Վերնատուն

Միջնադարյան հայ բժշկարանները` հետազոտության և սովորելու ահռելի նյութ այսօրվա բժիշկների համար․ «Վերնատուն»

Մաշտոցյան Մատենադարանի ավագ գիտաշխատող, բժշկապատմաբան Դոնարա Կարապետյանը հինգ տասնամյակ և ավելի աշխատում է Մատենադարանում ուսումնասիրում է հայ միջնադարյան բժշկագիտությունը։

«Մենք պետք է շատ լայն պատկերացում ունենանք հայ բժշկարանների գիտական արժեքի մասին։ Ինչո՞ւ, որովհետև էստեղ կա և՛ բնափիլիսոփայություն, և՛ բնագիտություն, և՛ կիրառական բժշկագիտություն»,- ասում է Դոնարա Կարապետյանը՝ նշելով, որ Անիի, Կիլիկիայի, Ամասիայի և այլ բժշկագիտական դպրոցներում ստեղծվել են դարակազմիկ բժշկագիտական գործեր։

Ասում է, որ հայ բժշկագիտության առանձնահատկությունը պայմանավորված է հայկական բարձրավանդակի յուրօրինակությամբ, բուսական ու հանքային միջավայրի առանձնահատկությամբ և սրա արձագանքները կան համաշխարհային բժշկագետների շրջանում․ նրանք գրում են հայկական կավի, քարի, հազվադեպ բույսերի ու նրանց առողջական ներգործության մասին։

Դոնարա Կարապետյանն ասում է, որ միջնադարյան հայ բժշկագիտության մեջ տեսանելի են արդի բժշկագիտության բոլոր արձագանքները։

«Չունենալով 21–րդ դարի լաբորատոր, գործիքային, կենսաքիմիական հետազոտության այս ահռելի պաշարը՝ ախտորոշել են մի շարք հիվանդություններ՝ հիմնվելով հիվանդի գանգատների, հիվանդին ընդամենը զննելով, շոշափելով և լսելով։ Ինչքան նուրբ դիտողականություն ու բժշկագիտական փորձ պետք է ունենալ, որ այս բոլորը հասկանալ, ախտորոշելով ոչ միայն բազմաթիվ կլինիկական հիվանդություններ, այլ նաև հոգեկան՝ դեպրեսիաներ, մաշկային հիվանդություններ և այլն»։

Բժշկապատմաբանը նշում է, որ մեր բժշկարարանները գանձարան են, նրանք այսօրվա բժիշկների համար հետազոտության և սովորելու ահռելի նյութ են և դրանք այսօր համաշխարհային արձագանք ունեն։

Back to top button