Մասնագիտություն

Ռադիոլոգիան՝ ախտորոշման և բուժման անբաժանելի մաս. «Մասնագիտություն»

Մարդու օրգանիզմի զննությունը բժշկության մեջ այլևս արտասովոր չէ շնորհիվ այնպիսի ոլորտի զարգացման, ինչպիսին ճառագայթաբանությունն է:

Մասնագիտությունը մշտապես զարգանում է, հնարավորություն է տալիս փրկելու միլիոնավոր կյանքեր և համարվում է հիվանդությունների ախտորոշման, կանխարգելման և բուժման անբաժանելի մաս. նվազագույն վտանգ, նվազագույն ցավ, ավելի քիչ վիրահատություններ և բուժման էական արդյունքներ:

Ճառագայթային ախտորոշումը կամ ռադիոլոգիան մարդու մարմնի օրգանների և համակարգերի պատկերների ուսումնասիրությունն է:

Ունենալով անգնահատելի ավանդ առողջապահության ոլորտում՝ լայնորեն օգտագործվում է բժիշկների կողմից՝ հիվանդությունները ախտորոշելու, վիրահատություններ պլանավորելու, հետազոտելու և օրգանիզմում նորագոյացություններ հայտնաբերելու համար:

Որպես բժշկության բաժին՝ ճառագայթային ախտորոշումը գոյություն ունի 1895 թվականից, երբ գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը հայտնաբերեց մարդկությանը մինչ այդ անհայտ ճառագայթները, որոնք հետագայում կոչվեցին նրա անունով:

Ի դեպ հայազգի բազմաթիվ գիտնականներ, բժիշկներ անգնահատելի մեծ ավանդ ունեն այս ոլորտում: Հայազգի աշխարհահռչակ գյուտարար Ռեյմոնդ Դամադյանն է հայտնագործել մագնիսական ռեզոնանսային պատկերի ախտորոշման սարքը, որը բժշկության մեջ կատարեց կարևորագույն հեղաշրջում՝ մի շարք հիվանդությունների ախտորոշման հարցում։

Վերջին ժամանակահատվածում բժշկական նորարարությունների և զարգացման գլխավոր պատասխանատուներն ինտերվենցիոն ռադիոլոգներն են: Ինտերվենցիոն ռադիոլոգիայի շնորհիվ ներկայումս գրեթե բոլոր օրգան-համակարգերում ճառագայթային ախտորոշման պատկերների հսկողության ներքո ախտորոշվում և բուժվում են բազմաբնույթ հիվանդություններ:

Back to top button