ԿարևորՔաղաքական

Վաշինգտոնը Բաքվին փորձում է կառավարելի հուն վերադարձնել․ Արմեն Պետրոսյան

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Բաքուն խախտում է ամերիկյան կողմի հետ հստակ պայմանավորվածությունները, արհամարհում ամերիկյան միջնորդական առաջարկները․ օրինակը վաշինգտոնյան բանակցություններից հրաժարումն է` «Ռադիոլուրի»-ի հետ զրույցում ասում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Ըստ նրա` ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի  այցի միջոցով Վաշինգտոնը նաև ակնարկում է, որ նման մոտեցման կամ քաղաքականության շարունակման դեպքում Ադրբեջանի համար հետևանքներն առավել ծանր կարող են լինել։ Սակայն սրանք, փորձագետը, կիսաքայլեր է որակում, որոնք, ըստ նրա, ընդամենը նախազգուշացում են և ոչ ավելին։

«Նման մարտավարության նպատակն է Ադրբեջանին վերադարձնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց արևմտյան հարթակներում առկա օրակարգի շրջանակներում։ Ադրբեջանը՝ որպես երկիր, բավականաչափ կարևոր է ԱՄՆ–ի համար, և Վաշինգտոնին հարավկովկասյան այս տարածաշրջանն ամբողջովին է անհրաժեշտ և ոչ Հայաստանը, Վրաստանը կամ Ադրբեջանն առանձին։ Պաշպանելով միայն հայկական շահը՝ ԱՄՆ–ն Ադրբեջանին կմղի Ռուսաստանի և Իրանի գիրկը, ինչը հակասում է ամերիկյան շահերին, ուստի Վաշինգտոնը կրկին դիմել է դիվանագիտական գործիքակազմին` Ադրբեջանին առավել կառավարելի քաղաքականության հուն վերադարձնելու նպատակով»,- նշում է փորձագետը։

Անդրադառնալով դեկտեմբերի 6-ին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանն աջակցելու օրակարգով Բաքու այցին՝ Արմեն Պետրոսյանը նշում է, որ Միացյալ Նահանգների հիմնական խնդիրը թույլ չտալն է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը վերադառնա տարածաշրջանային ձևաչափ։

Ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան դիվանագետը հայտարարել էր,  թե Ադրբեջանի հետ հարաբերությունները սեպտեմբերի 19-ից հետո նորմալ չեն լինի, քանի դեռ առաջընթաց չի գրանցվել  խաղաղության շուրջ բանակցություններում։ «Այդ պատճառով չեղարկել ենք մի քանի բարձրաստիճան այցեր, դատապարտել ենք Բաքվի գործողությունները։ Ադրբեջանին ռազմական աջակցությունն արգելող 907-րդ լրացումն էլ կմնա ուժի մեջ, քանի դեռ իրավիճակը չի բարելավվել», — նոյեմբերի 15-ին հայտարարել էր պետքարտուղարի օգնականը` շեշտելով, որ Բաքուն հիմա ուժի դիրքերից է խոսում բանակցություններում, սակայն, նույնիսկ հաղթող կողմը պետք է իմանա՝ երբ է պետք կանգ առնել և գործարք կնքել՝ առավել շահավետ առաջարկի սպասելու փոխարեն։

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի այս ուղերձը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին փոխանցելու համար ամերիկյան միջնորդները նաև Թուրքիայի հետ են աշխատում։ «Մենք փորձում ենք ճանապարհ հարթել, որը հստակ ցույց է տալիս՝ ինչ առավելություններ կլինեն խաղաղության գնալիս, և թե ինչ գին պետք կլինի վճարել դրանից խուսափելու դեպքում»,- հայտարարել է ամերիկյան պետքարտուղարության բարձրաստիճան դիվանագետը։

Back to top button