Երաժշտական եռանկյունի

Վարդան Գաբոյան. դեպի սիմֆոնիկ ռոք. «Երաժշտական եռանկյունի»

Վարդան Գաբոյանի հետ առիթներ ունեցել ենք զրուցելու մեր տաղավարում՝ հիմնականում անդրադառնալով նրա հեղինակային ստեղծագործություններին, այնինչ Հայաստանում նա հայտնի է նաև որպես  բազմաժանրային արտիստ. փոփ երաժշտությունից մինչև ռոք, դասականից մինչև ջազ:

Ավարտելով Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական ջազային քոլեջը՝ նա համագործակցել է տարբեր խմբերի հետ, իսկ 1996 թ. սկսել է դասավանդել Գյումրու թիվ 7 երաժշտական դպրոցում:

Նրա ավանդը քաղաքի կրթության մեջ բարձր է գնահատվել, Վարդան Գաբոյանը արժանացել է Գյումրու լավագույն ուսուցչի բարձր կոչմանը: Բեկումնային է եղել նրա տեղափոխվելը մայրաքաղաք, ուր նա համագործակցել է «Սակվոյաժ» էթնիկ ռոք և Գրուվ ին բենդ» ֆանկ խմբերի, ինչպես նաև հայկական էստրադային տարբեր մեներգիչների հետ: Համերգներով հանդես է եկել տարբեր եվրոպական երկրներում և Մերձավոր Արևելքում: Մեծ ճանաչման է հասել նվագելով երաժշտական հեռուստատեսային շոուներում՝ «Հայ սուպերստար», «Երկու աստղ», «Իքս ֆակտոր», «Երգ երգոց»:

Ունի թողարկած երկու սկավառակ: «Ինձ համար շատ անսպասելի էր, երբ կոմպոզիտոր, գործիքավորող Մարտին Ուլիխանյանը դիմեց ինձ՝ պատմելով Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի նոր՝ «Սիմֆոնիկ ռոք» համերգային նախագծի մասին: Ծրագիրն ընդգրկում էր համաշխարհային ճանաչում ունեցող խմբերի և կատարողների ստեղծագործությունները, 20-րդ դարի 60-ականներից մինչև 21-րդ դար՝ «Բիթլզ», «Դիփ Փարփլ», «Լեդ Զեփլին», «Սիստեմ օֆ ը դաուն», «Ռամշտեյն», այսինքն այն ամբողջ երաժշտական նյութը, որը հիմք է հանդիսացել իմ անձնական կրթության և ուսման համար»,- խոստովանում է Վարդան Գաբոյանը:

Ծրագրի հիմքում ընկած հանրաճանաչ ռոք ստեղծագործությունները պետք է ներկայացվեին գործիքավորմամբ՝ սոլո կիթառի, ռոք խմբի և մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար: Ծավալուն աշխատանքն իր արդյունքը տվեց, մի քանի անշլագային կատարումներից հետո այն դարձավ հանդիսատեսի կողմից սիրված և պահանջված:

Համերգային ծրագիրն այնպես է ստեղծված, որ ստեղծի ընդհանուր պատկերացում ռոք երաժշտության 50-ից ավելի տարիների ընթացքի մասին: Ներկայացված են ամենատարբեր ժանրերը՝ բիթ-ռոք, ծանր մետալ, գրանժ, փոփ-ռոք, ալտերնատիվ ռոք ուղղությունները: Մենակատար երաժշտից պահանջվում է ոչ միայն բարձր կատարողական արվեստ, այլ նաև ճկունություն, որպեսզի նվագը համահունչ լինի իրարից տարբերվող ժամանակաշրջանների և երաժշտական տեսակների յուրահատկություններն ընդգծվեն, ինչը և փայլուն կերպով հաջողվում է Վարդան Գաբոյանին:

Back to top button