Մարդու առողջ, լիարժեք և երջանիկ կյանքի կարևոր բաղկացուցիչներից են առողջ թոքերը՝ շնչառական զույգ օրգանները, որոնք կատարում են օրգանիզմի համար անչափ կարևոր գործառույթ:
Մարդը չի կարող գոյություն ունենալ առանց շնչելու, հետևաբար և՝ առանց թոքերի: Թոքերն են նպաստում մարմնի բոլոր հյուսվածքների թթվածնով մատակարարմանը` միաժամանակ դուրս բերելով ածխաթթու գազը, հետևաբար թոքերի առողջությունն անչափ կարևոր է մարդու կյանքի համար:
Թոքերի, ինչպես նաև շնչառական համակարգի հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգելմամբ են զբաղվում թոքաբանները։ Մասնագիտությունը չափազանց պատասխանատու է, բարդ և կարևոր, պահանջում է առավելագույն մասնագիտական գիտելիքներ, անընդհատ կատարելագործում ու վերապատրաստում:
Մեր ժամանակներում թոքերի հիվանդություններից խուսափելը դառնում է ավելի դժվար. ծխախոտ, իմունային համակարգի թուլացում, տարբեր վարակների և վիրուսների շրջանառություն, շրջակա միջավայրի աղտոտվածություն, ավտոմեքենաների, գործարանների վտանգավոր արտանետումներ, կենցաղային քիմիական նյութերի առատություն, թոքերի ֆունկցիայի վրա բացասաբար ազդող բազմաթիվ այլ գործոններ։
Այդ ամենը կարող է հանգեցնել թոքերի հիվանդությունների, բայց չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր հիվանդության լավագույն բուժումը կանխարգելումն է:
Զրույց թոքաբան, Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանի հետ։