Մոռացված ֆիլմերի ստվերները

Հարատևելու առեղծվածը. «Սերոբի ծառը» ֆիլմը. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Կինոռեժիսոր Հովիկ Հախվերդյանի հիմնական տարերքը  վավերագրությունն էր, բայց նա ստեղծագործեց նաև խաղարկային կինոյի ժանրում, հանդիսատեսին թողնելով կարճամետրաժ ֆիլմեր, որ մի քանի անգամ էկրանին ցուցադրվելուց հետո մոռացվեցին։

Հովիկ Հախվերդյան

Արվեստի, գրականության մթնոլորտում մեծացած կինոռեժիսոր Հովիկ Հախվերդյանը, թեև պատանության տարիներին երազում էր դառնալ երկրաբան, բայց ճակատագիրը նրա համար այլ ճանապարհ էր կանխորոշել։ Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետն ավարտելուց հետո եղբոր՝ թատերագետ, թարգմանիչ Լևոն Հախվերդյանի հորդորով նա մտավ կինոյի, հեռուստատեսության ոլորտ։ Անցյալ դարի 60-ականերին Հովիկ Հախվերդյանը աշխատանքի ընդունվեց «Հայֆիլմ» կինոստուդիա, երկար տարիներ հեռուստատեսությունում աշխատեց որպես ռեժիսոր, իսկ երբ բացվեց  հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիան, տեղափոխվեց այնտեղ։

«Կեսդարյա վավերագրություն», «Հակոբ Կոջոյան», «Վասպուրական», «Ավետիք Իսահակյան»․ սա վավերագրական ֆիլմերի ոչ լրիվ ցանկն է, որ նկարահանեց Հովիկ Հախվերդյանը «Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատելու տարիներին։ Իսկ 1976 թվականին նա ստեղծեց իր առաջին խաղարկային կարճամետրաժ՝ «Ճանապարհին»  ֆիլմը, որի էկրան բարձրանալուց երկու տարի անց նա արդեն աշխատում էր «Սերոբի ծառը» ֆիլմի վրա։

Վերջինս պարունակում է հստակ ուղերձ՝ եթե ապրում ես ուրեմն պետք է գնահատես կյանքը։ Կյանքը իրապես սիրող ու գնահատող Հովիկ Հախվերդյանը ֆիլմի ստեղծագործական կազմում ընդգրկեց իր նման կյանքին սիրահարված մարդկանց, որոնց թվում էր հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի երիտասարդ ռեժիսոր Արտավազդ Դավթյանը։

«Սերոբի ծառը» ֆիլմը հիմք դրեց Հովիկ Հախվերդյան- Արտավազդ Դավթյան ստեղծագործական զույգի երկար տարիների ստեղծագործական համագործակցությանը։ Արտավազդ Դավթյանը «Սերոբի ծառը» ֆիլմում ռեժիսորի ասիստենտի պարտականությունները ստանձնելուց հետո ծանոթացավ սցենարին, ծանոթացավ դուդուկահար Վաչե Հովսեփյանի հեղինակած երաժշտությանն ու մեծ ոգևորությամբ գործի անցավ։

Արտավազդ Դավթյան

«Անկեղծ ասած, երբ ես գիտակցեցի, թե ինչպիսի անվանի դերասանների հետ եմ շփվելու նկարահանման հրապարակում, իմ ուրախությանը չափ ու սահման չկար։ Իմիջիայլոց «Սերոբի ծառը» այն միակ ֆիլմն է, որի երաժշտության հեղինակը դուդուկահար Վաչե Հովսեփյանն էր և նա շատ ճիշտ հասկացավ, թե ինչպիսի երաժշտություն է հարկավոր ֆիլմին»,-ասում է Արտավազդ Դավթյանը։

«Սերոբի ծառը» ֆիլմի դերասանական կազմում ընդգրկվեցին Սունդուկյան թատրոնի առաջատար դերասանները՝ Ազատ Շերենց, Ավետիք Ջրաղացպանյան, Վաղինակ Մարգունի, Աշոտ Ներսիսյան։ 70-80-ականների թատերական աշխարհում ճանաչված ու սիրված այս  դերասանների կողքին իր առաջին էպիզոդիկ կինոդերն էր կերտում օպերային արվեստում վաստակ ունեցող Հենրիկ Ալավերդյանը։ «Սերոբի ծառը» ֆիլմը օպերային ճանաչված երգչի համար եղավ դեպի կինո առաջին քայլը։

«Ի դեպ Հենրիկին բոլորը Բասո էին անվանում։ Նա շատ լավ էկրանային կերպար էր։ Փոքրիկ մի էպիզոդ է, մի քանի րոպե տևողությամբ երկխոսություն, բայց նա շատ տիպիկ մարմնավորեց իր դերը»,-նշում է Արտավազդ Դավթյանը։

«Հին օրերի երգը», «Խոշոր շահում», «Հրդեհ», «Ճերմակ անուրջներ» « Հայֆիլմ» կինոստուդիայի  մեծ հաջողություն գրանցած, երբևէ չհնացող այս ֆիլմերում Հենրիկ Ալավերդյանը մարմնավորեց տարբեր կերպարներ։

«Ֆիլմում նկարահանվելու յուրաքանչյուր հրավեր նրան երջանկացնում էր»,-ասում է Հենրիկ Ալավերդյանի դուստրը՝ Մարո Ալավերդյանն ու ավելացնում․ «Հայրս իր էությամբ արվեստագետ էր, որը ցանկանում էր նվաճել արվեստի նոր ճյուղեր։ Օպերայի բեմում տարբեր դերերգերով հանդես գալուն զուգահեռ նա նկարում էր, քանդակում, ուսումնասիրում օտար լեզուներ, պարսկերենից հայերեն էր թարգմանում Օմար Խայամի քառյակները և այլն։

Միակ ժանրը, որտեղ նա  գործունեություն չէր ծավալել, կինոն էր։ Եվ երբ վերջապես առաջարկ ստացավ, թեկուզ փոքրիկ դերով հանդես գալ ֆիլմում, ամբողջ գիշեր ոգևորությունից չքնեց․ վերընթերցում էր սցենարը, մտածում, թե ինչպես պետք  է մարմնավորի իրեն վստահված դերը»,- ասում է Մարո Ալավերդյանը։

Մարո Ալավերդյան

Նկարահանման և մոնտաժային աշխատանքներն ավարտելուց հետո տեղի ունեցավ «Սերոբի ծառը» ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան, որ շատ ջերմ արձագանքներ ունեցավ։ Սակայն 90-ականների էներգետիկ ճգնաժամը կոտրեց ֆիլմի հաջողության ընթացքը։ Արտավազդ Դավթյանը վստահ է, որ «Սերոբի ծառը» ֆիլմը յուրահատուկ է, ներկայացվող թեման էլ արդիական է բոլոր ժամանակների համար։

«Գիտեք, այսօր ապրում ենք շատ խառը ժամանակներ, և ակամայից ուզում ես պարզել , թե այս ամենի վերջը ինչ է լինելու։ Իսկ պարզելու համար ապրել է պետք։ Այդպիսի իրավիճակում հայտնվեց կնոջն ու ընկերներին հրաժեշտ տվող Սերոբը։ Հանկարծ հիշեց մի բան, որն իր մեջ  ապրելու ցանկություն առաջացրեց»,-ասում է Արտավազդ Դավթյանը։

Հովիկ Հախվերդյանը նպատակ ուներ «Սերոբի ծառը» ֆիլմի բոլոր հերոսների մասին առանձին ֆիլմեր նկարահանել, որ կամբողջացնեին այն տարիների երևանյան մթնոլորտը։ Ցավոք, դա իրականություն չդարձավ։ «Սովետական գրաքննություն» ասվածը խափանեց նրա հետաքրքիր գաղափարը, իսկ այդ շարքի առաջին՝«Սերոբի ծառը» ֆիլմն էլ էկրանային կարճ կյանք ունեցավ։

Back to top button