշրջանային խնդիր է։ Ամբողջ աշխարհը լեցուն է մերկ քանդակներով , նկարներով, հունական դիցաբանությունն ամբողջովին մերկ աստվածներով է լեցուն», – ասում է Ալեք Բայանդուրյան Լևասգանին։

«Մուսուլմանական մշակույթից մեր մշակույթն այս կամ այն կերպ ազդեցություն ունեցել է։ Բայց նաև կա քողարկելու միտումը։ Իմ գործերում կան անդրադարձներ դրան, որտեղ խոսվում է կանացի ուժի և հեղափոխականության մասին։ Մենք ինչպես վերաբերվում ենք մեր մարմնին նույն կերպ վերաբերվում ենք բնությանը, միջավայրին պետությանը։ Մարմնի խնամքն առողջության առումով, հոգևոր ասպեկտը, այդ ամենը ստեղծում է մշակութային մի դաշտ, որի միջոցով մենք հարաբերվում ենք», – ասում է Սամվել Սաղաթելյանը։

Back to top button