Վերնատուն

«Սովորական մարդ», որ պաշտպանում է «սովորական հայրենիքը»․ «Վերնատուն»

«Կամք Վ. Սարգսյան գրական մրցույթի» առաջին մրցանակակիրը 44–օրյա պատերազմի մասնակից Նարեկ Վարդանյանն է իր «Սովորական հայրենիք» պատմվածքով։

Պատմվածքում Նարեկ Վարդանյանը խոսում է մարդկանց մասին, որոնք ծնվել են ոչ թե հերոսներ դառնալու, այլ ուղղակի ապրելու համար։

Ասում է՝ հայրենիքը պաշտպանելու համար պարտադիր չէ հերոս լինել, այլ սովորական մարդ, որը պաշտպանում է սովորական հայրենիքը։

«Ես հենց սկզբից փորձել եմ գրել ինձ համար։ Ի՞նչ արեցի, ի՞նչ եղավ, ի՞նչ է կատարվում մեզ հետ, այս հարցերի պատասխանն էի փորձում հասկանալ։ Ես կամավոր եմ մասնակցել պատերազմին։ Մեկ ամիս կոմայի մեջ եմ անցկացրել, մեկ տարի սայլակին, երկար ժամանակ վերականգնողական փուլ, որը հիմա էլ շարունակվում է։ Փորձում էի ընդհանրացնել և հասկանալ՝ որտեղից սկսեցինք, ուր հասանք», – ասում է Նարեկ Վարդանյանը։ Իր գրածը համարում է հայացք պատերազմին։ Մարդ, ով նայում է պատերազմին և փորձում կատակել, զվարճանալ, կառչել ինչ–որ բանից և շարունակել ապրել։ «Պարտությունը եղավ սկզբում բարոյական մակարդակում, հետո ֆիզիկապես պարտվեցինք», – ասում է Նարեկը։

«Կամք Վ. Սարգսյան գրական մրցույթի» պատասխանատու Սոնա Վերդյանը, խոսելով մրցույթի նպատակների մասին, նշում է, որ մրցույթին դիմած 64 մասնակիցներից 32 –ը պատերազմի մասնակից են։

«Այս մրցույթը երկակի ապաքինման հնարավորություն է, որովհետև որպես հասարակություն մենք ունենք շատ բացեր, որոնք մեզ հնարավորություն չեն տալիս պատերազմն անցած անձանց ապրումները ճիշտ գնահատելու, ապրումակցելու, վերագնահատելու։ Պատերազմն անցած և պատերազմին չմասնակցած մարդկանց միջև ավելի առողջ հարաբերություններ ստեղծելու համար է», – ասում է Սոնա Վերդյանը՝ հավելելով, որ բացի նրանից, որ մրցույթը վավերագրում է ժամանակաշրջանը, այն նաև հնարավորություն է՝ բացահայտելու և վերանայելու ճշմարտություններն ու սխալները։

Նարեկ Վարդանյանն ասում է, որ գրել սկսել է անհաջողությունների տարափից, նշում է, որ իր համար բոլոր ժամանակների լավագույն գիրքը Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգությունն» է, քանի որ սեր, բարություն ու մարդասիրություն է քարոզում։

Պատմում է նոր պատմվածքի մասին, որն անդրադառնում է «ժանգոտ հոգիների, մարդկանց անուշադրության, արհամարհանքի, մարդկային վատ կողմերի, այն ամենի մասին, ինչը պիտի փորձենք փոխել մեր հասարակության ու հանրության մեջ։ Փորձենք փոխել ու ամենակարևորը՝ իրար ավելի շատ սիրենք»։

Իսկ վերջում այսպես է ամփոփում․ «Եթե մարդ ծնվում է մեկ անգամ, մի նշանակալի ու կարևոր բան պիտի անի, իսկ հայրենիքի պաշտպանությունից ավելի կարևոր բան կամ դրան հավասար բան չկա, իմ կարծիքով, և դա իմ կյանքի ամենակարևոր որոշումներից մեկն է եղել, որ ես կայացրել եմ»

Back to top button