Էկոսֆերա

Արարատյան դաշտում շրջանառու համակարգի ներդրումը կմեղմի ոռոգման խնդիրը․ ՇՄՆ. «Էկոսֆերա»

Արարատյան դաշտում գործում է մոտավորապես 130 ձկնաբուծարան, որոնք օգտագործում են արտեզյան ավազնի ջուրը։ Մասնագետները նշում են, որ սահմանված քանակությունից ավելի շատ ջուր է վերցվում։ Ի՞նչու են ձկնաբույծները դժգոհում օրենսդրական փոփոխություններից, ո՞րն է իրականում տարիների ընթացքում կուտակված խնդիրների լուծման ճանապարհը:

Նոյեմբերի վերջին ընդունված՝ ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր, ձկնաբույծների շրջանում բողոքի առաջացման առիթ է դարձել։ Նրանք պահանջում են փակել նախ ապօրինի և տիրազուրկ հորերը, հետո անցնել ձկնաբույծներին։ Ապօրինի հորերի մասով ձկնաբույծների պահանջն արդարացի է, սակայն խնդիրը միայն ապօրինի հորերը չեն, խնդիրը նաև սահմանված քանակությունից ավելի ջրառն է։

Ջրային ոլորտի մասնագետները պնդում են, որ խնդիրը սրվել է վերջին 10-15 տարվա ընթացքում, երբ սկսեց ձկնաբուծարանների ինտեսիվ զարգացումը։ Այսօր Արարատյան դաշտում ունենք լրջագույն խնդիր՝ արտեզյան ջրավազանի մակարդակի կտրուկ նվազում, որը նախևառաջ ոռոգման և խմելու ջրի աղբյուր է։ Այսպես՝ ջրային ռեսուրսների փորձագետ, հիդրոլոգ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Բենյամին Զաքարյանը նշում է, որ ջրավազանից արդյունահանվում է 700 մլն ավելի, քան սահմանված է։ Մասնագետը համոզված է, որ ջրավազանից դուրս եկող ջրաքանակությունը պետք է հետ մղել դեպի Արարատյան դաշտ, որպեսզի քիչ թե շատ իրավիճակը կայունանա։ Սա էլ հենց այն է, ինչի մասին նշված է փոփոխությունների նախագծում՝ ներդնել համակարգեր, որոնք թույլ կտան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը:

Շուրջ 130 ձկնաբուծարաններից շատ քչերն են ջուրը հետ մղում ոռոգման համակարգով։ Օգտագործված ջուրը հիմանականում հեռացվում է դրենաժային համակարգով։ ՇՄՆ ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրահամյանը հայտնում է՝ տնտեսվարողները խուսափում են լրացուցիչ ֆինանսական ծախեսրից։

Back to top button