ԽոշորացույցՀաղորդումներ

Երբ չնկատեցինք, որ հաղթանակից 30 տարի հետո հայտնվել ենք այլ ժամանակում. «Խոշորացույց»

Արցախի հայաթափմանը նախորդած շրջափակման ողջ ընթացքում լրատվական ժապավեններում հաճախ էր երեւում Լեմկինի ինստիտուտի անունը, որը շարունակական հայտարարություններով փորձում էր դատապարտել ու կանխարգելել Արցախում կատարվող  ցեղասպանությունը։ Արդեն սեպտեմբերի 25-ին Լեմկինի ինստիտուտը X-ի (նախկին Թվիթերի) իր էջում հայտարարեց.  «Մենք հույս ունեինք, որ այս միակ դեպքում, ցեղասպանության կանխարգելման այս փոթորկի մեջ կգտնվի լուրջ իշխանություն ունեցող մի խիզախ ձայն, որը ճիշտ կվարվի»։

Մարդկությունը չի փոխվում, այն մնացել է նույնը եւ առաջնորդվում է ոչ թե բարոյական, էթիկական նորմերով, իրավական չափորոշիչներով, այլ սեփական շահերով, ասում է ցեղասպանագետ Սուրեն Մանկուկյանը։

Այն,  ինչ կատարվեց Արցախում, դրա արտահայտությունն է, ասում է նա. աշխարհաքաղաքական շահերն այնպես դասավորվեցին, որ չգտնվեց մի ձայն, կառավարություն, որ խիզախություն կունենար կանգնեցնել կատարվածը։

1946 թվականի դեկտեմբերի 11-ին Ռաֆայել Լեմկինի առաջարկով Միավորված ազգերի կազմակերպությունը ցեղասպանությունը ճանաչեց որպես միջազգային ոճիր, իսկ արդեն երկու տարի անց` 1948 թվականի դեկտեմբերի 9-ին Գլխավոր վեհաժողովը ընդունեց Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիան։ Կոնվենցիայի ընդունումից 75 տարի հետո էլ ցեղասպանություններն աշխարհում շարունակվում են։

Սուրեն Մանուկյանը նշում է, որ հայերս պատմությունն ուսումնասիրում ենք քարացած տվյալ ժամանակաշրջանի համար, բայց պիտի հիշել, որ մարդկային հասարակությունը փոփոխվող երեւույթ է եւ այն կանոնները, որոնք աշխատում էին 30 տարի առաջ, որոնք համընդհանուր էին 75 տարի առաջ, կարող են որոշ ժամանակ հետո կիրառելի չլինել։

Ցեղասպանագետն արձանագրում է, որ Արցախի հաղթական պատերազմից 30 տարի հետո հայտնվել էինք լրիվ այլ իրավիճակում եւ մենք չնկատեցինք, որ եկել է ժամանակը փոխելու մեր դաշնակիցների, միջազգային քաղաքականության եւ պետության նկատմամբ մեր մեր վերաբերմունքը։

Ժողովրդավարության եւ լիբերալիզմի գաղափարներն այսօր արդեն ստորադասվում են պետական ինքնիշխանությանը, ազգային անվտանգությանն ու ազգային ուժեղ պետություններին, ասում է Սուրեն Մանուկյանը։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ցեղասպանության քաղաքակրթությունը. թեմայի շուրջ խոսում ենք ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի հետ։

Back to top button